ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի և «C-Squared» ընկերության աջակցությամբ, ներկայացրեց «Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ, որը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին: Համերգի ընթացքում հնչեցին հայկական սիրված ֆիլմերի մեղեդիներ:
Համերգի հասույթի մի մասը տրամադրվելու է Ջիվան Ավետիսյանի «20 20-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
Այս առիթով զրուցեցինք «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի հիմնադիր, գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանի հետ
«Իրականացվեց այս տարվա մեր ամենամասշտաբային, ամփոփիչ միջոցառումը: Ամփոփվեց տարին, հիմնադրամի գործունեությունը, նաև հիշատակվեց պատերազմում զոհված եղբորս տարեդարձը:
Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես, մեր լավ ընկեր` Գևորգ Յաղջյանի շնորհիվ, ծանոթացա կինոմատոգրաֆ Ջիվան Ավետիսյանի հետ, տեղեկացա, որ նա մեծ, հավակնոտ ֆիլմ է նկարահանելու, և իր անցած ուղին վստահեցնում է, որ հաջողելու է: Ցավոք, պատերազմի բժիշկների հարցը թերագնահատված է, իրական հերոսները կամ ֆիզիկապես չկան, կամ այնքան համեստ են, որ, սովորաբար, չեն բարձրաձայնում իրենց մասին: Շատ կարևոր է գտնել նրանց, պատմություններն իմանալ և էկրանավորել, որովհետև մարդիկ ապրում են, քանի դեռ նրանց հիշում ենք և շարունակում իրենց սկսած գործը:
Կարևորում եմ Ջիվանի նախաձեռնությունը, ուստի որոշեցինք մեր մասնակցությունն ունենալ այդ ազգանպաստ գործին՝ համերգի հասույթի 10 տոկոսը նվիրելով ֆիլմի ստեղծման աշխատանքներին:
Մեզ համար շատ կարևոր է այս միջոցառումը և՛ թեմայի ընտրության, և՛ խորհրդանշանային առումով: Ուրախ եմ, որ այս բարեգործական համերգի շրջանակում ստացվեց ներգրավել Ջիվան Ավետիսյանին:
Շնորհակալ եմ նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Համերգից անմիջապես հետո` գիշերը, մեկնում էին Չինաստան՝ հյուրախաղերի, բայց պատրաստակամ և պրոֆեսիոնալ ներկայացան, և երկրորդ տարին է, ինչ հաջողվում է մեր համագործակցությունը:
Զրուցեցինք նաև «20 20-ի հրեշտակները» նկարահանվող ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:
«Շնորհակալություն «Վահե Մելիքսեթհան» հիմնադրամին «20 20-ի հրեշտակները» ֆիլմին աջակցելու համար, շնորհակալություն բուժաշխատողներին, որոնք որևէ կերպ մասնակցել են 2020 թվականի պատերազմին, շնորհակալություն բժիշկներին, բուժաշխատողներին, ովքեր մեկնել են Արցախի Հանրապետություն թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից:
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում լուսահոգի Վահե Մելիքսեթյանին՝ Հայրենիքին իր անմնացորդ նվիրման համար:
«20 20-ի հրեշտակները» ֆիլմը պատմում է պատերազմին մասնակից բժիշկների աշխատանքի և համբերության մասին: Ֆիլմը որևէ կոնկրետ բժշկի մասին չէ, կերպարները հավաքական են, սցենարը կառուցված է 50-ից ավելի բժիշկների հետ զրույցների հիման վրա:
Մենք բաց ենք համագործակցության համար, բաց ենք լսելու յուրաքանչյուր բժշկի, բաց ենք ընդունելու յուրաքանչյուր աջակցություն, որպեսզի կարողանանք է՛լ ավելի ներկայանալի ֆիլմ կյանքի կոչել և ամբողջ եղելությունը լավագույն պատմել ամբողջ աշխարհին»: