Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում

Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում

Բոլորիս հայտնի է արևահամ այս պտուղը։ Նուրբ և հյութալի պտղամիսը, թավշյա կեղևը ոչ մեկին անտարբեր չի թողնում։
Հայաստանում գեթ մեկ անգամ եղած ճանապարհորդները, ովքեր հնարավորություն են ունեցել փորձելու հայկական ծիրանը, հազիվ թե մոռանան վերջինիս համը կամ այն շփոթեն այլ երկրներում աճող ծիրանի հետ։ Հայաստանից հեռու ապրող հայերի համար հայրենիքի կարոտը հաճախ ծիրանի համն ու բույրն ունի։ Ծիրանը համարվում է Հայաստանի ամենատարածված խորհրդանիշներից մեկը։ Նույնիսկ ծիրանի լատինական անվանումը՝ Prunus Armeniaca, հուշում է, որ այն հայկական միրգ է։
Ծիրանը սիրված միրգ է, քանի որ հասնելուց հետո նրա պտղամսում կուտակվում են մեծ քանակությամբ շաքարներ, ինչը ծիրանն ավելի քաղցր և համեղ է դարձնում։ Իզուր չէ, որ անհիշելի ժամանակներից արևելյան շուկաներում վաճառում էին ծիրանաչրից պատրաստված բազմատեսակ քաղցրավենիքներ։ Իր քաղցր համի շնորհիվ այն կարող է գերազանց աղանդեր լինել՝ փոխարինելով պաղպաղակին և կալորիական թխվածքներին։


Հայկական ծիրանի պատմությունից


Ծիրանը Հայաստանում հայտնի է հնագույն ժամանակներից։ Այն այստեղ աճեցվում է այնքան հնուց, որ նույնիսկ կարծիք կա, թե ծիրանի հայրենիքը Հայաստանն է։ Գառնիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ծիրանի կորիզներ։ Շատ գիտնականներ պնդում են նաև, որ Ալեքսանդր Մակեդոնացին ծիրանը Հայաստանից է տարել Հունաստան։


Հռոմեացիները ծիրանը կոչեցին հայկական խնձոր։ Այս անվանումը պահպանվել է նաև բուսաբանության մեջ՝ «Armeniaca vulgaris»։ Ներկայում որոշ փորձագետներ կարծում են, որ արևմտյան երկրները ծիրանի մասին իմացել են հայ վաճառականների շնորհիվ:
Սակայն այլ տեսություններ ժխտում են այն փաստը, որ ծիրանի հայրենիքը Հայաստանն է, և որպես ծիրանի առաջացման կենտրոն նշում են Հնդկաստանը և Չինաստանը։ Չնայած մրգի ծագման մասին առկա տարակարծություններին` ոչ-ոք չի կարող ժխտել, որ Հայաստանում աճող ծիրանը լիովին տարբերվում է այլ երկրների ծիրանից։ Եվ շատ դժվար է հայկական ծիրան գտնել Հայաստանի սահմաններից դուրս։


Ըստ լեգենդի՝ միակ ծառը, որ Նոյն իր հետ տարավ տապան, ծիրանենին էր։ Ջրհեղեղը պտղատու շատ ծառեր ոչնչացրեց, սակայն ծիրանենին չվնասվեց։

 

Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում


Հայկական դուդուկ՝ ծիրանափող


Պատահական չէ, որ ամենահայտնի հայկական երաժշտական գործիքը՝ դուդուկը, կոչվում է նաև ծիրանափող: Հայկական դուդուկը պատրաստվում է բացառապես ծիրանենուց: Այս նվագարանի արմատները հասնում են մինչև Տիգրան Մեծի ժամանակները: Ծիրանափողը պատկերված է նաև միջնադարյան շատ մանրանկարներում:


Ծիրանի սննդային արժեքը


Ծիրանի պտուղները հարուստ են կարոտինով, վիտամիններով (C, B1, P, PP), խնձորա-, կիտրոնա-, գինե- և սալիցիլաթթուներով, կալիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, երկաթով, յոդով, դաբաղանյութերով, պեկտիններով, ինուլինով, շաքարներով, բջջանյութով: Ծիրանը ցուցաբերում է հակաայտուցային, լուծողական և միզամուղ ազդեցություն: Ծիրանի պտուղներն օգտակար են ուղեղի ակտիվության թուլացման և հիշողության անկման, սակավարյունության և հեմոգլոբինի իջեցման, հիպերտոնիայի, սրտի և անոթների գործունեության խանգարման, երիկամների հիվանդությունների, ճարպակալման և փորկապության, խոլեսթերինի բարձրացման, ծանր մետաղական աղերով թունավորման, ուղեղի գերաշխատանքի ժամանակ:


Կիրառումը բժշկության մեջ


Ծիրանը ճանաչվել է որպես սրտի համար ամենաօգտակար միրգ: Չինացի հետազոտողները փորձարկել են մի շարք մրգեր` սրտի համար դրանց օգտակարությունը բացահայտելու նպատակով: Պարզվել է՝ իր առողջարար հատկություններով առաջատարը ծիրանն է: Glob-news.ru-ի հաղորդման համաձայն՝ այն սիրտ-անոթային համակարգը պահում է տոնուսի մեջ և օրգանիզմը պաշտպանում մի շարք հիվանդություններից:


Ինչպես պարզվել է, սրտի վիճակի վրա ծիրանի դրական ներգործությունը պայմանավորված է կալիումի պարունակությամբ: Այս տարրը լավացնում է անոթների վիճակը, օգնում օրգանիզմից հեռացնել թույները և մասնակցում է զարկերակային ճնշման կարգավորմանը:


Կալիումի աղերով հագեցած ծիրանի պտղամիսը խորհուրդ է տրվում ներառել բոլորի սննդակարգում, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով: Հայտնի է, որ թարմ մրգերը պարունակում են մոտավորապես 305 մգ կալիումի աղ, իսկ ծիրանաչիրը՝ 5-6 անգամ ավելի շատ: Չրերում պարունակվող կալիումը, նաև երկաթը, շատ օգտակար են սակավարյունությամբ տառապող մարդկանց համար: Ծիրանաչիրը օգտակար է նաև արյան շրջանառության վատացման, միասթենիայի, սրտի ռիթմի խանգարումների և այլ ախտահարումների դեպքում:

 

Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում


Ուղեղի շարժիչը: Ծիրանն, իրավամբ, կարող է համարվել ուղեղի գործունեության շարժիչ: Այն բարելավում է հիշողությունը և օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր զբաղվում են մտավոր աշխատանքով:


Ոսկրերի առողջությունը: Ծիրանը պարունակում է հանքանյութերի զգալի քանակություն, որն անհրաժեշտ են ոսկրերի առողջ աճի համար: Կալցիումը, ֆոսֆորը, մանգանը, երկաթը, պղինձը օգտակար հանքանյութեր են և որոշակի դեր ունեն ոսկրային հյուսվածքի ձևավորման գործընթացում: Հետևաբար, ծիրանը օգտակար է ոսկրերի առողջ աճի և զարգացման համար, ինչպես նաև տարբեր տարիքային հիվանդությունների, այդ թվում` օստեոպորոզի կանխարգելման համար:


Ականջացավ: Ծիրանի յուղն օգնում է ականջացավի ժամանակ, ազդեցության մեխանիզմը մինչև վերջ ուսումնասիրված չէ: Ցավը մեղմացնելու համար անհրաժեշտ է մի քանի կաթիլ կաթեցնել ականջի մեջ: Գիտնականները ծիրանի այս հատկությունը կապում են մրգի եթերային յուղերում պարունակվող հակաօքսիդանտների հետ:


Ջերմություն: Հաճախ բարձր ջերմությամբ հիվանդներին տալիս են ծիրանի հյութ, քանի որ այն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ, հանքանյութեր, կալորիաներ և ջուր, որոնք նպաստում են տարբեր օրգաններից թույների հեռացմանը: Ջերմությունը իջեցնելու նպատակով ոմանք կիրառում են շոգեխաշած ծիրան: Այն ունի հակաբորբոքիչ, ջերմիջեցնող ազդեցություն: Բացի այդ, այն նվազեցնում է բորբոքումը, օրինակ, արթրիտի կամ պոդագրայի ժամանակ:


Սակավարյունություն: Ծիրանում պարունակվող երկաթը և պղինձը մասնակցում են հեմոգլոբինի ձևավորմանը: Այս հատկությունն օգնում է սակավարյունության բուժման ժամանակ: Երկաթը, ինչպես նաև պղինձը, մեծ դեր ունեն արյան բջիջների ձևավորման գործընթացում:


Քաղցկեղ: Համարվում է, որ ծիրանի կորիզներն օգնում են քաղցկեղի բուժմանը: Ծիրանում պարունակվող կարոտինոիդները և հակաօքսիդանտները ոչնչացնում են ազատ ռադիկալները, որոնք բջջային մետաբոլիզմի վտանգավոր կողմնակի արդյունքներն են և որոնց ազդեցությամբ առողջ բջիջների ԴՆԹ-ն մուտացվում է՝ բջիջը դարձնելով քաղցկեղային: Հակաօքսիդանտները չեզոքացնում են այդ վտանգավոր մասնիկների ազդեցությունը՝ կանխելով քաղցկեղային, սրտային հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը, մաշկի ծերացումը: Ծիրանն անմիջականորեն նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների ռիսկը:


Շնչական համակարգ: Ժողովրդական բժշկության մեջ ծիրանի կորիզները կիրառվում են հազի և շնչական հիվանդությունների ժամանակ: Ծիրանի յուղն օժտված է հակաասթմատիկ հատկություններով, օգտակար է այս հիվանդության և վերջինիս ախտանիշների ժամանակ: Ծիրանում պարունակվող եթերային յուղերը խորխաբեր և խթանող ազդեցություն ունեն, ինչն օգնում է նվազեցնել թոքերի և շնչական համակարգի ճնշումը՝ այդպիսով կանխելով շնչահեղձության նոպաները:


Մարսողական համակարգ: Ծիրանը պարունակում է բջջանք, հետևաբար, օգտակար է մարսողության համար: Այն օժտված է լուծողական հատկություններով, ուստի հաճախ խորհուրդ է տրվում փորկապությամբ տառապող հիվանդներին: Բջջանքը մեծացնում է կղանքային զանգվածը, այն հեշտությամբ անցնում է աղիներ և դուրս է բերվում օրգանիզմից, խթանում է նաև մարսողական (ստամոքսի և աղիների) հյութերի արտադրությունը, որոնք օգնում են ներծծել սննդանյութերը և վերամշակել սնունդը: Բջջանքն ակտիվացնում է մարսողական ուղու պերիստալտիկան՝ ապահովելով կանոնավոր կղանքի առաջացումը: Այս միրգը նաև խթանում է նյութափոխանակությունը:


Ավելորդ քաշ։ Ծիրանը, ինչպես բնական, այնպես էլ չրի ձևով, օգնում է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ։
Վարակներ: Ծիրանում պարունակվող հանքանյութերը և վիտամինները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Ծիրանի հյութն օժտված է հակաբիոտիկ ակտիվությամբ, մասնավորապես, ճնշող ազդեցություն ունի նեխում առաջացնող մանրէների վրա:

 

Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում


Հեղուկի մակարդակը և նյութափոխանակությունը: Ծիրանում պարունակվող մեծ քանակությամբ կալիումը նպաստում է օրգանիզմում հեղուկի հաշվեկշռի պահպանմանը, որն ապահովում է էներգիայի ճիշտ տեղաբաշխումը օրգաններին և մկաններին: Իսկ առողջ ջրաաղային հաշվեկշռի շնորհիվ արյունը և օգտակար էներգիան անարգել անցնում են ամբողջ օրգանիզմով, ինչն առույգություն է հաղորդում և նվազեցնում է ցնցումները:


Ծիրանը բարելավում է նյութափոխանակությունը և օրգանիզմի հիմնական ֆունկցիաները իր պարունակության մեջ առկա երկաթի և պղնձի շնորհիվ:


Մաշկի առողջությունը: Ծիրանի յուղը կիրառվում է որպես մաշկի խնամքի միջոց: Այն արագ է ներծծվում և յուղային հետքեր չի թողնում: Ծիրանն օգտակար է ո՛չ միայն մաշկը հարթ պահելու, այլ նաև առողջ փայլ հաղորդելու համար: Այն օգտակար է որոշ մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են` էկզեման, մաշկային քորը, քոսը, մաշկային այլ գրգռումները: Այս հատկությունն, առաջին հերթին, կապված է ծիրանում պարունակվող հակաօքսիդանտների հետ: Ծիրանում պարունակվում է զգալի քանակությամբ վիտամին А (մեկ չափաբաժնում` օրական նորմայի 60%-ը), որն իր օգտակար հատկություններով վաղուց հայտնի է մաշկի առողջության համար, իսկ հակաօքսիդանտները պաշտպանում են մաշկը վաղաժամ ծերացմանը նպաստող ազատ ռադիկալների ազդեցությունից:


Հակացուցումները


Մեծ քանակությամբ ծիրանն արգելված է շաքարային դիաբետով հիվանդներին, ստամոքսաղիքային ուղու հետ կապված խնդիր ունեցողներին  (ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց, ստամոքսում` բարձր թթվայնություն, գաստրիտ), զգուշությամբ պետք է օգտագործել պանկրեատիտի և լյարդի ախտահարումների ժամանակ: Ծիրանն ալերգեն մթերք է, այն կարող է առաջացնել այտուց, մաշկային քոր, հազ և այլ ախտանիշներ: Կասկածներ կան նաև ծիրանաչրի կապակցությամբ: Չրերի մեծ մասում կան սուլֆիտներ, որոնք կարող են ասթմայով տառապողների մոտ նպաստել շնչահեղձության նոպաների առաջացմանը, ուստի ասթմայի ժամանակ նախընտրելի է ծիրանն ուտել թարմ վիճակում:


Ծիրանի կորիզը պարունակում է թթուներ, որոնք թունավոր են: Այդ պատճառով մեծ քանակությամբ ծիրանի կորիզների կիրառումը կարող է թունավորում առաջացնել:


Ընդհանրապես, օրական պետք է ուտել 15 ծիրանից ոչ ավելի: Չարաշահելու դեպքում կարող է առաջանալ փորլուծ, գլխապտույտ, ճնշման իջեցում, սրտի զարկերի հաճախականության դանդաղում: Չի կարելի ծիրան ուտել սոված ժամանակ, նաև դժվարամարս մթերքներից (միս) հետո: Ծիրանի բաղադրության մեջ գտնվող կարոտինը չի յուրացվում վահանագեղձի գործունեության ընկճման և լյարդի հիվանդությունների ժամանակ:

 

Ծիրանը ժողովրդական բժշկության մեջ և կոսմետոլոգիայում


ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ


Սիրտն ամրացնող թուրմ պատրաստելու համար 1 լ եռման ջուրը լցնում են 100 գ մանրացրած ծիրանաչրի վրա և թրմում 6 ժամ: Թուրմն ունի միզամուղ և սիրտն ամրացնող հատկություն:


Այտուցների դեպքում թուրմ պատրաստելու համար 1լ եռման ջուրը լցնում են 100 գ ծիրանաչրի վրա և թրմում ամբողջ գիշեր: Քամում են և խմում 1/3 բաժակ, օրը 6-7 անգամ, ուտելու միջակայքում:


Վերին շնչառական ուղիների բորբոքման դեպքում 1 թեյի գդալ աղացած կորիզափոշին խմում են կաթով կամ թեյով, օրը 3-4 անգամ: Կորիզափոշին չի թույլատրվում օգտագործել օրական 20 գրամից ավելի՝ թունավորումներից խուսափելու համար:


Տեսողության խանգարման ժամանակ երկու ամսվա ընթացքում խմում են ծիրանի թարմ հյութ, օրը 3 անգամ, յուրաքանչյուր անգամ` 50 մլ:


Սրտի հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում 1-3 ամիս ուտել ծիրանաչիր, օրական 70-100 գ:


Աթերոսկլերոզի ժամանակ պետք է ուտել օրական 3 հատ ծիրանաչիր։ Մեկ ամիս ուտելուց հետո պետք է երկու շաբաթ ընդմիջումից, որից հետո կարելի է կրկնել։


Իմունիտետը բարձրացնելու համար 200 գ ծիրանաչիրը, սև սալորաչիրը, ընկույզը մանրացնում են, խառնում 1 բաժակ մեղրի հետ և օգտագործում օրական 2-3 ճաշի գդալ: Սրտի ամրապնդման համար ավելացնում են նաև 200 գ սև չամիչ և 200 գ կիտրոն:

 

Երեխաներին տալիս են օրական 2 անգամ 1-ական թեյի գդալ, մեծերին` 1-ական ճաշի գդալ: Խառնուրդը պահում են սառնարանում:


Փորկապության ժամանակ առաջարկվում է հետևյալ խառնուրդը. 300 գ ծիրանաչիրը, 300 գ սև սալորաչիրը խառնում են 100 գ մեղրի հետ, ավելացնում 50 գ մանր կտրտած հալվեի տերև և ուտում 1 ճաշի գդալ՝ ուտելուց առաջ, մի քանի օր:


Դիմակ թորշոմած մաշկի համար. 25 մլ ծիրանի հյութի, 15 գ կաթնաշոռի և 20 կաթիլ ձիթայուղի խառնուրդը քսում են դեմքին, թողնում կես ժամ, ապա լվանում գոլ ջրով: Վերջում դեմքը ցայում են սառը ջրով:


Մաքրող դիմակ. 1 ծիրանից, 10 գ երիցուկից և մի փոքրիկ պտղունց դարչինից ստացված խյուսը քսում են դեմքին և թողնում 10 րոպե: Լվանում են գոլ ջրով։ Այս դիմակը օգտագործում են ամիսը 1-2 անգամ:


Թարմացնող դիմակ. 20 գ ծիրանի հյութի, 10 գ տարեկանի ալյուրի և 10 գ խմորիչի խառնուրդը բացում են ջրով, քսում են դեմքին և թողնում 15 րոպե: Լվանում են գոլ ջրով։


Դիմակ լիֆթինգ. 1 ծիրանի, 10 գ բանանի և ավոկադոյի խառնուրդը քսում են դեմքին և թողնում 20-30 րոպե: Լվանում են գոլ ջրով։
Սնուցող դիմակ չոր մաշկի համար: 15 մլ ծիրանի հյութի, 10 գ թթվասերի և 1 ձվի դեղնուցի խառնուրդը մի քանի շերտով քսում են դեմքին և թողնում կես ժամ: Դիմակը սնուցում է մաշկը, հանում է մաշկային այտուցը:


Սկրաբ։ 1 թեյի գդալ աղացած ծիրանի կորիզների և 3 ճաշի գդալ ծիրանի պտղամսի խյուսի խառնուրդը լավ մաքրում է դեմքի մաշկի մահացած բջիջները: Խառնուրդը թողնում են մաշկի վրա 10 րոպե և լվանում: Այս խառնուրդը կարելի է օգտագործել շաբաթը մեկ անգամ:


Ելենա Սուբբոտինա
https://rg.ru
https://armeniasputnik.am/
www.zdorovieinfo.ru
http://www.histpro.narod.ru
www.armgeo.am

 
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանքային ջրեր. Սալուտեմ ամսագիր №2
Հանքային ջրեր. Սալուտեմ ամսագիր №2

Հանքային ջրերի մասին հիշատակումներ կան դեռևս մ.թ.ա. XV դարի հնդկական Վեդաներում։ Մարդիկ հնուց հանքային ջրերն օգտագործում էին հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Հանքային ջրերի արդյունավետության...

Սալուտեմ 2.2021
Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1
Սերկևիլը ժողովրդական բժշկության մեջ. Սալուտեմ ամսագիր № 1

Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են...

Սալուտեմ 1.2021
Տղամարդու առողջության օգտակար սննդամթերքներ. urolog.am
Տղամարդու առողջության օգտակար սննդամթերքներ. urolog.am

Սպանախ
Սպանախը նպաստում է տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը, և ֆոլաթթվի հարուստ աղբյուր է...

Առողջ տղամարդ
13 մթերք առողջ ստամոքսի համար.
13 մթերք առողջ ստամոքսի համար.

Ստամոքսը զգայուն օրգան է ու համապատասխան մոտեցում է պահանջում: Ուտելուց հետո ստամոքսում ծանրության զգացումն արդեն իսկ մարսողության խնդրի արտահայտություն է: Աղեստամոքսային համակարգի հիվանդությունները...

Ինչպե՞ս առողջ սնվել աշխատավայրում (How to eat healthy at work). urolog.am
Ինչպե՞ս առողջ սնվել աշխատավայրում (How to eat healthy at work). urolog.am

Առողջ սնունդը չի վերաբերում միայն նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին: Մարդիկ հաճախ նախընտրում են օրվա ընթացքում մի քանի անգամ սնվել թեթև ուտելիքով կամ խորտիկներով: Իսկ այդպիսի նախուտեստները կարող են օգնել...

Մթերքների պահպանման ժամկետները.
Մթերքների պահպանման ժամկետները.

Ստորև ներկայացվում է տարբեր մթերքների պահպանման ժամկետները...

Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից
Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից

Ծնկների և հոդերի ցավերն առավել տարածված են 50 տարեկանն անց անձանց շրջանում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Բորբոքման և ցավի դեմ պայքարելու բնական միջոցներ շատ կան։ Առաջարկվող միջոցը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպիսի՞ ըմպելիքներ է սիրում կամ չի սիրում սիրտը. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ըմպելիքներ է սիրում կամ չի սիրում սիրտը. armeniamedicalcenter.am

Սիրտը կարող է ոչ միայն սիրել, այլ նաև՝ տառապել: Փորձենք պարզել, թե ինչպիսի ըմպելիքներ են օգտակար կամ վնասակար սրտի համար...

Մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից
Մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու համար ամենաարդյունավետ ձևը յուրաքանչյուր օր հստակ մրգեր և բանջարեղեն օգտագործելն է: Հարվարդի համալսարանի գիտնականների համոզմամբ՝ դրանք առնվազն օգնում են չգիրանալ` անգամ կալորիաների քանակի...

Ո“ր մթերքները կարելի է սառեցնել, որոնք` ոչ
Ո“ր մթերքները կարելի է սառեցնել, որոնք` ոչ

Դեռ մեկ հարյուրամյակ առաջ մարդիկ ստիպված էին ուտել միայն սեզոնային մրգեր ու բանջարեղեններ, բայց այն պահից, ինչ հայտվեցին սառնարաններն ու սառցախցիկները, սննդակարգը կարելի է բազմազան դարձնել մշտապես...

Կարմիր սոխի օգտակար հատկությունները
Կարմիր սոխի օգտակար հատկությունները

Սոխի այս տեսակն առողջության համար բազմաթիվ առավելություններ ունի: Առաջինը, որ պետք է իմանալ, միշտ հում վիճակում ուտելն է: Բարձր ջերմաստիճանը նվազեցնում է նրա առավելությունները...

Ավոկադոյի օգտակարությունը. urolog.am
Ավոկադոյի օգտակարությունը. urolog.am

Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիններով և կարևոր հանքային նյութերով։ Անգելրեն այն կոչվում է alligator pear (կոկորդիլոս տանձ)։ Ավոկադոն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է...

Ձեթերի տեսակները և նրանց առանձնահատկությունները
Ձեթերի տեսակները և նրանց առանձնահատկությունները

Ձեթերի օգուտն անգնահատելի է, ու շատերը գիտեն դրա մասին: Սակայն ոչ բոլորը գիտեն դրանցից յուրաքանչյուրի բուժիչ հատկության մասին: Յուրաքանչյուր ձեթ իր առանձնահատկություններն ունի ու անկրկնելի բաղադրությունը: Ձեթերի բաղադրության ճարպերն...

Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ