Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջություն

Կլինիկական մահ տարած բժիշկ Արթուր Հակոբյանի վերապրածը (հատված Նանեի «Ավա՞րտ, թե՞շարունակություն» գրքից)

Կլինիկական մահ տարած բժիշկ Արթուր Հակոբյանի վերապրածը (հատված Նանեի «Ավա՞րտ, թե՞շարունակություն» գրքից)

Հարցեր…հարցեր…Դրանք խճճվում են մեր գլխում, ընկնում ոտքերի տակ, ստվերի պես կրնկակոխ հետևում մեզ մեր մանկության օրերից  ու անհանգիստ անում մեր կյանքը, քանի դեռ չեն ստացել իրենց պատասխանները…...


ՍԻՐՈ ԵՎ ՀՈՒՅՍԻ ԼՈՒՅՍԸ.  ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ  

 

Կլինիկական մահվան իրողությանն առնչված դեպքերը մի գրքում ամփոփելու մտքերով էի տարված։ Արդեն հավաքած նյութը, որը հրատարակվել էր թերթում, շատ քիչ էր գրքի համար։ Նորերն էին պետք։ Եվ ասես հենց իմ մտքերի արձագանքն էր այդ թեմային նվիրված` «Շողակաթ» հեռուստաալիքով հեռարձակվող տեսանյութը։ Հետո պարզվեց, որ այն հին նկարահանում է և հաճախ է ցուցադրվել, բայց ես առաջին անգամ էի տեսնում և հենց այն ժամանակ, երբ ինձ խիստ պետք էր…


Ասես երկնքից գերբնական մի ձեռք ուղղորդում էր ինձ։  Ծանոթներիս օգնությամբ կարողացա գտնել հաղորդման երկու մասնակիցներին և զրուցել նրանց հետ։ Նրանցից մեկը Արթուր Հակոբյանն էր։ Երբ զանգահարեցի` հանդիպման համար պայմանավորվելու, արդեն երեկո էր, բավականին ուշ, բայց նա ասաց, որ հերթապահության է և ավելի ազատ, քան օրվա ընթացքում է լինում… Զրույցի համար, երևի թե, ավելի հարմար ժամանակ այլևս չէր լինի։ Պայմանավորվեցինք։


ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ  Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ   Ահա և Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը։ Հարցուփորձով գտա բժշկին։  Ես վաղուց արդեն չեմ աշխատում բժշկի` մանկական նյարդաբանի իմ մասնագիտությամբ. գրողի կոչումն ու բանաստեղծի ճախրանքի կարոտն ինձ այլ ճանապարհով տարան, բայց, միևնույն է, դա իմ պատմության մի մասն է և միշտ էլ` հիվանդանոցային խորհրդավորության մեջ, հարազատ ու հուզիչ մի բան է արթնանում հոգուս մեջ։


Հանդիպում ենք… Բարի և ինչ-որ ներքին լույսով ողողված հայացքով մի մարդ է ինձ ընդառաջ գալիս…


Հերթապահությունը խաղաղ էր անցնում, առանց շտապ և անհետաձգելի դեպքերի, վիրահատություններ չկային, և ես հնարավորություն ունեցա խաղաղության և անդորրի մեջ լսել այդ հրաշք հիշեցնող պատմությունը։


Պարզվեց, որ Արթուր Հակոբյանն ինքն էլ պատրաստվում է գիրք հրատարակել «Կյանքի ու մահվան հպման սահմանները և մարդկային գիտակցությունը» վերնագրով, որտեղ, տիեզերքում իր վերապրածը մանրամասն նկարագրելուց բացի, փորձ է արել նաև բոլոր տեսանկյուններից (փիլիսոփայական, հոգեբանական, բժշկական, գիտական, կրոնական և այլն) բացատրել և ապացուցել մահվանից հետո կյանքի շարունակության իրողությունը։


Գրքում նա առանձին բաժիններով վերլուծել է առավել տարածված կրոնները` դրանց նկատմամբ քրիստո֊նեության անվիճելի գերակայությունը ցույց տալու համար։


Կլինիկական մահվան դեպքը Արթուր Հակոբյանի հետ կատարվել է 1978 թ-ին, Հանրապետական հիվան֊դանոցում` բարդացած ապենդեկտոմիայի կապակցությամբ, հինգ օրվա ընթացքում կատարված երրորդ վիրահատությունից հետո։ Լսենք նրան.


Ես միայն հիշում եմ, որ դեղերի ազդեցության տակ կիսաշշմած վիճակում էի, հետո արդեն գիտակցությունս լրիվ կորցրեցի։


Ուշքի եկա մի մռայլ տարածքում: Դա թունել էր, որի վերջում թույլ լույս էր երևում։ Թունելում զարհուրելի էր, խավար` ասես դժոխային մի պատկեր էր բացվել աչքերիս։ Զգացածս սարսափ էր, հուսահատություն, միայնություն, որոնցից րոպե առաջ ձգտում էի ազատվել։


Բայց դեպի հետ ճանապարհ չկար, ելքը միակն էր` միայն դեպի վեր, որտեղ հեռու-հեռվում շատ աղոտ, կետի չափ լույսն էր երևում։  Բարձրացում դեպի լույսը, թռի՜չք… Ինձ ասես իր մեջ առած` հսկայական արագությամբ առաջ էր մղում ինչ-որ մի ուժ։


Որքան առաջ էի գնում, այնքան հեռվում երևացող լույսն ավելի պայծառանում էր և մոտենում։ Այն փարոսի պես ասես կանչում էր ինձ և այնտեղ էր իմ փրկությունը։ Ողջ էությամբ ձգտում էի դեպի փրկարար լույսը…


Երբ թունելը վերջացավ և ես հայտնվեցի բաց տա֊րածքում, առաջին բանը, որ հիշում եմ, հայացքիս առաջ ֆիլմի պես անցնող կյանքիս իրադարձություններն էին։ Ես ասես և՛ իմ դիմաց էի տեսնում այն, և՛ իմ մտապատկերում։ Ես մենակ չէի, իմ կողքին էր լուսեղեն մի հրեշտակ, հավանաբար` իմ պահապան հրեշտակը։ Նա ինձ պես ուշադիր հետևում էր կյանքիս սահող պատկերներին։ Նրա մեջ իմ հանդեպ այնպիսի հոգատարություն կար, ինչպես փոքրիկ երեխայի հանդեպ ծնողն ունի։ Նա իր զարգացման աստիճանով շատ անգամ բարձր էր ամենազարգացած մարդուց։ Իմ առջևով անցնում էր կյանքիս ամեն մանրամասն` այնքան վառ ու իրական, ասես հենց նոր էր վերջացել, ավելի ճիշտ, ասես հենց նոր էր կատարվում… 

 

Նախ, վերջին իրադարձություններն էին, հետո դեպի հետ, դեպի պատանեկություն և մանկություն էր ընթանում կյանքիս «ժապավենը»։ Դա տևեց մոտ 20-30 րոպե։  Ահա ես` հիվանդների հետ, նրանց հանդեպ իմ վերաբերմունքը, տագնապն ու անհանգստությունը… Նրանց երախտագիտությունը…Ահա ուսմանս տարիները… Ոչ միայն արտաքին պատկերները, այլև իմ ներքին աշխարհը ասես ափիս մեջ էի տեսնում։ Դա շատ տարօրինակ էր։ Այնքան վառ նորից զգում էի իմ վախերը, տագնապները… Էությունս բաց էր ու մերկ… Որևէ բան թաքցնել, ջնջելն անհնար էր։  Ես տեսնում էի իմ և՛ լավ ու ճիշտ, և՛ սխալ արարքները։ Բոլոր փոքր ու մեծ մեղքերը միաժամանակ և՛ իմ առջև էին, և՛ վերապրում էի վառ ու սիրտ ցավեցնող հույզերով և ապրումներով։ Ֆանտաստիկ զգացողություն էր։ Այնտեղ ամեն բան էր` վեճ, բարկություն, հուսահատություն, վիրավորանք, սիրելի մարդուց բաժանվելը։ Անգամ մի անգամ իմ օձ սպանելը, որպես մեղք, այժմ ամոթով վերապրում էի։


Նախկինում ես դրանք բոլորովին էլ ինչ-որ վատ կամ մեղսավոր բան չէի կարծել։ Սակայն այժմ ամեն բան այլ էր։ Ես տեսա ինձ մանկությանս օրերին` 4-5 տարեկան մանուկին, նրա հոգու մաքրությունը, աշխարհին նայող նրա վճիտ ու ջինջ հայացքը։ Դա այնքան պարզ ապրեցի, որ սարսափելի մի գիտակցությամբ հասկացա այն անդունդը, որը տարիների ընթացքում առաջացել էր իմ ու այդ մաքրամաքուր էակի միջև։ Որքա՜ն էի ես փոխվել, այդ ինչպե՞ս և որտե՞ղ էին կոշտացել իմ զգացմունքները, հոգիս։


Ես ամոթից կարմրել էի, ինչպես երեխան է կարմրում մեծահասակների առաջ` իր գործած վատ արարքի համար։ Այնպես էի ուզում, որ գետինը բացվեր, ու ես մտնեի մեջը, բայց գետին չկար, փախուստի տեղ չկար։


Ես լրիվ բաց էի նաև իմ կողքին կանգնած խնամակալ հրեշտակի առաջ։ Պարզ զգում էի նրա ափսոսանքն ու հիասթափությունը, բայց և միաժամանակ անսահման բարությունն ու անհանգստությունն ինձ համար; Նա նայում էր նաև այդ ամենը գնահատելով և անալիզի ենթարկելով։ Իմ պահապան հրեշտակը նաև պատասխանատվություն էր զգում իմ հետագա ճակատագրի հանդեպ։


Երբ կյանքիս շարժանկարը` ինձ լրիվ վհատեցնելով, արդեն ավարտված էր, շրջապատող լույսն անհետացավ և ես հայտնվեցի մի այլ տարածքում։ Այդտեղ շատ գորշ էր, միայն մի աղոտ ու թույլ լույս էր փոքր-ինչ ցրում այդ գորշությունը։ Իմ շուրջ շատ մարդկային հոգիներ կային, նույնպես գորշ, աղոտ գծերով, բայց նրանցից ոչ ոք ինձ վրա ուշադրություն չդարձրեց։ Նրանցից շատերը թմրած, կիսաքուն, անհաղորդ վիճակում էին և ընդունակ չէին գիտակցելու իրենց շրջապատը։


Քանի որ ես կարող էի ասես կարդալ նրանց մտքերը, հասկացա, որ նրանք անվերջ` կորցրած ժամանակի զգացողությունը, վիրտուալ խաղերի պես իրենց ապրած կյանքի դրվագներն են վերապրում, իրենց անցած ապրումները։


Մինչ տագնապով ու հետաքրքրությամբ շուրջս էի զննում, փորձելով հասկանալ, թե որտեղ եմ գտնվում, հանկարծ այդ կիսախավար տարածության վերին շերտերից մի լույս երևաց, որտեղից մի լուսավոր էակ իջավ, ես ճանաչեցի նրան. նա չորս տարի առաջ մահացած իմ ազգականներից մեկն էր` հորաքրոջս ամուսինը` Սերյոժան, հրաշալի մի մարդ, ում հետ ես շատ էի կապված։ Այդտեղ եղած հոգիների համեմատությամբ նա շատ լուսավոր և ցայտուն տեսք ուներ։ Իմ ու Սերյոժայի հագին սպիտակ, երկար վերնաշապիկներ էին, սակայն իմ համեմատությամբ էլ նրա տեսքն ավելի պայծառ էր։


Նա իջավ և մոտեցավ ինձ։ Իմ շուրջ խռնված հոգիները հարգանքով նրան տեղ տվեցին։ Սերյոժային տեսնելն ինձ խիստ ուրախացրեց։ Դա ասես փրկություն էր։ Ես ուզում էի գրկել ու համբուրել նրան, հարցնել, թե որտեղ եմ և ինչո՞ւ նա ավելի շուտ չէր գալիս;


Բայց նա շատ արագ բռնեց իմ ձեռքը և ինձ շտապով տարավ իր հետ։ Նա տագնապած ու անհանգիստ էր երևում և ճանապարհին իր վրա տեղացած իմ հարցերին ոչ մի պատասխան չէր տալիս։ Մենք թեթև ճախրանքով բարձրանում էինք վեր ու վեր` ավելի բարձր տիեզերական մակարդակներ։


Մինչ այդ աղոտ ու տարտամ լույսն աստիճանաբար պայծառանում էր։ Ես սկսեցի զգալ, որ դա սովորական լույս չէ, այն ասես կենդանի էր, մի գորովագութ գրկի պես ջերմ փաղաքշանքով պարուրող։ Ինձ համար ամեն բան նոր էր, արտասովոր և երկրային կյանքում երբևէ չհանդիպած ու անգամ երևակայությունից հեռու։


Որքան բարձրանում էինք, այնքան մեր շուրջը գտնվող հոգիները պակասում էին։ Երբ բավականին տարածություն անցել և արդեն մենակ էինք` այժմ արդեն չափազանց պայծառ Լույսի մեջ, փորձեցի հասկանալ, թե որտեղից է այն ճառագում։


Ես վեր նայեցի և ապշանքիս ու զմայլանքիս չափ չկար. վերևում Հիսուսի լուսեղեն հսկա պատկերն էր… Այդ Նրանի՛ց էր հորդում Աստվածային Լույսը…կենդանի Լույսը…


Այդ ոսկեգույն Լույսից սփռվում էին խաղաղություն, բարություն, Սեր, անսահման Սեր… Այդ լույսը խորա֊թափանց էր և այնպիսի՜ ձգողականություն ուներ։


Լույսով պարուրված` երանության, երջանկության, հավերժության մի անպատմելի և սքանչելի զգացում էր ինձ համակել։


Ես զգում էի կենդանի Քրիստոսի անսահման Սերը ամեն մի կենդանի էակի հանդեպ…Նրա հզորությունը, Աստվածությունը։ Դա մարդկային բառերով հնարավոր չէ նկարագրել։ Հենց միայն Նրա ներկայությունն ընդունակ էր լցնել հոգիները գիտությամբ, սիրով, հավերժությամբ, հոգևոր անսպառ էներգիայով։


Նրա դեմքը լուսեղեն էր` կապտականաչ աչքերով, մազերը բաց գույն ունեին… Նա այնքան հարազատ էր ինձ թվում, ասես միշտ այդպես էր եղել. Նա ուսուցիչ էր, ընկեր, հայր…


Հիսուսը միաժամանակ կարող էր տեսնել և հասկանալ ամեն բան, բոլոր իրադարձություններն ու հույզերը, լսել բոլորի աղոթքները և մտածել բոլորի մասին` նրանց վրա տարածելով Սիրո և Հույսի Լույսը…


Այնքան մեծ էին զգացածս երանությունն ու երջան֊կությունը, որ պատրաստ էի հավերժ մնալ այնտեղ։ Իմ հոգու անսահման պահանջը մեկն էր` անդադար, անվերջ և ինքնամոռաց Քրիստոսին նայել…


Ես իմ մեջ արտասովոր ուժ և էներգիա էի զգում։ Արդեն կարող էի հասկանալ մարդկանց մտքերը և նրանց հետ հաղորդակցվել առանց խոսքերի։ Բայց Հիսուսի մտքերն ինձ համար փակ էին։ Նրա Լույսին էլ շատ մոտենալ կարելի էր միայն Քրիստոսի համաձայնությամբ և թույլտվությամբ։


Երբ արդեն բավականին մոտ էինք Հիսուսին, Սերյոժան ձեռքերն իրար միացնելով, հնազանդությամբ, խոնար֊հումով և ակնածանքով սկսեց խնդրել Նրան, որ ինձ երկիր վերադարձնի։


Բայց ես փորձեցի կանգնեցնել ազգականիս, ասելով, որ վերադառնալ չեմ ուզում, որ ինձ համար հրաշալի է այդտեղ… Մենք մտքերով էինք «խոսում»… Սակայն Սերյոժան ինձ չէր լսում, ավելի ճիշտ, պարզապես ուշադրություն չէր դարձնում իմ խոսքերին, նա շարունակում էր խնդրել Հիսուսին.


-Տեր, իմ ամբողջ էությամբ խնդրում եմ, վերադարձրու նրան…


Ես հիմա եմ միայն հասկանում, որ Սերյոժան տագնապում էր ինձ համար, որովհետև գիտեր, թե իմ մեղավոր հոգով ինձ ինչ էր սպասվում երկնային կյանքում։


Հանկարծ Հիսուսը հայացքն ինձ դարձրեց և նայեց աչքերիս։ Այն վայրկյանների ընթացքում թափանցեց իմ մեջ, մինչև հոգուս խորքը… Ասես արեգակը ներս մտավ և ողողեց իմ ողջ էությունը… Դա հզոր էներգիայով և գիտությամբ լեցուն, սիրող ու կարեկցող հայացք էր… Ինձ համար դա մեծ ցնցում էր` շոկ, այնքան անդիմանալի, որ ասես կորցրեցի գիտակցությունս…


Երբ ուշքի եկա, արդեն երկնային մի այլ տարածության մեջ էի։ Սերյոժան այլևս կողքիս չէր։ Ես բաց տիեզերքում էի։ Շուրջս մթություն էր, իսկ հեռվում առկայծում ու թարթվում էին աստղերը… Ամեն բան շատ արագ էր կատարվում, ես շփոթված էի և անընդունակ որևէ վերլուծություն անելու… Բայց դրա կարիքը չէի էլ զգում, իմ մեջ ես դեռ կրում էի երանության զգացումը։ Հիսուսի բանականության հզորությունն ինձ հետ էր։


Հետո… վերադարձա…


Հայտնվեցի հիվանդանոցային իմ պալատում… Բայց, տարօրինակն այն էր, որ ես գտնվում էի առաստաղին մոտ` վերևում, իսկ իմ մարմինը ներքևում էր` մահճակալին պառկած` գորշ և կարծես անշունչ… Սենյակում ինձնից բացի այլ մարդիկ էլ կային` իմ կոլեգաները։


Չնայած արդեն երկնային կյանքի փորձառությունն ունեի, բայց, միևնույն է, զարմացած էի այժմ իմ մարմնին այդքան մոտ և նրանից դուրս գտնվելու վիճակից; Զարմացած էի, որովհետև ինձ շատ լավ էի զգում, լիարժեք անձնա֊վորություն էի` գիտակցությունս սթափ, հույզերս` ներկա… Ասես մարմնի կարիք բոլորովին էլ չկար…


Այդ նոր վիճակն անգամ ավելի կատարյալ էր. ես ազատ կարող էի տեղաշարժվել նույնիսկ պատերով և փակ դռներով…


Որոշեցի օգտվել դրանից և դուրս եկա միջանցք։ Այնտեղ սովորական հիվանդանոցային եռուզեռ էր։ Նայեցի պատուհանից դուրս. ինձ ծանոթ պատկերն էր` հեռվում Հրազդանի ձորը։ Նորից ներս եկա։ Մեջս ցանկություն առաջացավ ուսումնասիրել իմ նոր «մարմինը»։ Այժմ արդեն գիտեմ, որ այն անվանում են աստրալ մարմին, բայց այդ ժամանակ ես ոչ մի նման բան չգիտեի։ Սկսեցի հայելի փնտրել, բայց սենյակում հայելի չկար։


Մնում էր պարզապես զննել մարմնիս ինձ տեսանելի մասերը։ Ուշադրությամբ սկսեցի ուսումնասիրել ձեռքերս, մատներս։ Դրանք թափանցիկ էին, կապտա- ֆոսֆորափայլ նուրբ նյութից։ Որոշակի ամրություն ունեին, բայց կարող էի մատս մտցնել ներս։ Հետո հասկացա, որ իմ նոր վիճակում կարող եմ նաև իմ ցանկացած ձևն ընդունել։ Անցա դա իրագործելուն։ Սկզբում գնդի տեսք ընդունեցի, հետո` օվալի… Բայց երբ դադարում էի ինձ ձևափոխել, «մարմինս» իր նախկին տեսքն էր ստանում։


Նորից կենտրոնացա մահճակալին պառկած իմ ֆիզիկական անշունչ մարմնի վրա, որի աջ թևին կաթիլային ներարկման խողովակն էր միացրած։ Գործընկերներս տխուր նայում էին նրան։


«Արդեն անհույս է, - տխուր ասաց նրանցից մեկը։ - Սա վերջն է։ Երևի դադարեցնենք բուժումը»։ Ես ցանկացա ասել, որ` ի՞նչ դադարեցնելու մասին է խոսքը, երբ ես այստեղ եմ, ես լավ եմ, կենդանի եմ, բայց … ինձ չէին լսում։ Բուժքույրն ուղղվեց դեպի իմ մահճակալը, որպեսզի անջատի կաթիլային ներարկման սարքը։ Նրան խան֊գարելու համար կանգնեցի իր դիմաց, բայց… նա անցավ իմ միջով…


Ինձ սարսափելի անհանգստություն պատեց, շտապել էր պետք, որոշեցի ամեն գնով մտնել մարմնիս մեջ։ Բայց ինչպե՞ս… Հանկարծ կարծես այդ գիտելիքը տրվեց ինձ, հավանաբար, կողքիս էր պահապան հրեշտակս։ Ես մոտեցա մարմնիս և գլխիս վերևից մտա նրա մեջ։


Մարմնիս մեջ մտնելու առաջին իսկ պահը տհաճ ծանրության զգացումն էր, ասես լեռ էր ճնշում ինձ, հետո թուլություն զգացի։ Ես շնչում էի և ... արդեն ամեն բան սկսեցի տեսնել, ընկալել ու զգալ իմ ֆիզիկական մարմնի միջոցով։


Երբ վերադարձա երկնային իրականությունից, ընկեր֊ներիս ասացի, որ լսել եմ նրանց խոսքերը։ Նրանք ապշած էին։ Բայց ինձ հետ այդ ամբողջ կատարվածի մասին երկար ժամանակ ոչ ոքի չէի պատմում։ Սակայն արդեն ես այլ մարդ էի դարձել… Մինչ այդ շատ հեռու էի հավատից, Աստծո մասին մտքերից, մատերիալիստական և աթեիստական դաստիարակություն էի ստացել և բնավ մի այլ բանի կարիք չէի զգում։


Իսկ այժմ Հիսուսի սերն էր իմ մեջ, նրան կրկին տեսնելու կարոտը։ Արդեն գիտեի, թե որն է մեր կյանքի իմաստը, և ինչպես պետք է ապրեմ` հավերժության մեջ Աստծուն չկորցնելու և հավերժական խավարին ու տառապանքին չդատապարտվելու համար։ Այնտեղ ինձ շատ գիտելիք տրվեց։


Ես հիմա գիտեմ, որ ինչպես ռեալ և իրական է մեր գոյության շարունակությունը հավերժության մեջ, նույնքան ռեալ են մարդկային հոգիների դատաստանը, դրախտի և դժոխքի գոյությունը։ Դրանք իրական են, ինչպես մեր նյութական կյանքը։ Տիեզերական գոյությունը օբյեկտիվ իրականություն է։


Տիեզերքում այլ է նաև ժամանակը, դրա զգացողությունը։ Այնտեղ կարճ պահերի մեջ ասես շատ երկար ժամանակ է անցնում։ Եվ այդ հավերժականի կողքին այնքան կարճ ու խղճուկ է թվում մեր կյանքը երկրի վրա։


Տիեզերքում նաև գիտակցության տարբեր աստիճաններ և մակարդակներ կան։ Եվ ամեն բանի վերևում Քրիստոսի Գիտակցության անսահման հզոր էներգիան է, որպես սթափության և զարգացման խթան։

 

....... Երբ հրաժեշտ տվեցի բժշկին և դուրս եկա հիվան֊դանոցից, արդեն գիշեր էր։ Ես հենց նոր լսում էի մի մարդու, ով երկրի վրա ապրում է երկնքով լցված, ում հոգին լեցուն է Բարձրյալի հետ հանդիպման ակնթարթների չխամրող Լույսով…


Գիշերն աստղազարդ էր` օրն ավելի խորհրդա֊վորությամբ լցնող… Եվ ես տուն էի դառնում ինքս էլ կարծես ինչ-որ տիեզերական ու Աստվածային լույսերի մեջ, իսկ երկնքից ասես ինձ հսկում ու հետևում էր Հիսուսի լուսեղեն դեմքը…  

 

Նանե. «Ավա՞րտ, թե՞շարունակություն»ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

 

Ինչու՞, ինչպե՞ս, որտեղի՞ց, ու՞ր…


 Բայց որքան ձգվում է կյանքի ուղին , այնքան կամաց-կամաց պակասում են` ճիշտ, թե սխալ պատասխաններ գտած, քիչ, թե շատ հանգիստ տալով թե մեզ և թե իրենց… Միայն մեկը մեզ չի թողնում երբեք ու դեռ գնալով ավելի ու ավելի է փոթորկում մեր միտքն ու հոգին. ի՞նչ կա կյանքի սահմանից այն կողմ, կյանքի ավարտը վե՞րջ է, թե՞… շարունակություն։


 Ոմանք փնտրում են և ընդունում միայն իրենց հարմար բացատրությունը`գոհանալով դրանով, ոմանք էլ` հասկանալով ճշմարտության օբյեկտիվ և իրենցից անկախ լինելը, ամեն գնով փորձում են այն հասկանալ մինչև վերջ…


 Մինչև վերջ…Միայն, երևի թե, դա անհնար է` մեզ տրված չէ, և մեր մտքին ընկալելի չէ հասկանալ այդքան շատը… Բայց այնքանը, գոնե այնքանը, որ տարբեր առիթներով բացվում է մեզ, մենք պարտավոր ենք քննել և եզրահանգումներ անել. բոլոր դեպքերում դրանից խույս տալն ու անհաղորդ ձևանալը անմիտ բան է, և արդյունքում տուժողը մենք ենք միայն… որովհետև մերն է այդ վերջը, և նույնքանով մերն է նաև այն` ինչ մեզ սպասում է վերջից այն կողմ…


 Փնտրողի համար պատասխաններ միշտ էլ կան. շատ հաճախ` դեռ ավելի խճճող ու հակասական, և այնքան շատ, որ այդ ամենի մեջ միակ պարզն ու ճշմարիտը գտնելը ամենադժվարն է լինում։ Բոլոր դեպքերում, բացի գիտությունից, որը երբեք ոչինչ չի ընդունի, քանի դեռ այն չի կարողացել փռել սեղանին, չափուձևել, զննել իր բարդ ու ճշգրիտ սարքերով, կարծում եմ, գրեթե բոլորը մեկ բանում այս կամ այն չափով համամիտ են` մարդը ֆիզիկականից բացի նաև հոգևոր գոյություն է, և մահը պարզապես դրանց անջատումն է միմյանցից…և որ հոգին անմահ է… Մեզ միայն թվում է, թե շիրմատանը մենք թողնում ենք լրիվ ավարտված մի կյանք, իսկ իրականն այն է, որ այն ընդամենը գնում է ընդառաջ մի նոր գոյության։


 Ու եթե անգամ փորձենք տրամաբանել հենց գիտւթյան սահմանների մեջ, դարձյալ կարելի է հանգել այս նույնին։ Գիտությունն ինքն է փաստում` ոչինչ չի կորչում տիեզերքում, այլ միայն մի ձևից անցում է կատարում մի այլ ձևի. մարմինը հող է դառնում… Իսկ մի՞տքը…որ ողջ մարդկության պատմությունն է շարժում և մի չնչին ճիգով, մի գյուտով միայն ողջ մոլորակը կարող է շեղել իր ուղեծրից… Ինչպե՞ս կարող է այդ հզորը մի պահի մեջ չքվել հանկարծ, դառնալ Ոչինչ…


 Կարելի է երկար մտորել, դատողություններ անել, բայց փաստեր կան, որոնք կարիք չունեն անգամ ինչ որ բացատրությունների, պարզապես կանգնում են մեր դեմ մերկ ու բաց և ասես ասում. «ահա ես»…


Կյանքը շարունակվում է մի այլ գոյությամբ… Ինչպիսի՞… Կլինիկական մահվանից վերակենդանացած կամ մահվան վիճակին մոտ եղած մարդկանց պատմությունները շատ են կենդանի և միմյանց շարունակող ու լրացնող` դրանք զառանցանք կամ դեռևս լրիվ չմահացած ուղեղի շարունակվող գործունեություն համարելու համար։


 Այդպիսի պատմություններ շատ են գրվել. մարդիկ կան, որ ողջ կյանք են նվիրել նման փաստեր հավաքելուն, ուսումնասիրելուն, համակարգելուն։ Մարդիկ էլ կան, որ համառորեն շարունակում են ժխտել դրանց` լուրջ և հավաստի վկայություններ լինելը։


 Ես առիթ եմ ունեցել մահվան սահմանից այն կողմ կարճ կամ ավելի երկար ժամանակ անցկացրած մարդկանց լսել անձամբ. նրանք չեն պատմում ինչ-որ մշուշոտ տեսիլքի կամ երազի մասին, նրանք բոլորը պնդում են, որ իրականություն է եղել իրենց տեսածը։ Անգամ երազը, որը մենք տեսնում ենք կենդանի, առողջ, ընդամենը միայն քնած կամ կիսարթուն վիճակում, երբեք չենք շփոթի իրականության հետ…

 

Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ բիոռիթմերի բացարձակ բացակայության վիճակում ուղեղն ավելի թարմ, կենդանի և իրական պատկերներ, կյանքի դրվագներ է մատուցում… Էլ չասած այն, որ դրանք սկզբում հենց մահացածի շուրջ կատարված մանրամասներն են ամենայն ճշտությամբ. հաշվի առեք` մահացած մարդը` արդեն չգործող զգայարաններով, տեսնում է ու լսում ոչ միայն իր շուրջ կատարվող ամեն բան, այլ դեռ ավելին` հանգիստ տեղաշարժվելով, կարողանում է նաև հայտնվել սենյակից դուրս և հետո, առանց որևէ բացթողումի, պատմում է նաև այնտեղ տեսածն ու լսածը…


 Բայց ավելի լավ է հենց նրանք պատմեն. մարդիկ, ովքեր ապրել են, կամ շարունակում են ապրել մեր կողքին, բայց արդեն շատ բաների վերաբերվում են այլ ընկալումով, որովհետև որքան էլ լսողները թերահավատորեն թոթվեն իրենց ուսերը, լռեցնեն նրանց` հալուցինացիաների ու ցնորանքների իրենց պարզաբանումներով, ծաղրեն անգամ, նրանք վստահ են, որ… իրենք Գիտեն…իրենք Տեսել են…

 

Շարունակելի...

Սկզբնաղբյուր. Նանե. «Ավա՞րտ, թե՞շարունակություն»
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հրատապ թեմա Հայաստանում Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...

ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել
ԵՊԲՀ. Ցանկացած ժամանակ կարելի է սկսել նոր կյանք, սակայն փոփոխություններին պետք է, առաջին հերթին, հոգեբանորեն պատրաստ լինել

Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա  կյանքին վերադառնալու համար...

ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները
ԵՊԲՀ. Ուսումնական տարվան ընդառաջ. մանկավարժ-հոգեբանի խորհուրդները

Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...

Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am
Անառողջ մտքերը և հույզերը հիվանդությունների նախապայմաններ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...

Թերապիա
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am
Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ. urolog.am

Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Բառերի ուժը
Բառերի ուժը

Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...

Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4
Նոր տարին իսկապես նոր դարձնելու հինգ միջոց. Սալուտեմ ամսագիր №4

Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am

Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Առողջ երեխա Սալուտեմ 3.2021
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am
Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար. urolog.am

Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...

Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am
Բժիշկների բռնկումները (Doctor's burnout). urolog.am

Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...

Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am
Հոգեբանը տրամադրությունը բարձրացնելու երեք անսպասելի եղանակ է նշել. news.am

Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...

Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com
Հետտրավմատիկ սթրեսային և գեներալիզացված տագնապային խանգարումներ. nairimed.com

Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:

Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ