Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ երեխա

Նորածնի անատոմո-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները.

Մաշկը: Նորածնի մաշկն ունի թույլ զարգացած եղջերաշերտով նուրբ էպիթելային ծածկույթ։ Մաշկը հարթ է, էլաստիկ, որոշ այտուցվածությամբ, գերարյունային (հիպերեմիկ)՝ ծածկված նախածնային լոռանման ճարպաձուսպի քսուքով։

 

Մաշկը հարուստ է արյունատար անոթներով։ Մազանոթները, չափահասների մազանոթների համեմատությամբ, առավել լայն են։ Նորածին երեխաների մոտ մեծ է նաև մաշկի մակերեսի և մարմնի զանգվածի հարաբերության ցուցանիշը։ Ճարպային գեղձերը լավ են զարգացած, քրտնագեղձերը՝ թույլ։ Սահմանափակ քրտնարտադրությունը և մաշկի ոչ լիարժեք անոթային ռեակցիաները պայմանավորում են ջերմակարգավորման ֆունկցիաների անկայունությունը։


Մաշկը միաժամանակ շնչական օրգան է, որի արտազատական հատկությունը լավ է արտահայտված։ Մաշկի պաշտպանական ֆունկցիան ցածր է, որի պատճառով հաճախ մուտքի դռներ է ծառայում վարակների նամար։

 

Հասուն նորածինների մոտ լավ է զարգացած ենթամաշկային ճարպաշերտը։ Պտղի մոտ այն սկսում է կուտակվել ծնվելուց առաջ՝ վերջին 2 ամիսներին։ Երեխաների ճարպաշերտում գերակշռում են դժվար լուծվող ճարպաթթուները (պալմիտինա և ստեարինաթթուները)։ Համեմատաբար քիչ է օլեինաթթուն, որով և, ի տարբերություն ավելի մեծ տարիքի երեխաների, պայմանավորված է նորածինների ենթամաշկային ճարպաշերտի առաձգականությունը։

 

Ոսկրա-մկանային համակարգը

 

Նորածինների մկանային համակարգն անբավարար է զարգացած։ Այն կազմում է մարմնի զանգվածի 25%-ը (չափահասների մոտ՝ 40%ից ավելի): Մկանաթելերը բարակ են, լավ զարգացած է միջանկյալ հյուսվածքը։ Այդ տարիքի երեխաների համար հատկանշական է մկանների գերլարվածությունը։ Վերջույթների ծալիչ մկանների տոնուսը գերազանցում է տարածիչ մկանների տոնուսին։ Նորածինների մկանների այդպիսի գերտոնուսը պայմանավորված է նրանց նյարդային համակարգի առանձնահատկությամբ՝ զոլավոր (ստրիար) համակարգի անբավարար զարգացումով և դժգույն կորիզային (պալիդար) համակարգի գերակշռումով։


Նորածնի ոսկրերը
հարուստ են անոթներով և ոսկրածուծի բաղադրիչներով։ Մեծ գաղտունը մշտապես բաց է լինում։ Փոքր գաղտունը բաց է մոտավորապես 25% դեպքերում։ Կրծքավանդակը տակառաձև է, կողերը փափուկ են և տեղադրված հորիզոնական դիրքով։ Ողնաշարը ֆիզիոլոգիական թեքություններ չունի։ Հոդերն օժտված են մեծ շարժողականությամբ։

 

Շնչական օրգանները

 

Շնչական օրգանները ծնվելու պահին դեռևս լիարժեք չեն գործում։ Քթանցքներն ու վերին շնչուղիները նեղ են և անբավարար զարգացած։ Նորածնի քիթը փոքր է, քթի աճառները` փափուկ, լորձաթաղանթը` նուրբ և առատ անոթավորված։ Վերջինս նպաստում է լորձաթաղանթի ուռճեցմանը, որն էլ պատճառ է դառնում ինչպես քթային շնչառության, այնպես էլ ծծելու գործողության դժվարացմանը։ Նորածնի մոտ բացակայում են ճակատային և հայմորյան խոռոչները։ Եվստախյան փողը համեմատաբար կարճ է ու լայն և չափահասների համեմատությամբ առավել հորիզոնական ուղղություն ունի։ Եվստախյան փողի ըմպանային անցքը տեղադրված է կարծր քիմքի մակարդակով։ Քթաըմպանում կատառային երևույթների զարգացման ժամանակ եվստախյան փողի կառուցվածքային առանձնահատկությունները նպաստում են բորբոքային պրոցեսների տարածմանը դեպի միջին ականջը։


Կոկորդը և շնչափողը նեղ են՝ փափուկ աճառներով և թույլ զարգացած էլաստիկ հյուսվածքով։ Շնչափողի լորձաթաղանթը նուրբ է և արյան անոթներով հարուստ։ Շնչափողի երկճյուղումը գտնվում է III-IV կրծքային ողների մակարդակին։ Բրոնխները համեմատաբար նեղ են։


Թոքերը
հարուստ են մազանոթային ցանցով և աղքատ՝ էլսատիկ հյուսվածքով։ Ստոծանու բարձր դիրքի պատճառով թոքերի ստորին սահմանը քիչ ավելի բարձր է։ Սուր շնչական վիրուսային վարակների և բակտերիալ հիվանդությունների դեպքում այդ գործոնները պատճառ են դառնում նորածինների թոքերում ատելեկտազների զարգացմանը։

 

Նորածնի առաջին ներշնչման հետ սկսվում է նրա թոքային կամ արտաքին շնչառությունը։ Արյան մեջ թթվածնի ցածր լարվածության պայմաններում բարձրանում է ածխաթթու գազի պարունակությունը։ Առաջանում է նյութափոխանակային թթվագարություն (մետաբոլիկ ացիդոզ)։ Բացի այդ, որոշակի դեր են խաղում ռեֆլեքսային ռեակցիաները, որոնք սկիզբ են առնում պտղի ծնվելու պահին։ Ջերմաստիճանային, շոշափողական (տակտիլ) և արտաքին միջավայրի այլ գրգռիչները ներգործում են պտղի ընկալիչ (ռեցեպտոր) ապարատի վրա և նպաստում են շնչական կենտրոնի գրգռմանը։

 

Առաջին ներշնչման պահից թոքերում էական փոփոխություններ են զարգանում։ Առաջին ներշնչման ժամանակ գոյացած բացասական ճնշման շնորհիվ իրագործվում է թոքերի օդափոխությունը (աերացիան)։ Այնուհետև առաջացած դրական ճնշումը պայմանավորում է նորածնի ակտիվ արտաշնչումը։ Յուրաքանչյուր ներշնչման հետ աստիճանաբար մեծանում է նորածնի ներշնչած օդի ծավալը։ Ներշնչման խորացման հետ ավելի է բարձրանում արյան թթվածնային հագեցումը՝ 87-97%, PՕշ՝ 67-90 մմ սնդիկի սյան։

 

Սրտանոթային համակարգ

 

Նորածնի սրտի չափերը համեմատաբար մեծ են։ Սրտի զանգվածը միջին հաշվով կազմում է մարմնի զանգվածի 0,89%֊ը (չափահասների մոտ՝ 0,5 %): Ստոծանու բարձր տեղադրության պատճառով սիրտն ավելի հորիզոնական դիրք է ունենում։ Փորոքների պատերի հաստությունը մոտավորապես հավասար է լինում և կազմում է մոտ 5 մմ։ Նորածնի սրտի տարողության ծավալը 20 մլ է։ Այն պոտենցիալ մեծ հնարավորություններով է օժտված։ Հայտնի է, որ ախտաբանական պրոցեսների դեպքում նորածնի սիրտը կարող է աշխատել առանց անբավարարության նշանների և ավելի երկարատև, քան չափահասների սիրտը։ Պարզորոշ է, որ դա պայմանավորված է թթվածնաքաղցի նկատմամբ սրտամկանի կայունությամբ և անօդակյաց (անաերոբ) նյութափոխանակությանն անցնելու սրտամկանի հնարավորությամբ։ Նորածնի պուլսի հաճախությունը 1 րոպեում կասմում է 110-130։ Շնչառության և պուլսի հաճախությունների հարաբերությունը հավասար է 1:2,3-1:2,5։ Պուլսը սովորաբար հաճախանում է ճչալու, ծծելու և այլ շարժումների ժամանակ։ Քնած ժամանակ պակասում է 20-25 զարկով։ Չափահասների համեմատությամբ, նորածնի սրտի կծկումների բարձր հաճախականությունը պայմանավորված է թափառող նյարդի թույլ ազդեցությամբ, որն էլ նորածնի սրտի նյարդավորման առանձնահատկությունն է։

 

Ա.Ա. Բալունովայի տվյալներով, նորածնի կյանքի առաջին օրը զարկերակային առավելագույն և նվազագույն ճնշումը միջին հաշվով կազմում է սնդիկի սյան 66/36 մմ, II օրը՝ 67/31, III օրը՝ 68/37, IV օրը՝ 71/39, V օրը՝ 72/40, VI օրը՝ 73/41, VII օրը՝ 75/42 մմ։

 

Արյուն, արյունաստեղծ օրգաններ

 

Նորածնի արյունաստեղծ գլխավոր օրգանը կարմիր ոսկրածուծն է։ Արյունաստեղծ լրացուցիչ օջախներ կան լյարդում, փայծաղում, ավշահանգույցներում և այլն։ Նորածնի ավշահանգույցները ծայրամասային լավ տարածված ցանց ունեն։ Ավշահանգույցները լինում են գնդասեղից մինչև սիսեռի չափ, փափուկ են, հարուստ արյունատար անոթներով և ավշահյուսվածքով, ծոցերը լայնացած են։ Ավշահանգույցները թերզարգացած են, վարակներից պաշտպանելու նրանց արգելակող ֆունկցիան թույլ է արտահայտված։


Արյունն առաջնակարգ դեր ունի հյուսվածքային շնչառության ապահովման մեջ։ Նորածնի արյան ընդհանուր քանակությունը կազմում է նրա մարմնի զանգվածի 10,7-19,5%-ը (միջինը՝ 12%)։


Ծնվելու պահին երեխայի արյան մեջ հեմոգլոբինի երկու տեսակ է լինում՝ ֆետալ կամ սաղմնային (HbF) և հասուն (HbA)։ Նրանց հարաբերությունը նորածնի արյան մեջ ենթակա է անհատական զգալի տատանումների։ Սաղմնային հեմոգլոբինի պարունակությունը օրվա ընթացքում պակասում է մոտավորապես 1%-ով և մի քանի ամսվա ընթացքում լիովին անհետանում է։


Հասուն նորածինների կյանքի առաջին օրը էրիթրոցիտների թիվը կազմում է 6,02.1012/լ±0,14.1012/լ, 2-4 շաբաթականում դրանց թիվն իջնում է մինչև 4,81.1012/լ±0,1.1012/լ։ Համապատասխանաբար փոխվում է հեմոգլոբինի պարունակությունը՝ 208±3,0֊ից մինչև 150±4,0 գր/լ և ռետիկուլոցիտների թիվը՝ 10±1,1–ից մինչև 8±0,6%: Աոաջին շաբաթվա ընթացքում գունային ցուցանիշը տատանվում է 0,9-ից մինչև 1,3։ Նորմայում, ոչ հազվադեպ, նորածինների արյան մեջ կարող են լինել նաև կորիզավոր էրիթրոցիտներ (նորմոբլաստներ, էոիթրոբլաստներ)։ Նորածնային շրջանում զգալի փոփոխություններ են տեղի ունենում և լեյկոցիտային բանաձևում։ Կյանքի առաջին չորս օրը գերակշռում են նեյտրոֆիլ գրանուլոցիտները (65%), լիմֆոցիտների քանակը կազմում է 16-34%։ 5-րդ օրը նկատվում է նեյտրոֆիլ գրանուլոցիտների և լիմֆոցիտների պարունակությունն արտացոլող կորագծերի առաջին խաչաձևումը։ Նորածնային շրջանի վերջում նեյտրոֆիլ գրանուլոցիտների թիվն իջնում է մինչև 26-30%, իսկ լիմֆոցիտների թիվն աճում է մինչև 50-60%: Կյանքի առաջին ամսվա ընթացքում մոնոցիտնեոի քանակը կազմում է 6-12%, թրոմբոցիտներինը՝ տատանվում 100.109/լ-ից մինչև 400.109/լ սահմաններում, էրիթրոցիտների նստեցման արագությունը (ԷՆԱ) դանդաղած է՝ 2-4 մմ/ժամում, որն, ըստ երևույթին, պայմանավորված է արյան մեջ ֆիբրինոգենի և խոլեսթերինի ցածր պարունակությամբ։ Արյան մակարդելիությունը մոտավորապես այնպիսին է, ինչ որ չափահասներինը՝ սկիզբը 4-5 րոպե հետո, իսկ ավարտը՝ 6-10 րոպեին։ Արյունահոսության տևողությունը 2-4 րոպեի սահմաններում է գտնվում։ Էրիթրոցիտների օսմոտիկ կայունությունը որոշակի բարձր է և տատանվում է լայն սահմաններում (առավելագույնը՝ նատրիումի քլորիդի 0,48 % լուծույթ, իսկ նվազագույնը՝ 0,26 % լուծույթ)։


Մարսողական համակարգ

 

Նորածնի բերանի խոռոչի ծավալը համեմատաբար փոքր է։ Այն պատված է նուրբ, հեշւո վնասվող լորձաթաղանթով։ Շրթունքների լորձաթաղանթի տեսանելի մասն ունի սպիտակավուն փոքրիկ բարձիկների ձև, որոնք միմյանցից բաժանված են շրթունքների երկայնքի նկատմամբ լայնակի ընթացող խոր ակոսիկներով։ Քիմքի միջին գծի ուղղությամբ կարելի է նկատել սպիտակադեղնավուն կետեր` այսպես կոչվող բոնովյան հանգույցներ։ Ծնոտային ելուստների երկարությամբ ամուր գլանիկ է ձգվում, որը պարզորոշ երևում է երեխայի ծծելուց հետո՝ Ոոբեն-Մաժիտոյի ծալքը։ Վերջինս ավելի լավ է արտահայտված ապագա ժանիքների ծկթման տեղերի միջև ընկած հատվածում։


Լեզուն համեմատաբար մեծ է։ Լավ զարգացած են ծամիչ մկանները։ Առողջ, հասուն նորածինը ծնվում է ծծելու արտահայտված ունակությամբ։ Այտերի հաստության մեջ գոյություն ունեն բավականին ամուր և համեմատաբար լավ սահմանազատված ճարպի կուտակներ՝ Բիշի կոշտուկներ։ Կոշտուկներ առաջացնող ճարպն աղքատ է հեղուկ օլեինաթթվով, որով էլ բացատրվում է նրա ամրությունը։ Բիշի կոշտուկները, նույնիսկ երեխայի խիստ նիհարելու դեպքում, երկար ժամանակ չեն անհետանում։ Այդ կոշտուկներով է պայմանավորված նորածնի այտերի առաձգականությունը, որն ավելի արդյունավետ է դարձնում նրա ծծելու գործողությունը։ Ծծելը բարդ, բնածին ռեֆլեքս է, որը ծագում է առանց ուղեղի կեղևի մասնակցության։ Նրա կենտրոնը երկարավուն ուղեղում է գտնվում։ Ծծելու ակտիվ շարժումները երեխայի հասունության և առողջության կարևորագույն ցուցանիշներն են:


Նորածնի կերակրափողը
10-12 սմ երկարություն ունի։ Ծնոտների ելուստներից մինչև ստամոքսի մուտքը կազմում է 16-18 սմ։ Կերակրափողի լորձաթաղանթը նուրբ է, հարուստ անոթներով։ Մկանային շերտը, էլաստիկ հյուսվածքը թույլ են զարգացած։
Ստամոքսը գրավում է թեթևակի թեք դիրք, նրա մեծ մասը տեղակայված է ձախ թուլակողմում։ Ստամոքսի մկանային շերտը, էլաստիկ թելերը, լորձաթաղանթի գավաթանման բջիջները թույլ են զարգացած։ Տարողությունը նորածնի կյանքի աոաջին օրը հավասար է 7-10 մլ, առաջին շաբաթվա վերջում՝ 50 մլ, երկրորդ շաբաթում՝ 70-80 մլ, երրորդ շաբաթում՝ 90-100 մլ։ Ստամոքսի շարժողական և արտազատական ֆունկցիաները բավարար են զարգացած։ Բնական սնուցման ժամանակ ստամոքսի դատարկումը կատարվում է կերակրումից 2-3 ժամ հետո։ Նորածնի ստամոքսահյութը պարունակում է աղաթթու, պեպսին, լաբֆերմենտ և լիպազա։ Պեպսինի ակտիվությունը ցածր է։ Ստամոքսահյութի հիմնական ֆերմենտը լաբֆերմենտն է։


Նորածնի աղիքները չափահասների համեմատությամբ երկար են։ Նրանց մկանային շերտը և էլաստիկ հյուսվածքը թեր զարգացած են։ Աղիքների պատով թույները, հորմոնները, զանազան իմուն մարմինները, դեղորայքը և այլն հեշտությամբ են ներթափանցում։ Նորածնի կյանքի առաջին 10-12 ժամվա ընթացքում աղիքները համարյա մանրէազերծ են։ Հետագայում հայտնաբերվում են աղիքային ցուպիկ, ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր, ացիդոֆիլ մանրէներ և այլն։ Աղիքների մանրէական ֆլորան նպաստում է մարսողության ֆերմենտատիվ պրոցեսներին, B խմբի և K վիտամինների գոյացմանը։ Տասներկումատնյա աղիքի լուսանցքն արտահոսված ենթաստամոքսային գեղձի արտազատուկը պարունակում է տրիպսին, լիպազա, ամիլազա և այլ ֆերմենտներ։ Աղիքների յուրահատուկ ֆերմենտը էնտերոկինազան է։
Ծնվելուց հետո նորածնի աղիքներում 70-90 գ սաղմնակղանք (մեկոնիում) է պարունակվում։ Դա առանց հոտի, մուգ կանաչավուն միատարր զանգված է։ Մեկոնիումը կազմված է մարսողական տրակտի տարբեր հատվածների արտազատուկներից, պոկված էպիթելից և ծննդաբերության ժամանակ կուլ տված շուրջպտղային ջրերից։ Սաղմնակղանքայրն արտաթորանք նկատվում է նորածնի կյանքի առաջին 3 օրերին։ Այնուհետև այն փոխարինվում է շագանակագույն, դեղնականաչավուն, իսկ ավելի ուշ՝ դեղնոսկեգույն, թթու հոտով շիլայանման կղանքով։


Նորածնի լյարդը կազմում է մարմնի զանգվածի 4,4%-ը (չափահասների մոտ՝ 2,8%): Այն լավ է մատակարարված արյան անոթներով։ Լյարդի բլթերը թույլ են սահմանազատված, շարակցական հյուսվածքը անբավարար է զարգացած։ Լեղին հարուստ է գունավորող նյութերով, աղքատ՝ լեղաթթուներով և աղերով։ Լյարդի ֆունկցիան կապված է մարսողության, արյան շրջանառության և նյութափոխանակության պրոցեսների հետ։ Լյարդի գլիկոգենագոյացման ֆունկցիան լավ է արտահայտված, իսկ թունազրկող (դեզինաոքսիկացնող) ֆունկցիան դեռևս անբավարար է։


Միզային համակարգ

 

Նորածնի երիկամների զարգացումը ծնվելու պահին դեռևս ավարտված չէ։ Թերզարգացած են կեղևային շերտը և ոլորուն խողովակները։ Կծիկների քանակը համեմատաբար շատ է, սակայն յուրաքանչյուր կծիկի չափերը դեռևս փոքր են։ Երիկամների խտացնող հատկությունը թույլ է արտահայտված։


Երիկամներն ունեն ցածր տեղադրում, և նրանց հարաբերական զանգվածը գրեթե երկու անգամ գերազանցում է չափահասների երիկամների զանգվածին։ Միզածորանները ոլորաձև են, լայն, թերզարգացած էլաստիկ հյուսվածքով և մկանային շերտով։ Նրանց երկարությունը 6-7 սմ է։ Միզապարկն ունի բարձր տեղադրություն։ Նորածնի կյանքի առաջին օրերին մեզի տեսակարար կշիռը կազմում է 1.008-1.013, իսկ ավելի ուշ՝ 1.002-1.004։ Երիկամների խողովակներում թթուների չեզոքացման մեխանիզմների դեռևս լիարժեք չլինելու պատճառով նորածինների մոտ հնարավոր է նյութափոխանակային ացիդոզի զարգացումը։


Միզապարկի տարողությունը մոտ 50 մլ է։ Տղաների միզուկի երկարությունը մոտ 5-6 սմ է, իսկ ադջիկներինը՝ 2-2,5 սմ։
Ծնվելու ժամանակ երեխայի միզապարկում ոչ մեծ քանակությամբ մեզ է լինում։ Աոաջին երեք օրվա ընթացքում նորածինը օրվա մեջ միզում է 4-5, շաբաթվա վերջում՝ 15-25 անգամ։ Սկզբնական շրջանում մեզի ռեակցիան խիստ թթվային է, հետագայում՝ թույլ թթվային։ Նորածնի մեզի քանակությունը կյանքի I օրը կազմում է 19, II օրը՝ 46, III օրը՝ 82, IV օրը՝ 122, V օրը՝ 145, VI օրը՝ 183, VII օրը՝ 188, VIII օրը՝ 215 մլ։


Նորածնային շրջանում երիկամների խողովակները միներալոկորտիկոիդների և հակամիզամուղ հորմոնի նկատմամբ թույլ զգայնություն ունեն։ Սակայն, չնայած այդ հանգամանքին, առոդջ նորածնի երիկամներն ի վիճակի են ապահովելու օրգանիզմի ներքին միջավայրի մշտական կազմը։


Ներզատական համակարգ

 

Նորածինների ներզատական գեղձերի վերաբերյալ տվյալները դեռևս անբավարար են ։ Նորածնի հիպոֆիզը կշռում է 100-150մգ։ Այդ ներզատական գեղձում լավ են զարգացած սոմատոտրոպ հորմոն արտադրող ացիդոֆիլ ադենոցիտները (էոզինոֆիլ բջիջները)։


Նորածնի վահանաձև գեղձը
կշռում է 1-7 գ: Կյանքի առաջին ամիսներին գեղձի հյուսվածաբանական կառուցվածքը դեռևս ավարտված չէ և ֆունկցիան կատարյալ չէ։ Յոդը պարունակվում է ոչ մեծ քանակությամբ, անբավարար է արտադրվում թիրոքսինը։


Հարվահանագեղձերը հայտնվում են ներարգանդային զարգացման 6-րդ շաբաթում։ Երեխայի ծնվելուց հետո շարունակվում է գեղձի զարգացումը, որի մասին է վկայում տարիքի մեծացմանը զուգընթաց արտադրվող հորմոնի ավելացումը։ Թիրոքսինը կարգավորում է կալցիումի փոխանակությունը և օգնում է պահպանելու թթվահիմնային հավասարակշռությունը։


Ուրձագեղձի
կշիռը միջին հաշվով 12 գ է։ Գեղձում գերակշռում է կեղևային նյութը, շարակցական հյուսվածքն աննշան է։
Նորածնի կյանքի առաջին երկու ամիսներին ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակների թիվը համեմատաբար մեծ է, քան զարգացման հետագա շրջաններում, որով էլ պայմանավորված է գեղձի ֆունկցիայի բավարար վիճակը։


Նորածնի մակերիկամները կշռում են մոտ 7 գ, որը, ինչպես չափահասների մոտ, կազմում է մարմնի զանգվածի 0,3%-ը։ Մակերիկամների կեղևը կարող է սինթեզել կորտիկոստերոիդներ՝ կորտիկո– ստերոնի հարաբերական գերակշռությամբ։ Երեխան ծնվում է արյան մեջ կորտիկոստերոիդների քանակության բարձր մակարդակով։ Ծնվելուց հետո կորտիկոստերոիդները աստիճանաբար նվազում են, և արյան մեջ նրանց ամենացածր քանակը նկատվում է կյանքի 3-5֊րդ օրերին։ Հետագա օրերին կորտիկոստերոիդների խտությունն աստիճանաբար բարձրանում է և առաջին շաբաթվա վերջում հասնում չափահասների օրգանիզմում եղած մակարդակին (10մկգ/100 մլ)։ Կորտիկոստերոիդներն իրականացնում են օրգանիզմի պաշտպանահարմարվողական հակազդեցություններն արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ, ինչպես նաև մասնակցում են ժառանգական գործոնների իրականացմանը։


Նյարդային համակարգ

 

Նորածնի գլխուղեղը կշռում է 350–400գ: Մեծ կիսագնդերի կեղևը բարակ է, ուղեղի գորշ նյութը հստակորեն չի սահմանազատված սպիտակ նյութից, գանգլիոզ բջիջները թույլ են տարբերակված։ Նկատվում է գլխուղեղի կեղևի ցածր դրդելիություն, արագ հոգնելիություն և ենթակեղևի ֆունկցիայի գերակշռում։ Ուղեղիկը զարգացած է անբավարար, ունի երկարավուն ձև և ոչ խոր ակոսներ։ Կենտրոնական նյարդային համակարգի այլ բաժինների համեմատությամբ, ողնուղեղն ունի ավելի ավարտուն կաոուցվածք և ֆունկցիա։ Ծնվելու պահին հաղորդչական ուղիներն ընդհանրապես լավ են զարգացած, բացառությամբ բրգաձև ուղիների, որոնց միելինապատումը դեռևս չի ավարտված։


Ուղեղաողնուղեղային հեղուկի ընդհանուր քանակությունը միջին հաշվով 60 մլ է։ Այն մշտական շարժման մեջ է գտնվում և օրվա ընթացքում վերափոխվում է 4-5 անգամ, նորմայում թափանցիկ է, հաճախ՝ դեղնագույն (քսանտոքրոմ)։ Նման ֆիզիոլոգիական դեղնությունը պայմանավորված է նորածնի ֆիզիոլոգիական դեղնության ժամանակ արյան շիճուկից ուղեղաողնուղեղային հեղուկի մեջ բիլիռուբինի ներթափանցումով։


Վեգետատիվ նյարդային համակարգը
սկսում է գործել ծնվելու պահից։ Նրա գործունեության առանձնահատկությունները դեռևս անբավարար են ուսումնասիրված։ Հայտնի է, որ որոշ օրգանների ֆունկցիաներում գերակշռում է պարասիմպաթիկ, իսկ մյուսների ֆունկցիաներում՝ սիմպաթիկ բաժինների ազդեցությունը։ Նորածինների նյարդային համակարգի առանձնահատկություններով է բացատրվում աթետոզանման (ձեռքերի և ոտքերի մատների որոշ կանոնավորությամբ կատարվող անկամ և դանդաղ շարժումներ), չկոորդինացված շարժումները, որոնք պայմանավորված են տեսաթումբ-դժգունակորիզային (թալամոպալիդար) համակարգի գերիշխող ազդեցությամբ։


Նորածինների վերջույթների ծալիչ մկանների բարձր տոնուսի պատճառով վերջիններս ծալված (ֆլեքսիո) վիճակում են գտնվում: Նկատվում է գլխի և վզի տարածիչ մկանների տոնուսի բարձրացում, որի հետևանքով առկա է գլուխը ետ թեքելու հակումը։ Կյանքի առաջին օրերին նկատվում է վերջույթների դողոց (տրեմոր)։ Ջլային ռեֆլեքսներից ամենամշտականը ծնկային ռեֆլեքսն է։

 

Զգայական համակարգ

 

Նորածնային շրջանի երեխաների համար բնորոշ է զգայական օրգանների անկատարելիությունը։ Գործում են որոշ ընկալիչներ (ռեցեպտորներ) և զգայական ուղիներ։


Համային զգացողության օրգանը լավ է զարգացած և երեխան զանազան համային գրգռիչներին տարբեր ձևով է պատասխանում։

 

Հոտառությունը թույլ է զարգացած, չնայած կյանքի առաջին օրերից արդեն արտահայտվում է պարզորոշ։ Նորածինները երբեմն հրաժարվում են ծծել կուրծքը, եթե ստինքաբորբերի (մաստիտների) բուժման ժամանակ տհաճ հոտ ունեցող քսուքներ և լուծույթներ են գործածվում։

 

Նորածինների շոշափողական զգացողությունը համեմատաբար լավ է զարգացած։

 

Տեսողությունն աստիճանաբար է զարգանում և արտահայտվում է լույսի զգացողությամբ։ Աչքերի շարժումները, որպես կանոն, համադասեցված չեն, որն էլ պայմանավորում է նորածինների ֆիզիոլոգիական շլությունը։


Բբային և եղջերաթաղանթային ռեֆլեքսները՝ դրական են և որոշ չափով դանդաղած։ Առարկան աչքին մոտեցնելու դեպքում թարթման ռեֆլեքսը բացակայում է, թարթման պաշտպանական ռեֆլեքսն առա֊ ջանում է միայն ուժեղ լույսից։

 

Նորածնի լսողությունը դեռևս թույլ է, քանի որ օդը նրա թմբկախոռոչի մեջ աստիճանաբար է անցնում։ Սակայն կյանքի աոաջին օրերից արդեն երեխան ուժեղ ձայներին պատասխանում է ցնցվելով, դեմքի մկանների կծկումներով, շնչական շարժումների հաճախության և խորության փոփոխություններով։

 

Նորածինների ցավային ռեֆլեքսը համեմատաբար թույլ է արտահայտված, չնայած արտաարգանդային կյանքի առաջին ժամերից սկսած ցավային ռեֆլեքսները հեշտությամբ են առաջանում։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Ախտորոշում
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am

Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am
Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am

Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...

Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Բժշկի ընդունարանում
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Բժշկի ընդունարանում
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է կատարվում բիոպսիա գինեկոլոգիայում։


Գինեկոլոգիայում բիոպսիան իրականացվում է գինեկոլոգիական տարբեր խնդիրների ախտորոշման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)

Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի...

ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից
ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...

ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից
ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...

Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am
Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...

Հղիություն, ծննդաբերություն
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am

Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:

Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...

Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ
Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:

Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...

Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:

Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...

Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:


Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Հոգեկան առողջություն Սալուտեմ 3.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ