Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիություն. 7-րդ ամիս

28 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 30)
Երեխան սկսում է ձեզ ավելի լավ հասկանալ: Նա զգում է, երբ դուք մերսում եք ձեր որովայնը Բրեկստոն-Հիքսի կծկացավերի ժամանակ: Թեև այդ կծկացավերը մի քիչ ցավոտ են երեխայի համար, սակայն նրան վնաս չեն պատճառում, քանի որ նա ապահով պաշտպանված է պտղաջրերով:
Երեխան արդեն սկսում է վարժեցնել իր թոքերը` ռիթմիկ բարձրացնելով կրծքավանդակը: Արդյունքում նա երբեմն պտղաջրեր է կուլ տալիս, որը զկրտոց է առաջացնում: Այժմ ձեր փոքրիկը բավականաչափ ճարպային հյուսվածքներ ունի և վաղաժամ ծննդաբերությունը նրա համար սարսափելի չէ:
Մենք հաճախ մտածում ենք, թե արգանդը մութ տեղ է, սակայն այն կարող է մութ լինել՝ կախված մոր գտնվելու վայրից: Դուք ավելի ու ավելի լավ եք հասկանում երեխայի քունն ու օրգանիզմի ցիկլերը: Սովորաբար թվում է, թե երեխան ուզում է քնել այն ժամանակ, երբ դուք ակտիվ եք, և ընդհակառակը, ակտիվություն ցուցաբերել, երբ դուք քնած եք: Դա երեխայի անքնության ցուցանիշ չէ, և նրա օրգանիզմի ցիկլերը կարող են ընդհանրապես չհամապատասխանել նրա ներարգանդային կյանքի ցիկլերին:
Երեխայի ակտիվությունը
Այժմ ուլտրաձայնային հետազոտությունը հիանալի ցույց է տալիս այն ամենը, ինչ անում է ձեր փոքրիկը: Նրա մոտ մշակվել է քնի և ակտիվության սեփական ռիթմը, սակայն թվում է, թե առավելագույն ակտիվություն նա դրսևորում է այն ժամանակ, երբ դուք փորձում եք քնել:
Ինչ է տեղի ունենում փոքրիկի հետ
27-րդ շաբաթ: Կապեր են հաստատվում ներզատիչ համակարգի և մակերիկամների` երեխայի արտաքին պայմաններին վարժվելու և կենսագործունեության համար պատասխանատու կառավարման ուղեղային կենտրոնների հետ:
26-րդ շաբաթ: Աճում են մկանները, ամրանում ու երկարում են ոսկրերը, հասունանում են թոքերը, նրանցում արտադրվում է հատուկ նյութ` սուրֆակտանտ, որն օգնում է փոքրիկի առաջին շնչին և կանխարգելում թոքերի փակվելը:
28-րդ շաբաթ: Երեխան զբաղեցնում է ողջ արգանդախոռոչը, սակայն դեռ կարող է շրջվել, ինչպես կամենա: Նա արդեն եղունգներ ունի, սակայն դրանք դեռ մատների ծայրերին չեն հասնում:
29-րդ շաբաթ: Փոքրիկը կարողանում է ժպտալ և կկոցել աչքերը: Նրա աչքերը կիսաբաց են:
Երեխայի հասակն ու քաշը
Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 37,5 սմ
Քաշը՝ մոտ 1360-1400 գ:
Ձեր ճիշտ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը կօգնեն խուսափել թունավոր հղիությունից` հղիության երկրորդ կեսում:
Յոթերորդ ամսում արգանդի բարձրությունը ցայլոսկրից կազմում է 24 սմ և կարող է արձագանքել երեխայի շարժումներին` կծկացավերի տիպի լարվածությամբ, որոնք, սակայն, անցավ են: Դա յուրօրինակ մարզանք է, որով արգանդը պատրաստվում է ծննդաբերությանը: Պառկեք կողքի, հանգստացեք, թուլացեք, և ամեն ինչ կանցնի:
Նշանակալիորեն ավելանում է երեխայի կալցիումի պահանջը, սկսվում է կմախքի ինտենսիվ աճը: Կալցիումի պակասը ձեզ մոտ կարող է հանգեցնել մկաննների ջղաձգության (հատկապես գիշերները), փչանում են ատամները: Նախկինում բացակայող ատամների քանակով բժիշկներն անսխալ որոշում էին, թե քանի անգամ է կինը ծննդաբերել: Մեր օրերում հղիների համար նախատեսված համալիր դեղամիջոցներն ու ճիշտ սնունդը թույլ են տալիս խուսափել ատամնաբուժական խնդիրներից:
Ձեր գործողությունները
![]() |
![]() |
Հղիությունը ֆիզիկական վարժություններից հրաժարվելու պատճառ չէ: Այժմ պետք է զբաղվել մկանների ամրացմամբ, որոնց վրա է ընկնում ծննդաբերության հիմնական ծանրությունը: Լավագույն միջոցը լողն է: Ջուրն օգնում է թուլանալ, հանգստացնում է հոդերի և ողնաշարի լարվածությունը: Լողավազանում վարժանքներն օգնում են ճիշտ շնչել, կառավարել սեփական մարմինը: Գտեք այնպիսի սպորտային ակումբ, որն առաջարկում է ջրային մարմնամարզություն` նախատեսված ապագա մայրերի համար: Լողի հետ միաժամանակ պետք է զբաղվել հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ, իսկ տանը կատարել Կեգելի վարժությունները` շեքի մկանների համար: Ներարգանդային կյանքի յոթերորդ ամիսը կարելի է բնութագրել որպես մանկան զգայարանների կայացման շրջան: Նա տարբերում է որոշ հոտեր, համ է զգում և տեսողական ընկալում ունի: Դժվար է հավատալ, սակայն փորձերը հաստատում են, որ եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մոր փորին վառ լույս ուղղեն, ապա էկրանին երևում է, թե փոքրիկն ինչպես է ցնցվում և փոխում դիրքը: Յոթ ամսեկան փոքրիկը ոչ միայն լսում է, այլև լավ տարբերում ձայները, ինչպես նրանք, որոնցով մշտապես շրջապատված է` մոր սրտի բաբախյունը, նրա աղիների գալարակծկանքը, պորտալարի բաբախումը, այնպես էլ արտաքին ձայները:
Այն, որ երեխան լսում է և նույնիսկ «խոսում» ծնողների հետ, համոզվել են 700 ապագա ծնողներ, որոնք 1986 թ. ԱՄՆ-ում հատուկ ծրագրով անցել են երեխայի՝ ներարգանդային կյանքի շրջանի ուսուցում: Հղիության հինգերորդ ամսում փոքրիկի ուշադրությունը գրավում էին` օրական երկու անգամ թեթևակի խփելով մոր որովայնին: Երկու ամիս անց երեխան միշտ այդ շարժմանն արձագանքում էր շարժումով: Այս դպրոցի մասնակիցներից մեկը պարբերաբար այտը հպում էր կնոջ փորին և հստակ արտաբերում՝ «Փոքրիկ, ես քո հայրն եմ»: Ծննդից հետո երեխան միշտ ճանաչում էր այդ արտահայտությունը, իսկույն դադարում էր լացը և փորձում գլուխը թեքել ծանոթ ձայնի կողմը: Բոլոր երեխաները, որոնք «սովորել» էին այդ արտասովոր դպրոցում, իրենց հասակակիցներից ավելի շուտ են սկսել քայլել, խոսել, քիչ են լացել և կարողացել են երկար և ուշադիր լսել ծնողներին:
Այս ամենը վկայում է, որ ներարգանդային կյանքի ընթացքում երեխան արտաքին աշխարհից դրական ազդեցության կարիք ունի: Այդ պատճառով ձեր ապագա փոքրիկի համար հաճախակի դասական երաժշտություն միացրեք՝ Վիվալդի, Մոցարտ, Բախ... Առավել ևս` ըստ որոշ դիտարկումների, դասական երաժշտությունը հանգստացնում է, նպաստում, որ մոր սիրտը հանգիստ բաբախի: Չէ՞ որ բոլոր ձայների մեջ փոքրիկը հստակ առանձնացնում է մոր սրտի ռիթմիկ բաբախյունը, և քանի դեռ այդ բաբախը նորմալ է, երեխան իրեն անվտանգ է զգում: Նույնիսկ ծննդից հետո փոքրիկն արագ հանգստանում է, երբ մայրը վերցնում է նրան ձեռքերի վրա և սեղմում ձախ կրծքին՝ հնարավորություն տալով ունկնդրել սրտի ծանոթ «մեղեդին»:
Յոթ ամսեկան պտուղն ակտիվ է ոչ միայն զգայարանների և շարժողական ռեակցիաների հետևանքով, այլև նա դառնում է իր սեփական աճի և հասունացման ակտիվ մասնակիցը:
Ինչպես արդեն ասվել է, հղիության ողջ ընթացքում պտուղը սերտորեն կապված է մայրական օրգանիզմին և ապրում է «մայր-ընկերք-պտուղ» բարդ համակարգի կանոններով: Այս համակարգի յուրաքանչյուր օղակ աշխատում է ոչ միայն իր, այլև մյուսների համար: Այժմ` հղիության վերջին շրջանում, պտուղն արդեն ամբողջությամբ կախված չէ մորից և ընկերքից, իրեն անհրաժեշտ բիոքիմիական շատ նյութեր ինքն է արտադրում, ինչպես օրինակ` հորմոնները: Այս ընթացքում մեծանում է աճի հորմոնի դերը, որն արտադրվում է մակուղեղի կողմից, նաև վահանաձև գեղձի, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի հորմոնները:
Արտադրվող հորմոնների և ֆերմենտների (նյութեր, որոնք ակտիվացնում և ուղղորդում են օրգանիզմի բիոքիմիական ռեակցիաները) շնորհիվ պտուղը ձևավորում է իր յուրօրինակ նյութափոխանակության համակարգը:
Այնուամենայնիվ դեռ վերջնական ինքնուրույնությունը շատ հեռու է: Նրա ներարգանդային զարգացումը մեծավ մասամբ պայմանավորված է նրան շրջապատող միջավայրով: Պտուղն ապրում է բաց երանգով ու թափանցիկ ամնիոտիկ հեղուկում, որի ծավալը յոթերորդ ամսում կազմում է 700 մմ, և իր կազմով հիշեցնում է արյունը, սակայն նրա հիմնական բաղադրամասը ջուրն է: Նրանում պարունակվում են նաև պտղի տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջներ:
Պտղաջրերը մշտապես թարմացվում են: Դա նման է լողավազանների հայտնի խնդրին, երբ խողովակի մի կողմից ջուրը հոսում է դեպի ավազան, մյուս կողմից՝ արտահոսում է: Այդպես էլ ամնիոտիկ հեղուկը՝ մշտապես արտադրվում է և կլանվում մանկան կողմից` մասամբ մաշկի միջոցով, մասամբ` մարսողության օրգանների և նույնիսկ` թոքերի: Համարվում է, որ օրական 3-4 անգամ տեղի է ունենում ամնիոտիկ հեղուկի ամբողջությամբ նորացում: Պտուղն անտարբեր չէ պտղաջրերի ինչպես ավելացման, այնպես էլ պակասեցման նկատմամբ:
Պտղաջրերի կազմից կարելի է պատկերացում կազմել պտղի հասունացման և նրա օրգանների գործառույթների մասին: Մասնավորապես, թոքեերի հասունացման նշան է համարվում ալվեոլներում սուրֆակտանտի (հատուկ նյութ, առանց որի թոքերի բազմաթիվ ալվեոլները չեն կարող բացվել և շնչել ) առկայությունը: Սուրֆակտանտի հիմնական բաղադրամասը ֆոսֆոլիպիդներն են, որոնց քանակությունը պտղաջրերում կարող է պատկերացում տալ, թե ինչպես է ընթանում թոքերի հասունացումը: Մեթոդներից մեկը` այնպիսի ֆոսֆոլիպիդների, ինչպիսին լեցիտինն ու սֆինգոմիելինն են, հարաբերակցության որոշումն է: Եթե, օրինակ, հարաբերակցությունը 1:5 է, ապա մասնագետները գալիս են եզրակացության, որ թոքերը պատրաստ չեն լիարժեք գործելու և վաղաժամ ծննդաբերության ելքը պտղի համար բարենպաստ չէ: Եթե մոր արյան ռեզուսը բացասական է, ապա պտղաջրերում պարունակվում են մոր օրգանիզմում արտադրվող հակամարմիններ` պտղի սպիտակուցի դրական ռեզուսի նկատմամբ: Այդ պատճառով բացասական ռեզուսով հղիների մոտ հեմոլիտիկ հիվանդության ախտորոշման համար նշանակվում է ամնիոցենտեզ:
Կինն այս ընթացքում պետք է խիստ ուշադիր լինի իր օրգանիզմի վիճակի և պտղի նկատմամբ: Հղիներն այս շաբաթների ընթացքում, որպես կանոն, դեռ աշխատում են, սակայն նրա աշխատանքն արդեն պետք է թեթև լինի: Պետք է աշխատել զերծ մնալ սթրեսներից և բացասական հուզումներից: Նույնիսկ ուսանողուհու համար այնպիսի սովորական իրավիճակը, ինչպիսին քննություն հանձնելն է, կարող է դառնալ սթրեսային գործոն ու հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Կինը պետք է զգուշանա որովայնի ստորին հատվածում ցավերից և արգանդի մկանների լարվածությունից: Դրանք կարող են հղիության ընդհատման առաջին նշանները լինել: Այդ դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:
Եթե ծննդաբերությունը, այնուամենայնիվ, սկսվում է, մի հուսահատվեք, յոթ ամսեկան երեխան բավականին կենսունակ է: Ժամկետից շուտ ծնվելու հետևանքով նա, իհարկե, թույլ է, դժվար է ինքնուրույն հարմարվել նոր կենսապայմաններին, սակայն ժամանակակից բժշկությունը նրան ապրելու հնարավորություն է տալիս:


|
Կարդացեք նաև

Հղիության սկզբում կնոջ օրգանիզմում ձևավորվում է օրգան, որն ինն ամսվա ընթացքում պտղին ապահովում է անհրաժեշտ նյութերով և թթվածնով։ Դա ընկերքն է։ Այն սերտաճում է մայրական հյուսվածքի հետ և երեխայի...





Իստմիկո-ցերվիկալ անբավարարությունը (ԻՑԱ) վտանգավոր վիճակ է, որը կարող է բերել հղիության վաղաժամ ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության: ԻՑԱ ախտորոշվում է վիժումների 15-42% դեպքերում և ախտորոշումը...



Լուծի հետ կարող է առնչվել ցանկացած առողջ մարդ։ Այն կարող է տարվա մեջ մի քանի անգամ տարբեր պատճառներով առաջանալ։ Եվ հիմնականում մենք գիտենք, թե ինչպես դրա դեմ պայքարել։ Իսկ հղիության ժամանակ...



Երեխաներն առողջ ամուսնության գագաթնակետն են։
(ՌՈՒԴՈԼՖ ՆՈՅԲԵՐՏ)
Սեռավարակների ի՞նչ տեսակներ կան և որքանո՞վ են վտանգավոր կանանց համար...



Չզարգացող հղիությունը վիճակ է, որի ժամանակ դադարում է (սառեցվում է) պտղի զարգացումը: Այդպիսի հղիությունների մոտավորապես 80%-ն ի հայտ է գալիս առաջին եռամսյակում (մինչև 12 շաբաթականը)...



Ի՞նչ ասել է փաթաթված պորտալար:
Փաթաթված պորտալարը հղիության ընթացքի ախտաբանական վիճակ է, երբ դիտվում է պորտալարի փաթաթում պտղի մարմնի տարբեր հատվածներում...



Ներկայում մոլորակի բնակչության հիմնական մասին հուզող հարցերն են. «Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսով վարակումից» և «Տարած հիվանդությունից հետո առողջության համար ինչպիսի՞ հետևանքներ են կարող են լինել»...



Մարդկությունը բաժանվում է ռեզուս-դրական և ռեզուս-բացասական գործոններով: Բացասական ռեզուս գործոնով բոլոր կանայք պետք է իմանան հղիության վարման նրբությունները և թե ինչ է նշանակում ռեզուս կոնֆլիկտը...



Շատերն են ծանոթ ալերգիկ ռեակցիաների տհաճ հետևանքներին, և հղիները ևս բացառություն չեն:
Որո՞նք են ալերգիկ ռեակցիաների պատճառները...



Բեղմնավորման ունակությունն ընդունված է անվանել ֆերտիլություն: Հենց այդ պահին է իրականանում երկար սպասված հղիությունը: Օրգանիզմի կենսաբանական ռիթմի իմացությունը թույլ է տալիս ինքնուրույն որոշել երեխայի բեղմնավորման օրը...



Այրոցի նման տհաճ զգացողություններ ունենում են գրեթե բոլորը։ Հղիության ընթացքում կանանց մեծ մասի մոտ այս տհաճ երևույթը մի քանի ամիս դառնում է մշտական ուղեկից...



Ե՞րբ է օգտագործվում
Ձվաբջջի դոնորությունն օգտագործվում է, երբ կնոջ ձվարանային պաշարը սպառված է լինում...



Յուրաքանչյուր կին, պատրաստվելով մայրանալ, լավագույն և բարենպաստ ելքի հույս ունի, և դա ճիշտ է։ Այդ դեպքում կինը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենա օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին...



Որքա՞ն հաճախ պետք է հաճախել կանանց կոնսուլտացիա:
Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ