Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Նյարդաբանություն

Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես հաճախացել են չարորակ նորագոյացությունները:

Գլխուղեղի ուռուցքների տեսակները


Գլխուղեղի նորագոյացությունները լինում են բարորակ և չարորակ և ըստ հիստոլոգիական կառուցվածքի բաժանվում են չորս աստիճանի (Grade I - IV): Առաջին երկու աստիճանները համարվում են բարորակ, երրորդ և չորրորդ աստիճանները՝ չարորակ ուռուցքներ:

Բարորակը չարորակից տարբերվում է ուռուցքային բջջի կիսման արագությամբ․ չարորակ ուռուցքների բջիջների կորիզները շատ արագ են կիսվում, հաճախ առանց նորմալ կորիզ ձևավորելու, առանց նորմալ բջիջ դառնալու և տարածվում են ուղեղի հյուսվածքում:

Չարորակ ուռուցքները չունեն հստակ սահմաններ:

Գլխուղեղի ուռուցքներն ավելի հաճախ առաջնայի՞ն են, թե՞ մետաստատիկ

Ավելի հաճախ գլխուղեղի ուռուցքներն առաջնային են: Գլխուղեղն ընդունում է մետաստազներ, բայց մետաստազ չի առաջացնում, բացառությամբ գլիոբլաստոմա կոչվող ուռուցքի, որը մետաստազ է առաջացնում դեպի ողնուղեղ: Մետաստազների դեպքում առաջնային օջախը հաճախ տեղակայված է լինում տղամարդկանց մոտ` շագանակագեղձում կամ թոքերում, իսկ կանանց մոտ` կրծքագեղձերում, ձվարաններում։

Ուռուցքների առաջացմանը նպաստող պատճառները


Ուռուցքները բազմապատճառային են: Պատճառներ են ժառանգական նախատրամադրվածությունը, իմունիտետի անկումը, վարակները, ճառագայթումը և այլն: Նպաստող գործոններից են վնասակար սովորությունները, անառողջ սնունդը, սխալ ապրելակերպը:

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում գլխուղեղի ուռուցքը


Ուռուցքների ժամանակ գանգատները հիմնականում պայմանավորված են ուռուցքի տեղակայմամբ: Այս ախտանիշները կոչվում են օջախային։ Եթե այն ճակատային բլթում է, ապա կարող են շարժողական խանգարումներ, խոսքի խանգարում կամ վարքային խնդիրներ առաջանալ: Ընդ որում, աջլիկների մոտ խոսքի կենտրոնը գտնվում է գլխուղեղի ձախ կիսագնդում, իսկ ձախլիկների մոտ` աջում։ Հետևաբար ոչ միշտ են շարժողական խանգարումներն ուղեկցվում խոսակցական գործառույթի խախտմամբ (աֆազիա)։

Ծոծրակային բլթի ուռուցների պարագայում հիվանդի մոտ առաջանում են տեսողական գանգատներ. ուղիղ նայելիս կողքերը չեն երևում, կամ թվում է, թե խողովակի միջով են նայում։

Ուռուցքի ախտանշան կարող են լինել նաև հորմոնալ խնդիրները, երբ վահանաձև գեղձի, կանացի հորմոնների մակարդակի ախտաբանական փոփոխությունը զուգորդվում է տեսադաշտերի սահմանափակումով: Նման դեպքերում հարկ է ժխտել հիպոֆիզի շրջանի ուռուցքները, ադենոմաները: Այդ հատվածում հանդիպում են նաև կրանիոֆարինգիոմաներ և այլ ուռուցքներ:

Ուղեղիկի ուռուցքների պարագայում բնորոշ գանգատներից են գլխապտույտը և հավասարակշռության խանգարումը։ Իսկ ուղեղիկ–կամրջային անկյան ուռուցքի դեպքում (ակուստիկ նևրինոմա) հիվանդի մոտ առաջանում է դեմքի ծռվածություն և լսողության խանգարում։ Ի դեպ, դեմքի ծռվածությունը հաճախ ախտորոշվում է որպես գլխուղեղի կաթված կամ դիմային նյարդի ախտահարում, ինչը ուշացնում է հիվանդի պատշաճ հետազոտումը և վիրաբուժական միջամտությունը։

Հաճախ գլխուղեղի ուռուցքներն ուղեկցվում են էպիլեպտիկ նոպաներով:

Պետք է հաշվի առնել, որ ձեռքի և ոտքի թուլությունը կարող են լինել այլ պատճառներով ևս՝ ինսուլտի, գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարման, ողնաշարի պարանոցային հատվածների ախտահարման, անգամ հիստերիկ նոպայի ժամանակ:

Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը


ՀՀ-ում բավականին արդյունավետորեն հնարավոր է իրականացնել ուռուցքների ախտորոշումը, քանի որ կան նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ և հատկապես՝ գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն:

Եթե առկա է գանգի ոսկրերի ուռուցք, ապա ավելի ճիշտ է կատարել գլխուղեղի ԿՏ հետազոտություն, որն ավելի լավ է բացահայտում թե՛ ուռուցքի չափերը, թե՛ տեղակայումը, թե՛ աճի տեղամասը։ Իսկ գլխուղեղի ուռուցքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել ՄՌՏ հետազոտություն՝ կոնտրաստի պարտադիր ներարկմամբ:

Կոնտրաստավորման անհրաժեշտությունը տեղում որոշում է բժիշկ-ռադիոլոգը:

Բարորակ և չարորակ ուռուցքների տարբերակումը ևս կատարվում է ՄՌՏ, իսկ վիրահատությունից կամ բիոպսիայից հետո` նաև հիստոլոգիական հետազոտության շնորհիվ:

Հայաստանում զարգացած է նաև պաթանատոմիական, հիստոլոգիական ոլորտը, օրինակ, իրականացվում է իմունոհիստոքիմիական հետազոտություն, ինչը հստակեցնում է վերջնական հիստոլոգիական ախտորոշումը։ Արդյունքում որոշվում է ճառագայթային բուժման և քիմիոթերապիայի անհրաժեշտությունը:

Բուժման ոչ վիրահատական և վիրահատական մեթոդները


Քանի որ գլխուղեղը գտնվում է փակ ոսկրային «կաղապարում», ապա անգամ փոքր գոյացություններն առաջացնում են ներգանգային ճնշման փոփոխություն, գանգատներ և շեղումներ նյարդաբանական վիճակում։

Կախված ուռուցքի չափից և տեղակայումից` նյարդավիրաբույժի կողմից որոշում է կայացվում կատարելու վիրաբուժական միջամտություն կամ հիվանդին ուղղորդելու գամմա/ կիբեր դանակի (նպատակային ճառագայթային բուժում)։

Բարորակ կրակալված փոքր ուռուցքները հիմնականում հեռացվում են, եթե հիվանդն է այդպիսի ցանկություն հայտնում, կամ եթե դրանք առաջացնում են էպիլեպտիկ նոպաներ։

Խորանիստ տեղակայման փոքր ուռուցքների պարագայում նպատակահարմար է դիմել գամմա/կիբեր դանակի օգնությանը, ինչը թույլ է տալիս առանց վիրահատության ազդել անմիջապես ուռուցքի վրա և հասնել դրա հետաճին։

Միջին և մեծ չափերի բարորակ նորագոյացությունները նպատակահարմար է հեռացնել։

Չարորակ նորագոյացությունների պարագայում (գլիոբլաստոմա, անապլաստիկ աստրոցիտոմա) վիրաբուժական միջամտության հարցը որոշվում է՝ ելնելով ուռուցքի տեղակայումից, տարածվածությունից, ընդհանուր կլինիկական և նյարդաբանական ախտանիշներից, հիվանդի ընդհանուր սոմատիկ (մարմնական) վիճակից։ Վիրահատական միջամտության որոշում կայացնելիս անշուշտ կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե տվյալ ուռուցքի որերորդ կրկնությունն է (ռեցիդիվ)։

Հարկ է շեշտել, որ այլ օրգան համակարգերի պարագայում հնարավոր է հեռացնել լրացուցիչ հյուսվածք, որտեղ կարող է չարորակ ուռուցքը ներաճած լինել։ Գլխուղեղի պարագայում յուրաքանչյուր ավել միլիմետր ուղեղային հյուսվածքի հեռացումը կարող է բերել ծանր հաշմանդամության։

Հետևաբար, չարորակ ուռուցքների հեռացման պարագայում հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ։

Ողջ աշխարհում կիրառվում է նորագույն նյարդանավիգացիոն համակարգ, որը հնարավորություն է տալիս գլխուղեղի  նախօրոք կատարված ՄՌՏ պատկերը համադրելու վիրահատական սեղանին գտնվող հիվանդի գլխի հետ և հստակ որոշել, թե որտեղ է տեղակայված ուռուցքը, որտեղ են դրա սահմանները, ինչ մուտքով պետք է մոտենալ դրան։

Նյարդանավիգացիոն համակարգը թույլ է տալիս նաև խուսափել այնպիսի բարդություններից, ինչպիսիք են խոշոր երակների կամ զարկերակների վնասումը։

Ուռուցքի հստակ տեղակայումը, սահմանները, խորությունը հնարավոր է որոշել նաև ներվիրահատական նյարդասոնոգրաֆիայի օգնությամբ։ Այս պարագայում, սակայն, հետազոտությունն ինֆորմատիվ է միայն գանգոսկրի հեռացումից հետո։

Մակերեսային ուռուցքները, հատկապես, եթե դրանք ներաճել են գլխուղեղի կեղևի, կարծր ուղեղաթաղանթի կամ ոսկրի մեջ, առավել հեշտ են հայտնաբերվում, և որևէ լրացուցիչ սարքավորման անհրաժեշտություն չի պահանջվում:

Ե՛վ զարգացած երկրներում, և՛ մեզ մոտ գլխուղեղի ուռուցքները հեռացվում են նյարդավիրաբուժական մանրադիտակի օգտագործմամբ, ինչը թույլ է տալիս ավելի նուրբ աշխատել՝ նվազագույնի հասցնելով գլխուղեղի գործառութային գոտիների վնասումը։

Խոսելով գլխուղեղի չարորակ ուռուցքների, մասնավորապես գլիոբլաստոմաների մասին, պարտադիր եմ համարում նշել, որ հստակ սահմաններ չունեցող այս ուռուցքի դեպքում վիրահատությունից առաջ հիվանդին ներարկվում է 5-ALA դեղամիջոցը, որը կուտակվում է բացառապես ուռուցքային բջիջներում։ Վիրահատության ընթացքում, մանրադիտակի հատուկ ռեժիմի պայմաններում, այդ կուտակված նյութը երևում է մանուշակագույն երանգով (ֆլյուորեսցենցիա) և նյարդավիրաբույժին հնարավորություն է տալիս տարանջատելու ուռուցքային հյուսվածքը ուղեղային առողջ  հյուսվածքից։ Արդյունքում հեռացվում է միայն 5-ALA կուտակած չարորակ ուռուցքը։

Ցավոք, այս եղանակը դեռևս հասանելի չէ Հայաստանում։

Ուռուցքաբանության մեջ բուժվում է ոչ թե ուռուցքի նկարը, այլ  մարդը: Նկարն օգնում է միայն ճիշտ և նպատակաուղղված վիրահատություն կատարելուն:

Որքանո՞վ է հնարավոր բուժման շնորհիվ վերականգնել գլխուղեղի վնասված շրջանները

Գլխուղեղի յուրաքանչյուր կենտրոն պատասխանատու է մարդու որևէ գործառույթի համար. կան շարժողական, զգացողական, մտածողության, հիշողության, հավասարակշռության, խոսքի, լսողության և այլ կենտրոններ և այդ կենտրոններն իրար կապող միլիոնավոր նյարդաթելեր։ Հետևաբար, նյարդավիրաբույժի նուրբ աշխատանքից կախված է ոչ միայն ախտահարված կենտրոնի գործունեությունը, այլ նաև մարդու կենսունակությունն ընդհանրապես։

Ուշացած դեպքերում բժիշկներին հիմնականում չի հաջողվում վերականգնել ախտահարված կենտրոնի գործառույթը։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում գանգատներ ունենալիս անհապաղ դիմել բժշկի:

Մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական վատ վիճակը նաև անտարբերությունը սեփական առողջության նկատմամբ բերում է շատ թանկարժեք ժամանակի կորստի։ Արդյունքում մարդու առողջությունը վերականգնելու կամ կյանքը փրկելու համար ավելի մեծ ջանքեր ու ֆինանսական միջոցներ են պահանջվում, իսկ գրանցված արդյունքը հաճախ լինում է անբավարար։

Գանգի տրեպանացիայի դեպքում ինչպե՞ս է իրականացվում գանգոսկրի արատի վերականգնումը


Կան ուռուցքներ, որոնց ժամանակ ոսկորը հեռացվում է, և չի կարելի այն հետ դնել /հետին գանգափոսի ուռուցքների դեպքում կամ երբ ուռուցքը ներաճել է գանգոսկրի մեջ/, որովհետև տեղադրած ոսկորը կդառնա ուռուցքի կրկնակի աճի աղբյուր: Իսկ եթե ոսկրը ախտահարված չէ (ինտակտ է), ապա վիրահատությունն ավարտելուց հետո այն հետ է դրվում և ամրացվում ոսկրային կարերով։

Այն դեպքերում, երբ վիրահատությունից հետո մնում է գանգոսկրի արատ, հիվանդին առաջարկվում է 3-6 ամիս անց ներկայանալ արատի պլաստիկայի համար։ Այս նպատակով հիմնականում օգտագործում են տիտանե թիթեղներ, որոնք հետագայում հնարավորություն են տալիս առանց խնդրի կատարելու գլխուղեղի ստուգիչ ՄՌՏ հետազոտություն: Լայնորեն կիրառվում է նաև կրանիոպլաստիկան պրոտակրիլով, որը համարվում է ոսկրի փոխարինիչ։

Հին եղանակներից է օրգանական ապակու կիրառումը, որն աստիճանաբար դուրս է գալիս գործածումից։

Որպես նորագույն տարբերակ լայնորեն կիրառվում են 3D տպիչով ստացված արհեստական ոսկրերը։ Այս եղանակն այսօր առկա է և կիրառվում է նաև Հայաստանում։

Ի՞նչ խորհուրդ կտաք հասարակությանը


Դարի հիվանդություններից է համարվում կանցերոֆոբիան (վախ ուռուցք ունենալուց)։ Այս դեպքում ես խորհուրդ եմ տալիս անպայման կատարելու գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն, համոզվել, որ ուռուցք չկա և հանգիստ ապրել։

Կա և հակառակը իրավիճակը, երբ մարդիկ շատ անտարբեր են և անգամ հաճախակի գլխացավեր ունենալով՝ բժշկի չեն դիմում:

Ինչպես նշել եմ մեր զրույցի սկզբում, ուռուցքները բազմապատճառ հիվանդություններ են, և մենք մեր վարքով կարող ենք նվազագույնի հասցնել դրանց առաջացումը։

Առաջին հերթին խորհուրդ եմ տալիս վարելու առողջ ապրելակերպ. չծխել, օգտագործել առատ հեղուկներ, նվազեցնել ճառագայթային ֆոնը (համակարգչով և հեռախոսով աշխատաժամանակը), հաճախ լինել մաքուր օդում, օգտագործել առողջ սնունդ։

Լավ կլիներ իհարկե, եթե ունենայինք պետական ծրագիր, և մեր բոլոր քաղաքացիներին սքրինինգային ՄՌՏ հետազոտության ենթարկեինք։ Սակայն, կարծում եմ, որ ներկա իրավիճակում այս հարցը դեռևս լուծում չի ստանալու։

Քանի որ երեխաների օրգանիզմը «աճող է», ապա նրանց մոտ ավելի հաճախ հանդիպում են չարորակ ուռուցքներ։

Հորդորում եմ, որ ծնողները երեխաներին առավելագույնս զերծ պահեն հեռախոսներից, համակարգչից, որովհետև աճող օրգանիզմի համար ճառագայթումն ավելի մեծ վտանգ է ներկայացնում։ Այն ճնշում է բոլորիս օրգանիզմում առկա հակաուռուցքային գործոնը, և անընդհատ առաջացող ուռուցքային բջիջների ոչնչացումը օրգանիզմի կողմից խաթարվում է: Այն բոլոր գործոնները որոնք ճնշում են հակաուռուցքային գործոնը, պատճառ են դառնում ուռուցքի առաջացման /ճառագայթում, սթրես, վարակներ և այլն/:

Վերջում եկեք հիշենք, որ մեր կյանքն ու առողջությունը մեր ձեռքերում են։ Ավելին, մեր ձեռքերում է նաև մեր երեխաների, ծնողների, հարազատների ու սիրելի մարդկանց առողջությունը։ Հետևաբար, որքան գրագետ լինենք մենք, այնքան առողջ կլինեն մեր սիրելի մարդիկ։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ