Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Այլ հոդվածներ

Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանի շրջակա միջավայրի աղտոտվածությունը վնասակար նյութերով և դրա բժշկակենսաբանական հետևանքները

Բանալի բառեր. շրջակա միջավայր, աշխատանքի հիգիենա, պղինձ, կապար, մոլիբդեն, հիվանդացություն

Բազմամետաղային հանքերից պղնձի արդյունահանումը, հանքաքարի հարստացումը, խտանյութից պղնձի կորզումը և մաքուր մետաղի ստացումը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից է: Հանքաքարից պղինձ արդյունահանվում է Ղափանում, Քաջարանում, Ագարակում, Շամլուղում, Ախթալայում, ձուլվում է Ալավերդիում:  Ցավոք հանքերում, հարստացուցիչ ֆաբրիկաներում և պղնձաձուլական գործարանում պղնձի արտադրության կազմակերպումը առաջացրեց բազմաթիվ իրենց լուծումը չգտած լուրջ խնդիրներ` աշխատանքի անվտանգության, բանվորների և բնակչության առողջության պահպանման, շրջակա միջավայրը վնասակար նյութերով աղտոտումից զերծ պահելու տեսանկյունից: Հակափոշային միջոցառումների ցածր արդյունավետության, վնասակար նյութերով արտադրական և շրջակա միջավայրի օբյեկտների աղտոտումը կանխարգելու ցածր արդյունավետության պատճառով պղինձ պարունակող հանքաքարի արդյունահանման և հարստացման, ստացված խտանյութերի մետալուրգիական մշակման հարցերով զբաղվող արդյունաբերական ձեռնարկությունների բանվորների մոտ արձանագրվում են տարբեր մասնագիտական հիվանդությունների` սիլիկոզի, փոշային բրոնխիտների, ծծմբային անհիդրիդով սուր և խրոնիկական թունավորումների, լյարդի, շնչառական ուղիների, ստամոքս-աղիքային և այլ օրգանների մասնագիտական բնույթի ախտահարման դեպքեր:

 

Առանձնապես անհանդուրժելի իրավիճակ էր ստեղծվել Ալավերդի քաղաքում [5,13], որի մթնոլորտային օդը և հողը խիստ աղտոտված էր պղնձաձուլական գործարանի արտադրամասերից արտանետվող ծծմբի և ազոտի օքսիդներով, մետալուրգիական մշակման ենթարկվող տարբեր խտանյութերում պարունակվող պղնձի, ինչպես նաև բազմաթիվ այլ թունավոր մետաղների` մոլիբդենի, ցինկի, կապարի, կադմիումի կոնդենսացիայի աերոզոլներով, մկնդեղի, ռենիումի, սելենի, թելուրի, բիսմութի օքսիդներով:

 

Անցած դարի վերջին ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` ծծմբի անհիդրիդը ծծմբաթթվի վերածելու միջոցով ուտիլիզացնելու, պղնձի կոնցենտրատի օքսիդական թրծման (окислительный обжиг) վառարանները նոր, ավելի կատարյալ վառարաններով փոխարինելու, պղնձի ձուլումը էլեկտրական վառարաններում կատարելու, գազափոշեկլանող հզոր սարքեր տեղադրելու, գործարանի արտադրանասերում արտադրության մեքենայացման մակարդակը բարձրացնելու և մի շարք այլ միջոցառումների շնորհիվ պղնձաձուլական գործարանի աշխատատեղերի օդում, ինչպես նաև Ալավերդու մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի օբյեկտների աղտոտման մակարդակը զգալիորեն իջավ, բայց շարունակեց մնալ թույլատրելի սահմանները գերազանցող ցուցանիշների վրա:

 

Դրա մասին են վկայում Ալավերդի քաղաքում կատարված հետազոտությունների արդյունքները [13] (2002-2003թթ), ըստ որի Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանի արտադրամասերում 2002թ. ընթացքում ծծմբական անհիդրիդի տարեկան միջին պարունակությունը կազմել է 1,68 մգ/մ3  (ՍԹԽ-ից բարձր է 3,66 անգամ), իսկ ծծմբաթթվի պարունակությունը չի գերազանցել ՍԹԽ-ի մակարդակը: 2003թ. ծծմբական անհիդրիդի միջին խտությունը օդում կազմել է     3,34 մգ/մ3  , որը 6,7 անգամ բարձր է թույլատրելի մակարդակից: Ձուլարանի օդում և նրան հարող տեղամասերի հողում հայտնաբերվել է կապար և պղինձ մեծ քանակներով: Մթնոլորտային օդից Ալավերդի քաղաքի հողի մակերեսին նստած փոշու փորձանմուշներում հայտնաբերվել են մկնդեղի (17-184 մգ/կգ ), պղնձի ( 201-3648 մգ/կգ ), երկաթի ( 9857-42282 մգ/կգ ), մոլիբդենի (14-38 մգ/կգ ), կապարի ( 274-1334 մկգ/ մ2 ) և այլ մետաղների զգալի քանակներ [13]: Մթնոլորտային օդում ( 2002-2003 և 2006-2007թթ.) ծծմբային անհիդրիդի խտությունները 6-32 անգամ գերազանցում էին ՍԹԽ-ի մակարդակը: Բարձր էր նաև ծծմբաթթվի գոլորշիների, փոշու պարունակությունը:

 

Ստեղծված իրավիճակում քաղցկեղածին այդ նյութի և նման հատկություններ ունեցող մկնդեղի, մոլիբդենի և կապարի համատեղ ներկայությունը օդում բարձրացնում է օնկոլոգիական հիվանդություններով հիվանդանալու ռիսկը:

 

Խոսելով շրջակա միջավայրը աղտոտող մետաղների մասին, անհրաժեշտ է ընդգծել, որ դրանք պոլիտրոպ թույներ են: Կապարը արյան և կենտրոնական նյարդային համակարգի համար թույն է, ախտահարում է օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիան [10, 12]:  Կապարի օդում ոչ բարձր քանակները (ՍԹԽ-ից 1,5-2,5 անգամ բարձր) ազդում են երեխաների մտավոր զարգացման վրա, իջեցնելով նրանց մտավոր զարգացման ցուցանշը (IQ) մինչև 83-87 [3,7]:

 

Մոլիբդենը, ինչպես նաև կապարը մուտագեն է, ունի էմբրիո-գոնադոտոքսիկ ազդեցություն, ընտրողաբար ախտահարում է սիրտ-անոթային համակարգը և պուրինային փոխանակությունը: Փորձարարական հետազոտությունների տվյալներով` այդ երկու մետաղները կենդանիների մոտ չարորակ ուռուցքներ են առաջացնում (A3 խումբ TLVs 2003):  Ստեղծված իրադրությունում կենսաբանորեն ակտիվ պղինձը, ցինկը, կապարն ու մոլիբդենը և մյուս մետաղները մարդու օրգանիզմի վրա համատեղ ազդեցություն են գործում, որը զուգակցվում է գգրգռիչ SO2 և NOX  գազերի ազդեցության հետ: Կոմբինացված նման ազդեցության քանակական և որակական հետևանքները ոչ փորձարարական, ոչ էլ համաճարակաբանական հետազոտություններով մինչև վերջ պարզված չեն:

 

Երևանի «Մաքուր երկաթի գործարանում», որտեղ բարձր ջերմաստիճանի պայմաններում օքսիդական թրծման է ենթարկվում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի խտանյութը, ստացվում են  մոլիբդենի օքսիդներ, մաքուր մետաղական մոլիբդեն, ինչպես նաև անցկացվում են բարձր ջերմաստիճանների ազդեցության տակ ֆերոմոլիբդենի ստացման գործընթացներ, որոնք ընթանում են նշված նյութերի աէրոզոլների և գոլորշիների դեպի մթնոլորտային օդ արտանետելուն զուգընթաց [4,11]: Ներկայումս գործող տեխնոլոգիական պրոցեսների ընթացքում միայն «Մաքուր երկաթի գործարան»-ից տարեկան արտանետումների քանակը կազմում է 9,4 տոննա, հիմնականում մոլիբդեն պարունակող և բազմամետաղային կազմ ունեցող անօրգանական փոշի, 465տ ծծմբի անհիդրիդ, 8,861տ ազոտի օքսիդներ, 24,3տ ածխածնի օքսիդ:

 

Ծանր մետաղներ արտադրող և օգտագործող ձեռնարկություններում որոշ պրոցեսներ նպաստում են կողմնակի, շատ դեպքերում էլ արտադրության տեխնոլոգիայով չնախատեսված, վնասակար նյութերի առաջացմանը և աշխատանքային գոտու օդ թափանցելուն: Դա հիմնականում վերաբերվում է ոչ նպատակային սինթեզով գոյացող բազմաքլորացված դիօքսիններին և ֆուրաններին: Մոլիբդենի խտանյութի չորացման պրոցեսի ընթացքում, որը կատարվում է 600օ C ջերմության պայմաններում, իսկ օքսիդական թրծումը, ֆերոմոլիբդենի ստացումը, օքսիդների վերականգնումը ջրածնային վառարաններում կատարվում են 1100օ C -2000օ  C ջերմության պայմաններում, հնարավոր է չափազանց թունավոր և վտանգավոր տետրաքլոր դիբենզո-պարա-դիօքսինների և դիբենզոֆուրանների առաջացումը: Հանքաքարից մոլիբդենի և պղնձի միներալների կորզման պրոցեսում` ֆլոտացիայի ընթացքում օգտագործվում են տարբեր յուղանման նյութեր, այդ թվում` պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող տրանսֆորմատորային յուղեր, որոնց զգալի մասը տեղափոխվում է մոլիբդենի, ինչ որ չափով նաև պղնձի խտանյութ և վերջինիս մետալուրգիական մշակման ժամանակ ավելի քան 1000 օC ջերմության ազդեցության տակ հնարավոր է պոլիքլորացված բիֆենիլներից դիօքսինների առաջացում: Մաքուր մոլիբդենի փոշու, նրա եռօքսիդի և ֆերոմոլիբդենի մեկ տոննա արտադրելու ժամանակ պոլիքլորացված դիբենզոդիօքսինների և ֆուրանների էմիսիայի գործոնը գնահատվում է 10-71 ԹԷ/տարի: Մոտավորապես նույն մեծության էմիսիա կարելի է սպասել պղնձի ձուլման ժամանակ, հատկապես, եթե խտանյութից բացի մշակվում է նաև երկրորդային պղինձ: 

 

Պղնձամոլիբդենային, պղնձային և պղինձ-ցինկ-կապարային խտանյութերի մետալուրգիական մշակման պրոցեսը կապված է նաև նույն ուղղությամբ ազդող նյութերի կոմբինացված ազդեցության խնդրի հետ: Բոլոր այս դեպքերում առկա է քաղցկեղածին մկնդեղի, նման ազդեցություն ունենալու մեջ կասկածվող մոլիբդենի և կապարի միացությունների, հատկապես` սուլֆիդների ներկայությունը, որոնք այրման պրոցեսում օքսիդանում են, զուգահեռաբար առաջացնելով քաղցկեղածին մեկ այլ պրոդուկտ` ծծմբային անհիդրիդ:

 

Աշխատանքային գոտու օդի աղտոտվածությունը պարզելու նպատակով կատարված սանիտարա-հիգիենիկ հետազոտությունները ցույց են տվել,որ «Մաքուր երկաթի գործարանի» մոլիբդենի սուլֆիդի թրծման արտադրամասում մոլիբդենի սուլֆիդի միջին քանակությունը եղել է 14,8 մգ/մ3 (ՍԹԽ` 6 մգ/մ3), մոլիբդենի եռօքսիդի միջին քանակությունը` 30,2 մգ/մ3 (ՍԹԽ` 4 մգ/մ3):

 

Մոլիբդենի եռօքսիդի մինչև մոլիբդեն վերականգնման արտադրամասում մոլիբդենի եռօքսիդի և մետաղական մոլիբդենի քանակը տատանվել է 8-24 մգ/մ3 (միջինը` 14 մգ/մ3), խտանյութի չորացման արտադրամասում մոլիբդենի սուլֆիդի քանակությունը տատանվել է 14-45 մգ/մ3   (միջինը` 22 մգ/մ3) սահմաններում: Մոլիբդենի սուլֆիդի ազդեցությանը ենթարկված բանվորների արյան կենսաքիմիական հետազոտությունները ցույց տվեցին, որ բանվորների արյան մեջ բարձրացել է մոլիբդենի պարունակությունը (481 մկգ/դլ) համարյա 4 անգամ հսկիչ խմբի (122 մկգ/դլ) ցուցանիշից, պղնձի պարունակությունը իջել է մոտ 2,5 անգամ (78,4 մկգ/դլ), ստուգիչ խումբ 195 մկգ/դլ: Հետազոտված բանվորների արյան մեջ գրանցվել են նաև գոնադոտրոպ հորմոնների պարունակության փոփոխություններ (իջել է լյուտեինիզացնող և ֆոլիկուլոստիմուլացնող հորմոնների քանակը ստուգիչ խմբի հետ համեմատած և բարձրացել է պրոլակտինի և տեստոստերոնի քանակությունը) [11]:

 

Վերը նշված կենսաերկրաքիմիական պրովինցիաներում` Քաջարան, Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, ինչպես նաև այլ քաղաքներում, որտեղ բնակվում են հազարավոր մարդիկ, շրջակա միջավայրի բոլոր օբյեկտները աղտոտված են կապարով, որի պարունակությունը խոշոր արդյունաբերական քաղաքների (Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան ևայլն ) շրջակա միջավայրում, շատ դեպքերում, բազմիցս գերազանցում է այդ մետաղի սահմանային թույլատրելի խտության մակարդակը, որը լուրջ վտանգ է ներկայացնում բնակչության բոլոր խավերի առողջության համար:

 

Չնայած ձեռնարկվող կտրուկ միջոցառումներին, հանրապետության արդյունաբերական քաղաքների օդը, ջուրը, հողը, սննդամթերքները շարունակում են աղտոտված մնալ կապարով, թույլատրելի մակարդակները գերազանցող քանակներով: Հանրապետության մի շարք քաղաքներում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ Երևան քաղաքի մթնոլորտային օդում կապարի պարունակությունը հասնում է 1,5-4,5 մկգ/մ3, Ալավերդիում` 0,9-2,9 մկգ/մ3 , Բյուրեղավանում` 0,5-1,1 մկգ/մ3: Կապար հայտնաբերվում է նաև Երևանի, Գագարինավանի, Հրազդանի, Սպիտակի, Գյումրիի, հատկապես Բյուրեղավանի և Ալավերդու բնակելի հասարակական շենքերի պատերին, պատուհանագոգերին, հատակին, բուժհիմնարկներում, մանկապարտեզներում, դպրոցներում և այլ օբյեկտներում նստած փոշու մեջ:

 

Բյուրեղավանում այն տատանվում է 420-1700 մկգ/մ2 սահմաններում, Ալավերդի քաղաքի մանկական խաղահրապարակներում հողի մակերեսին նստած փոշու մեջ կապարի պարունակությունը կազմել է 274-1334 մկգ/մ2 , շենքերի մուտքերում` 938-1330 մկգ/մ2 : Նույն պատկերն է դիտվել նաև Ախթալայում և Շամլուղում, սակայն համեմատաբար պակաս քանակություններով [5,13] (աղ. 1): Կապարի ներկայությունը փոշու մեջ կապված է կապար պարունակող բազմամետաղային հանքերի հարստացումից ստացված խտանյութի հալման ժամանակ կապարի գոլորշիների կամ տեղում արդյունահանվող պղինձ-ցինկ-կապարային հանքաքարերի հանույթի ժամանակ առաջացող հանքային փոշու մթնոլորտ թափանցելու հետ [13]: 

 

Աղյուսակ 1

Մետաղների պարունակությունը Ալավերդի, Ախթալա, Շամլուղ բնակավայրերում

 

 

Չնայած նշված քաղաքների շրջակա միջավայրի` կապարով, երկաթով, պղնձով և այլ մետաղներով աղտոտվածության վերաբերյալ բերված տվյալներն ամբողջական պատկեր չեն ստեղծում` հետազոտությունների ծավալի ոչ բավարար լինելու պատճառով, այնուամենայնիվ վկայում են այն մասին, որ Հայաստանի մի շարք քաղաքներում, իրոք, առկա է կապարով զգալի աղտոտվածության փաստը, որը կարող է առողջապահական և բնապահպանական լուրջ հիմնախնդիրներ առաջացնել [2,3]: 

 

Կապարով շրջակա միջավայրի անհամեմատ ավելի ցածր մակարդակներով աղտոտվածության պայմաններում նույնպես արձանագրվում են այդ մետաղի վնասակար ազդեցության դրսևորումներ, որի վկայությունն է Երևանի, Բյուրեղավանի,  Ալավերդի և այլ քաղաքների 280 երեխաների արյան մեջ կապարի զգալի (10-20մկգ/դլ), այդ թվում վտանգավոր քանակների (›20մկգ/դլ) և ցինկպրոտո­պորֆիրինների հայտնաբերումը, պրոտոպորֆիրինների ընդհանուր քանակության բարձրացումը, հեմոգլոբինի նվազումը, ընդհուպ մինչև հակում սակավարյունության նկատմամբ և նույնիսկ սակավարյունության զարգացում: [7,8]: Բյուրեղավանի և Գագարինավանի բնակիչների` 47 չաշխատող կանանց և 23 տղամարդկանց արյան մեջ կապարի զգալի քանակների (մինչև 22 մկգ/դլ) հայտնաբերման, Երևանի և Ալավերդու մանկապարտեզների երեխաների, ինչպես նաև դպրոցականների մտավոր զարգացման ցուցանիշի զգալի իջեցման  (մինչև 88-87) վերաբերյալ փաստերը նույնպես վկայում են այն մասին, որ մթնոլորտային օդում կապարի ոչ բարձր (ՍԹԽ-ից 1,5-2,5 անգամ) և արյան մեջ մինչև 10մկգ/դլ պարունակությունը նույնպես կարող է առաջացնել նմանատիպ հետևանքներ [7]:  Բյուրեղավանի, Գագարինավանի բանվորների արյան մեջ գոնադոտրոպ հորմոնների պարունակության տվյալները ցույց են տալիս, որ կապարը ընտրողաբար է ազդում արական վերարտադրողական ֆունկցիայի վրա, առաջացնելով հորմոնալ համակարգում հավաստի փոփոխություններ [10]: 

 

Ալավերդի քաղաքի բնակչության 2005-2007թթ հիվանդացության և մահացության տվյալների վերլուծությունը (աղ. 2) ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի վերը նշված աղտոտվածության պայմաններում բնակվողների այդ ցուցանիշները չեն բարելավվում և ավելի մտահոգիչ են դառնում:

 

Աղյուսակ 2

Ալավերդի քաղաքի բնակչության հիվանդացության և մահացության ցուցանիշները 2005-2007թթ(100000 բնակչի հաշվարկով)

 

Աղյուսակ 3

Ալավերդի քաղաքի 100000 բնակչին ընկնող հիվանդացության  ցուցանիշները (պոլիկլինիկայի տվյալներով)

 

2005-2007թթ Ալավերդու բնակչության (100000 բնակչի հաշվով) ընդհանուր հիվանդացության ցուցանիշը հանրապետական ցուցանիշների համեմատությամբ 2-2,5 անգամ,  իսկ մահացության ցուցանիշները ավելի քան 3 անգամ բարձր են եղել: Ալավերդի քաղաքի 100000 բնակչին ընկնող հիվանդացության կառուցվածքի մեջ առաջին տեղերն են զբաղեցնում օնկոլոգիական (10 անգամ ավելի բարձր քան հանրապետությունում), արյան շրջանառության հիվանդությունները  (2-4 անգամ), այդ թվում սրտի իշեմիկ հիվանդությունը (մոտ 5 անգամ), ներզատական հիվանդությունները (4-5 անգամ):

 

Աբովյան քաղաքի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի սպասարկման տարածքի և Բյուրեղավանի պոլիկլինիկայի հաշվառման մեջ գտնված կանանց մոտ հղիության ընթացքի 1995-2002թթ վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է կապարի հնարավոր բացասական ազդեցության մասին: Եթե Աբովյանում այդ տարիներին վաղաժամ ծնունդներ են դիտվել հղիների 1,4-4%-ի մոտ, Բյուրեղավանում այդ ցուցանիշը տարբեր տարիներին կրկնակիից մինչև 7 անգամ, բարձր է եղել նաև բնածին արատներով ծնված երեխաների թիվը (1998թ.` 2 %, 1999թ.` 1,5-2,0 %, 2001թ.` 0,8 %, 2002թ.` 0,92 %): Աբովյանում այդ տարիներին վիժումների թիվը տատանվել է 1,8-4,4 % սահմաններում, իսկ Բյուրեղավանում` 2,6-2,8-ից մինչև 5,1-12,8 % [3,7]:

 

Ալավերդի քաղաքի ծննդատան տվյալներով 1994-2002թ. ընթացքում ծնունդների թիվը իջել է 2 անգամ, պերիենտալ մահացությունը կազմել է 1-ից մինչև 2,8 %, վաղաժամկետ ծնունդների տոկոսը տատանվել է 5,8-24,67 %-ի սահմաններում, ինքնաբերաբար վիժումների տոկոսը` 3,47-ից աճել և հասել է 6-ից 8,98 %: Նման պատկեր է գրանցվել նաև 2005-2007թթ ընթացքում: 2005թ. գրանցված 564 ծնունդների դեպքում վիժումները կազմել են 29,8 %, որում սպոնտան վիժումները` 6,73 %: 2006թ. գրանցված 482 ծնունդների դեպքում վիժումները կազմել են 20,74 տոկոս, այդ թվում սպոնտան վիժումները` 6,0%:  2007թ. գրանցված 606 ծնունդների մեջ ընդհանուր վիժումները կազմել են 20,54 %, այդ թվում սպոնտան վիժումները` 13,44 % [5]: 

 

Ներկայացված տվյալները, չնայած ամբողջական չեն և չի բացառվում դրանցում նաև սխալների առկայությունը, բոլոր դեպքերում,  խոսում են այն մասին, որ կապարով աղտոտված տարածքներում լուրջ խնդիրներ կան կանանց վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների տեսանկյունից:

 

Փաստ է, որ գործարաններում և տրանսպորտի գործունեության արդյունքում առաջացող կապար պարունակող փոշին և կապարի գոլորշիները արտանետվում են շրջակա միջավայր, աղտոտելով մթնոլորտային օդը, և, ինչն ավելի կարևոր է, հողը, որի մեջ այն գործնականում մնում է հավերժ, չի փոփոխվում, ընդհակառակը, տարեց-տարի նրա քանակը ավելանում է, ստեղծելով կապարով խիստ աղտոտված երկրաքիմիական կոնգլոմերատներ [9,13]:

 

Այդպիսի տարածքներ կան Երևանի Շահումյան, Արաբկիր, Էրեբունի համայնքներում, որտեղ հողում կապարի պարունակությունը, տասնյակ և հարյուրավոր անգամ (700-800 մկգ/կգ) գերազանցում է ֆոնային ցուցանիշները (20-40 մկգ/կգ): Կապարով աղտոտված Երևան քաղաքի տարբեր շրջաններում հետազոտված երեխաների արյան բոլոր փորձանմուշներում կապար է հայտնաբերվել [5,8]: 

 

Իհարկե ծանր մետաղներից միայն կապարը չէ, որ լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի աղտոտման վտանգի տեսակետից և միայն կապար արտանետող ձեռնարկություններն ու ավտոտրանսպորտը չեն, որ արժանի են լուրջ ուշադրության:

 

Շրջակա միջավայրը աղտոտող մյուս խոշոր ձեռնարկություններից է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի արտանետումներով են աղտոտվում Քաջարանի մթնոլորտային օդը, ինչպես նաև հողն ու ջրերը: Քաջարան քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության մեջ, հատկապես փոշու առաջացման պրոցեսում զգալիորեն առկա է կոմբինատի բացասական դերը: Ըստ Քաջարան քաղաքի քաղաքապետարանի տվյալների` 2001-2003թթ ժամանակահատվածում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումները կազմել են` փոշու քանակությունը 23-38 ծավալային/տ, ազոտի երկօքսիդը 25,3-31,2 ծավալային/տ, ածխածնի մոնօքսիդը` 75,8-93,6 ծավալային/տ, ծծմբի երկօքսիդը` 1,38-1,40 ծավալային/տ [6]: 

 

Նույն աղբյուրի տվյալներով` 2001-2003թ. ջրավազան թափանցած տարրերի պարունակությունը կազմել է` պղինձ` 0,10-2,3 ծավալային/տ, քլորիդ` 67,9-95,11 ծավալային/տ, կախված նյութեր` 1602,5-1821,6 ծավալային/տ:

 

Քաջարան քաղաքի տարածքի հողերը, գրունտը, ավազը և փոշին իրենց աղտոտվածության աստիճանով գերազանցում են սահմանային թույլատրելի կուտակումների  (ՍԹԿ) արժեքները:

 

Մոլիբդենի պարունակությունը քաղաքի տարածքում մոտ 30 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն կոմբինատի և բաց հանքի տարածքում: 20-30 անգամ ՍԹԿ-ի գերազանցմամբ հողատարածքները կից են ինչպես արդյունաբերական տարածքներին, այնպես էլ մասամբ քաղաքի կենտրոնական հատվածներին:

 

Հողերում պղնձի պարունակությունը 27 անգամից ավելի է գերազանցում ՍԹԿ-ն քաղաքից դուրս և կոմբինատի տարածքում: 9-27 անգամ ՍԹԿ-ն գերազանցող դաշտը համընկնում է արդյունաբերական տարածքների, ինչպես նաև քաղաքի բնակելի հատվածի հարավային և արևելյան ծայրամասերի հետ:

 

Կապարի, նիկելի, կոբալտի քանակությունները քաղաքի տարածքի հողերում ՍԹԿ-ն գերազանցում են աննշան քանակներով:

 

Հաշվի առնելով Քաջարանի քաղաքապետարանի կողմից ծանր մետաղների ֆոնային պարունակությունների վերաբերյալ ներկայացված տվյալները և հիմք ընդունելով 24.08.2006թ. ՀՀ Կառավարության 1277 որոշման հիման վրա հողերի աղտոտվածության ազդեցության հաշվարկի և գնահատման կարգը, Քաջարան քաղաքի հողերը, ըստ աղտոտվածության վտանգավորության, կարելի է դասել չափավոր վտանգավոր հողերի կատեգորիային: Ըստ որում, նշված որոշման հիման վրա, հողերն աղտոտող քիմիական նյութերի կամ խառնուրդների ցանկում ընդգրկվել են քաղաքի հողերում հայտնաբերված հետևյալ տարրերն ու միացությունները` արսեն /As/, ցինկ /Zn/, սնդիկ /Hg/, նիկել /Ni/, կապար /Pb/, պղինձ /Cu/, նիտրատներ /NO3 -2/:

 

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվորների մոտ կենսաբանական մի շարք ցուցանիշների` արյան մեջ պղնձի և մոլիբդենի, կապարի, գոնադոտրոպ հորմոնների, միզաթթվի, ցերուլոպլազմինի և այլ հորմոնների ակտիվության փոփոխությունները:

 

Բանվորների մոտ արձանագրվել է պղնձի պարունակության իջեցում (78,4 մգ/լ, ստուգիչ`195 մգ/լ), բարձրացել է մոլիբդենի քանակությունը (334մգ/լ, ստուգիչ` 119 մգ/լ), դիտվել է կապարի քանակության ավելացում (9,9 մկգ/դլ, ստուգիչ` 2,7մկգ/դլ):

 

Ուսումնասիրվել է նաև Քաջարան քաղաքի բնակիչների մահացությունը` ըստ մահվան հիմնական պատճառների:

 

Ստորև բերվում են այդ տվյալները, որոնք վերաբերվում են 2000-2006թթ. ժամանակահատվածում գրանցված տվյալներին (աղ. 4):

 

Աղյուակ 4

Քաջարան քաղաքի բնակիչների մահացությունը` ըստ մահվան հիմնական պատճառների 2000-2006թթ (100000 բնակչի հաշվարկով)

 

 

Անհրաժեշտ է նշել, որ վերջին տասնամյակներում անուշադրության են մատնվել այնպիսի կարևոր ձեռնարկություններ, որոնք շրջակա միջավայրը տարիներ շարունակ աղտոտել են պղնձով, մոլիբդենով, կապարով, ցինկով, մկնդեղով և այլ նյութերով: Դրանք են` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի պղնձահանքային կոմպլեքսի, Ախթալայի և Շամլուղի ձեռնարկությունները: Դրանց շրջակա միջավայրի աղտոտվածությունը և դրա հետ կապված բնակչության առողջության խնդիրները ուսումնասիրված չեն և հայտնի չէ թե ինչ հետևանքների կարող է հասցնել աղտոտման ներկայիս վիճակը:

 

Արտադրական և շրջակա միջավայրի ծանր մետաղներով և, հատկապես, կապարով աղտոտվածության մակարդակի մասին առավել ընդգրկուն տվյալներ ստանալու, ինչպես նաև մարդու առողջության վրա այդ մետաղի անբարենպաստ  ազդեցությունը ճիշտ գնահատելու, կանխարգելիչ միջոցառումները հիմնավորելու և իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին մինչև վերջ իրագործել ՀՀ կառավարության 14.12.1998թ. N801 և 01.08.2000թ. N1204-Ն որոշումներով հաստատված`«Շրջակա միջավարի պահպանության գործողությունների» և«Շրջակա միջավարի հիգիենայի բնագավառում գործողությունների» ազգային ծրագրերով նախատեսված միջոցառումները, մասնավորապես տղամարդկանց և երեխաների արյան մեջ կապարի պարունակության վերաբերյալ հետազոտությունների կատարումը, երեխաների մտավոր զարգացման ցուցանիշների որոշումը, կանանց և տղամարդկանց արյան մեջ գոնադոտրոպ հորմոնների պարունակության որոշումը:

 

Պղինձ և մոլիբդեն արդյունահանող և հանքաքարի հարստացման և մետալուրգիական մշակման ենթարկվող ձեռնարկություններում աշխատանքի պայմանների և շրջակա միջավայրի օբյեկտների` օդի, ջրի, սննդամթերքների աղտոտվածության ուսումնասիրությունները պետք է շարունակական լինեն և նպաստեն բացահայտելու առավել վտանգավոր գործոնների` թունավոր գազերի, փոշիների, օդում կախված նյութերի վնասակար ազդեցության ռիսկի աստիճանը, քանակական և որակական գնահատականներ տալ միջավայրում այդ գործոնների մակարդակի և հիգիենիկ նորմաներով սահմանված մակարդակների համապատասխանելիության միջև: 

 

Այդ ձեռնարկությունները սպասարկող բուժպրոֆիլակտիկ հիմնարկների ուշադրության կենտրոնում պետք է լինեն արտադրվող և դրանց ուղեկցող մետաղների սպեցիֆիկ ազդեցության դրսևորումների գնահատման համաճարակաբանական մեթոդներով ստացված արդյունքների գնահատման տվյալները:

 

Գրականություն 

 

  1. Աշխատանքային գոտու  օդում ռենիումի, մթնոլոտային  օդում կալիումի պերռենատի, մոլիբդենի  միացությունների թույլատրելի պարունակության  հիմնավորումը: ՀՀ Գերատեսչական ակտերի տեղեկագիր, Երևան 2006թ., 11, էջ 41-42:
  2. Բաբայան Է.Ա., Սատրյան Լ.Ս.,  Հովհաննեսյան Ռ.Դ.  և ուրիշներ Կապարը որպես հիգիենիկ և բնապահպանական հիմնահարց Հայաստանում: Հայաստանի երկրաշարժի հետևանքների բժշկակենսաբանական տեսակետները , Երևան 1998թ., էջ 244-245:
  3. Բաբայան Է.Ա.,  Հովհաննեսյան Ռ.Դ., Ալեքսանդրյան Գ.Վ., Կաֆյան Վ. Բ. և ուրիշներ Կապարը որպես հիգիենիկ  հիմնահարց  Հայաստանում, Առողջապահություն, 2006թ., 2,  էջ 12-15:
  4. Բաբայան Է.Ա., Հովհաննեսյան Ռ.Դ., Աղեկյան Ֆ.Գ. և ուրիշներ Աշխատանքի հիգիենայի խնդիրները Երևանի Մաքուր երկաթի գործարանի մոլիբդենի միացությունների արտադրությունում, ՀՀ ԳԱԱ  Հայաստանի բժշկագիտություն, 2007թ., XL VII, 3, էջ 80:
  5. Շրջակա միջավայրի կապարով աղտոտվածության հետ կապված առողջապահական պրոբլեմները, Հաշվետվություն  01-263, Երևան,  2001թ.:
  6. UNDP-Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի իրավիճակի վերլուծության  փաստաթուղթ, Քաջարան, 2007թ.:
  7. Александрян Г.В. Оценка  свинцовой экспозиции у детей по уровню содержания свинца, гемоглобина и протопорфиринов в крови и  показателям умственного развития. Автореф. канд. дис..., Ереван, 2007.
  8. Бабаян Э.А., Александрян Г.В. Влияние свинца на некоторые  показатели  крови детей и подростков. ВКН: Профобразование , формирование здорового образа жизни детей, подростков и молодежи. М., 2006.
  9. Бабаян Э.А., Сагателян А.К., Коган В. Ю. Некоторые данные  по эколого-гигиенической оценке загрязнения свинцом производственной и окружающей среды, Журнал МАНЭБ, 1999, 7 (19), с. 29-34.
  10. Babayan  E.A, Burnaziyan R. A. et al. Reproductive hormones level   in blood serum of  male  workers occupationally  exposed to heavy metals, Ind. Powerful Partnerships, San-Diego, CA, 2002, p.155.
  11. Babayan E.A., Hovhannesyan R. D. et al. Basic problems of the  work   condition  in the  industry of molybdenum and its  compounds  on the factory of pure iron. Հայաստանի II միջազգային  բժշկական համագումար, 2007 թ. Երևան, էջ 210.
  12. Babayan E. A. , Kogan V. Yu., Burnazyan R.A. Biochemical and reproductive  disordes   in workers occupationally exposed to molybdenum  dust and its copepods. Americ . Industrial Hygiene Conf. Toronto, Canada, Abstract, 1999.
  13. Petrosyan V., Orlova A., Babayan E.A. et al. Lead levels in soil and interior dust in residential  areas of Alaverdi, Aghtala  and Shamlugh , Lori  regions of  Armenia, J. Environmental Research , 2004, 94, 3, p. 297-308.

Հեղինակ. Է.Ա. Բաբայան, Ռ.Դ. Հովհաննեսյան, Լ. Սարյան, Վ.Բ. Կաֆյան, Ռ.Մ. Դավթյան, Վ.Ս. Մադոյան «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ ՓԲԸ Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ 0040, Երևան, Աճառյանի փ. 2 УДК 613.6
Սկզբնաղբյուր. Медицинская наука Армении 3.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թթենու (Morus) տերեւների քիմիական կազմը, դեղաբանական նշանակությունը և կիրառումը

Բանալի բառեր. թթենու տերեւներ, դեղաբանական նշանակությունը եւ կիրառումը

Թթենին մորացե (Moraceae, թթենազգիներ) ընտանիքին պատկանող բազմամյա տերևաթափ ծառ է 10-15մ բարձրությամբ: Ծաղկում է մայիս հունիս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին...

Դեղաբույսեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների հիգիենիկ գնահատականը

Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո սկսվում է լակտացիայի շրջանը։ Այն ֆիզիոլոգիական վիճակ է, որի ժամանակ կնոջ օրգանիզմի կողմից սննդանյութերի և էներգիայի նկատմամբ պահանջն ավելի է մեծանում...

Երեխայի սնուցումը
Դասագիրք մասնագետների համար
Դասագիրք մասնագետների համար

XXI դարում ներդրվել են ատամնաբուժական կրթության և ակադեմիական գիտության նոր ու առաջադեմ մեթոդներ, որոնք  աստիճանաբար հայտնվում են նաև Հայաստանում...

Ստոմատոլոգիա Առողջապահության լրատու 1.2010
Արտագնա ցիկլային պարապունքների ընթացքում բացահայտված առողջապահական կառույցների թերությունները` աղետներին նախապատրաստման ուղղությամբ

Ի կատարումն ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ 2008 թ. հիմնական միջոցառումների մասին» 14. 01. 2008 թ. թիվ 26-Ա հրամանի...

Առաջին նախաբժշկական օգնություն Հրատապ թեմա Հայաստանում Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009
Տարեց առնետների հիպոկամպ-կախյալ իմացական որոշ ցուցանիշների տեղաշարժերը սակավաշարժության պայմաններում

Բանալի բառեր. սակավաշարժություն, ճառագայթաձև լաբիրինթոս, երկարատև և աշխատանքային հիշողություն 

Շարժողական ակտիվության սահմանափակումը` սակավաշարժությունը (ՍՇ), ժամանակակից մարդու կյանքում տարածված ռիսկի գործոն է (սթրեսոր): Գրականության տվյալները վկայում են...

Հայաստանի բժշկագիտություն 1.2009
Ինքնասպանությունների ուսումնասիրությունը ք. Երևանում դատաբժշկական նյութերով

Ինքնասպանությունը կամ սուիցիդը (լատիներենից թարգմանաբար` sui caedere- ինքն իրեն սպանել)` ինքնուրույն, նպատակաուղղված, իր իսկ կողմից իրեն կյանքից զրկումն է...

Թվեր և փաստեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
ԵՊԲՀ ուսանողների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը 25 տարիների դինամիկայում

Բանալի բառեր. ուսանող, առողջական վիճակ, ֆիզիկական զարգացում  

Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելն ուղեկցվում է ուսանողների շրջանում հարմարվողական մեխանիզմների բարդ պրոցեսներով, օրգանիզմի բոլոր համակարգերի լարվածությամբ...

Հայաստանի բժշկագիտություն 3.2008
Սակավաշարժության պայմաններում վիտամին E-ի երկարատև ներմուծումների խթանող ազդեցությունը ճարպերի գերօքսիդացման գործընթացների վրա

Բանալի բառեր. սակավաշարժություն, հիպոթալամուս, ճարպերի գերօքսիդացում, վիտամին E 

Քաղաքակիրթ երկրներում ժամանակակից կենսակերպը բնութագրվում է սթրեսային ազդեցությունների հզոր աճով, որտեղ հատկապես կարևորվում է շարժողական ակտիվության սահմանափակման դերը` պայմանավորված օրգանիզմի վրա ախտաբանական ազդեցության բազմազանությամբ [1, 16, 25]...

Հայաստանի բժշկագիտություն 2.2008
Վիրտուալ պրոթեզների նեյրոնային կառավարում

Բանալի բառեր.  էլեկտրոմիոգրաֆիա, արհեստական նեյրոնային ցանց, ուժեղացուցիչ, փոխանջատվող ֆիլտր, ամպլիտուդա, մակերևութային էլեկտրոդներ

Պրոթեզների կառավարման ամենաբնական ուղին պետք է նույնը լինի, ինչ-որ ձեռքի կառավարման ժամանակ, այսինքն` նեյրոնային կառավարումով այն նյարդերի օգնությամբ, որոնք ստեղծված են ձեռքի կամ դաստակի կառավարման համար...

Հայաստանի բժշկագիտություն 1.2008
ՀՀ Արտակարգ իրավիճակների և աղետների արձագանքման համակարգի խնդիրների ուսումնասիրությունը

2008 թվականի ապրիլից Առողջապահության հա­մաշ­խարհային կազմակերպության հետ մեկտեղ ուսում­նասիրվել է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվածությունը այս կամ այն արտակարգ իրավիճակներին դիմակայելու և դրանց հետևանքները արդյունավետ վերացնելու: Առանձնացվել են երկու ուղղություններ. առաջինը՝ տեսական, փաստա­թղթա­յին բնույթ ունեցող...

Առաջին բժշկական օգնություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նեյրոնային մշակված ազդանշաններով նեյրոպրոթեզների օպերատիվ ադապտացիան

Բանալի բառեր. երկրորդական ազդանշանային աղբյուր, օպերատիվ ադապտացիոն սխեմա, նեյրոպրոթեզ, Պուասոնյան պրոցես, Գամմա ֆունկցիա, Մոնտե-Կառլոյի  պրոցեդուրա, կառավարող ազդանշան, նեյրոֆիզիոլոգիական տվյալներ

Փորձերը նկարագրում են, թե ինչպես պրոթեզային սարքը  կարող է կառավարվել ուղեղի ազդանշանների կողմից: Այնուամենայնիվ, կայուն, շարունակական օգտագործման մեջ նեյրոպրոթեզները կարող են տուժել հիմնականում գրանցված ազդանշանի շարժունակությունից...

Հայաստանի բժշկագիտություն 4.2007
Աշխատանքի հիգիենայի խնդիրները մաքուր երկաթի գործարանի նոր նյութերի արտադրություններում

Բանալի բառեր. աշխատանքի հիգիենա, մոլիբդենի, ֆերոմոլիբդենի, կալիումի պերռենատի արտադրություններ

Ժամանակակից տեխնիկական առաջընթացը անշեղորեն կապված է մետալուրգիական արդյունաբերության զարգացման մասնավորապես բարձրորակ պողպատների մետաղների բարդ համաձուլվածքների արտադրության նոր նյութերի օգտագործման ընդլայնման հետ...

Հայաստանի բժշկագիտություն 3.2007
Աուտոբորբոքային հիվանդություններ

Բանալի բառեր. աուտոբորբոքային հիվանդություններ, պիրին, կրիոպիրին, մևալոնատ կինազ, PYD, IgD, ASC, TNF, IL-1, NFkB, ապոպտոզ

Աուտոբորբոքային հիվանդությունները համակարգային բորբոքային խանգարում-ների նոր դասակարգումն է, որոնք բնորոշվում են կրկնվող, այսպես կոչված առանց պատճառի ի հայտ եկող բորբոքային նոպաներով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31)
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ