Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Համակարգային հիվանդություններ

Բեխչետի հիվանդության կլինիկական առանձնահատկությունները Հայաստանում

Բանալի բառեր.  Բեխչետի  հիվանդություն, կլինիկական առանձնահատկություններ, աշխարհագրական գործոն

Բեխչետի հիվանդությունը (ԲՀ) համակարգային վասկուլիտների խմբին պատկանող անհայտ էթիոլոգիայի պոլիմորֆ ախտանշակոմպլեքս է, որն արտահայտվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի և սեռական օրգանների ռեցիդիվող բնույթի խոցանեկրոզային ախտահարմամբ  և հիպոպիոնով ուղեկցվող ուվեիտով [5]: Դասական եռյակից զատ, ԲՀ-ը կարող է արտահայտվել մաշկի, հոդերի, անոթների ախտահարմամբ, պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել նյարդային համակարգը, աղիները [8] և այլն:

 

Թեև հիվանդությունը նկարագրվում է ամենուր, սակայն նրա հանդիպման հաճախականությունն էապես տատանվում է տարբեր աշխարհագրական զոնաներում: Այն առավել տարածված է Միջերկրածովյան երկրներում, Մերձավոր Արևելքի երկրներում, Ճապոնիայում, նախկին Օսմանյան կայսրության ողջ տարածքում [12], ընդ որում ուշագրավ է, որ հիվանդանում են արմատական էթնիկական խմբերը [11]: Հիվանդությունը հաճախ հանդիպում է աշխարհագրական 30-45o հյուսիսային լայնության սահմաններում, ինչը համընկնում է հին ,,մետաքսի ճանապարհի,, ուղղությանը: Սա հիմք է հանդիսացել, որ որոշ հեղինակներ հիվանդությունը կոչեն «մետաքսի ճանապարհի հիվանդություն» [13]: ԲՀ տարածվածությունն ամենաբարձրն է Թուրքիայում, որտեղ այն կազմում է 2-42 դեպք 10000 բնակչությանը` կախված երկրի աշխարհագրական շրջանից, Ճապոնիայում` 10 և Ասիայում` 13.5-30 դեպք 100000 բնակչությանը [6]: Եվրոպայում և ԱՄՆ-ում հիվանդության հանդիպման  հաճախականությունը ավելի քան 150 անգամ փոքր է ,,մետաքսի ճանապարհի,, ուղղության վրա գտնվող երկրների համեմատ [2]:  

 

Նոզոլոգիական առումով ԲՀ-ը հանդիսանում է զուտ կլինիկական հասկացություն, քանի որ գոյություն չունի այս հիվանդությանը բնորոշ ոչ միայն կլինիկական, այլ նաև հյուսվածաձևաբանական, իմունաբանական կամ կենսաքիմիական որևէ նշան: Նկատի ունենալով ԲՀ ժամանակ օրգան-համակարգերի ախտահարման հետերոգենությունը, մինչև 1990 թվականը կիրառվում էին հինգ տարբեր ախտորոշիչ չափանիշներ: Սակայն դա դժվարեցնում էր ախտորոշումն ու ստանդարտեցումը: Այդ  պատճառով 1990 թվականին, 7 երկրների 12 ինստիտուտներից ներկայացված 914 հիվանդների տվյալների վերլուծության հիման վրա  Միջազգային հետազոտական խմբի կողմից (International Study Group for Behcet’s disease) առաջարկվել են ԲՀ-ի ախտորոշիչ չափանիշներ, որոնք ստացել են համընդհանուր ճանաչում և այժմ լայնորեն կիրառվում են [9]: 

 

Հայտնի է, որ աշխարհագրական և էթնիկական գործոնն իր կնիքն է դնում հիվանդության կլինիկական պատկերի վրա, ինչպես նաև պայմանավորում է տարիքային և սեռային պոպուլյացիոն առանձնահատկությունները [13]: 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով (38,9o-41,3o) գտնվում է  հին ,,մետաքսի ճանապարհի,, ուղղության վրա,  հետազոտության նպատակն է  ուսումնասիրել առանձին կլինիկական ախտանիշների  հաճախականությունը հայկական պոպուլյացիայում և դրանք համադրել համաշխարհային գրականության տվյալների հետ:

 

Նյութն ու մեթոդները  

 

Հետազոտության մեջ ընդգրկվել են հավաստի ԲՀ-ով (համաձայն ISG BD 1990թ. ախտորոշիչ չափանիշների) 100 հիվանդներ, ովքեր բուժվել են ՙէրեբունի՚ բժշկական կենտրոնի ռևմատոլոգիական բաժանմունքում: Հետազոտված 100 հիվանդներից 63-ը եղել են տղամարդ  (63%) և 37-ը` կին (37%): Հետազոտման պահին  հիվանդների միջին տարիքն էր 31,9 տարեկան (± 9,691 տատանվելով 15-55 տարեկանի սահմաններում), իսկ հիվանդության միջին տևողությունը կազմել է 4,597 տարի (±4,872 1 ամսից մինչև 25 տարի): Բոլոր հիվանդների մոտ իրականացվել են ընդունված կլինիկական, գործիքային և լաբորատոր հետազոտությունները: Ստացված տվյալները համեմատվել են այլ երկրների տվյալների հետ, մասնավորապես Ճապոնիայից (n=3316), Գերմանիայից (n=130), Թուրքիայից (n=496)  և Հունաստանից (n=64) [1, 8, 15, 17]:

 

Վիճակագրական հետազոտությունն իրականացվել է համակարգչային Graph Pad Prism v4.01 ծրագրով` կիրառելով վիճակագրական վերլուծության պարամետրիկ և ոչպարամետրիկ մեթոդները, դիսպերսիայի անհամասեռ բաշխվածության դեպքում կիրառվել է Մանն-Ուիտնիի թեստը, մյուս դեպքերում` Ստյուդենտի t-թեստը:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ տղամարդ–կին հարաբերությունը հայկական պոպուլյացիայում կազմում է 1,7:1, այսինքն ավելի հաճախ հիվանդությունը զարգանում է տղամարդկանց մոտ: Ստացված տվյալները համապատասխանում են գրականության մեջ ներկայացված տվյալներին, որոնց համաձայն հիվանդությունն ավելի հաճախ ախտահարում է տղամարդկանց, ընդ որում «մետաքսի ճանապարհի» ուղղության վրա գտնվող երկրներում տղամարդ–կին փոխհարաբերությունը տատանվում է 2-10:1 սահմաններում, մինչդեռ այլ երկրներում նկատվում է սեռային հակառակ գերակշռման միտում [10, 16]: Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում ԲՀ-ով հետևյալ հարաբերակցությամբ. 1,17:1` Իրանում, 3,4:1` Մերձավոր Արևելքում, 3,7:1` Դաղեստանի հիվանդների մոտ, ի տարբերություն Ճապոնիայի` 0,77:1 կամ Ռուսաստանի` 0,56:1, որտեղ ԲՀ ավելի շատ հիվանդանում են կանայք: Գերմանիայում և Կորեայում կանայք և տղամարդիկ հիվանդանում են հավասար հաճախականությամբ [2, 4, 7, 9, 15,17,18]: Հայաստանի հիվանդների մոտ սեռային նման տարաբաշխումը, փաստորեն, առավել մոտ է Իրանի տվյալներին:

 

Հիվանդների մոտ եղել են ընդհանուր ախտանիշներ թուլության, դյուրհոգնելիության ձևով, ինչպես նաև հիվանդների 50%-ի մոտ եղել է տենդ, հիմնականում` սուբֆեբրիլիտետ: 

 

Հայկական պոպուլյացիայի հիվանդների մոտ առանձին կլինիկական ախտանիշների հանդիպման հաճախականության վերլուծությունը ցույց տվեց, որ պարտադիր կերպով ԲՀ բոլոր հիվանդների մոտ հանդիպում է բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցանեկրոզային ախտահարում, որը ճնշող մեծամասնությամբ եղել է հիվանդության առաջին դրսևորումը: Սրանք ի հայտ են եկել եզակի տարրերի կամ կուտակումների ձևով, հիմնականում տեղակայվել են ստորին շրթունքի լորձաթաղանթին, լնդերին և լեզվի կողմնային մակերեսներին, միշտ կրել են ռեցիդիվող բնույթ: Ստացված տվյալները համընկնում են գրականության մեջ առկա այն տվյալների հետ, որոնք ստացվել են  հետազոտելով ԲՀ ախտահարված բոլոր պոպուլյացիաները` անկախ էթնիկ պատկանելիությունից և աշխարհագրական դիրքից  (Նկար):

Նկար. ԲՀ առանձին ախտանիշների միջին հաճախականությունը` անկախ էթնիկ պատկանելիությունից (բաց սյունակներ) և Հայաստանում (մուգ սյունակներ):  Օրդինատների առանցք` %, աբսցիսների առանցք` 1.բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցանեկրոտիկ ախտահարում, 2. սեռական օրգանների լորձաթաղանթի խոցանեկրոտիկ ախտահարում, 3.մաշկի ախտահարում, 4.դրական պաթերգիկ թեստ, 5.աչքերի ախտահարում, 6.հոդային համախտանիշ, 7. թրոմբոֆլեբիտ, 8. նյարդային համակարգի ախտահարում:

 

Մեր պոպուլյացիայում հիվանդության մյուս բնորոշ կլինիկական ախտանիշները, ըստ հաճախականության նվազման, զարգացել են հետևյալ կերպ. սեռական օրգանների խոցանեկրոտիկ ախտահարում` 63%, հանգուցավոր էրիթեմա` 61, արթրիտներ` 54 և արթրալգիա` 82%, աչքերի ախտահարում` 55, դրական պաթերգիկ թեստ`45, նյարդային համակարգի ախտահարում` 38 (որոնցից 16%-ը` կենտրոնական նյարդային համակարգի),  մաշկի ախտահարում` 24 և անոթների ախտահարում` 16% (աղ. 1) :

 

Աղյուսակ 1 

ԲՀ հիվանդների առանձին ախտանիշների  հաճախականությունը տարբեր պոպուլյացիաներում (%)

Ծանուցում.«-»տվյալները բացակայում են,  * P ≤0.05, ** P≤0.005  և *** P ≤0.005 համեմատած Հայաստանի տվյալները` նշված երկրների տվյալների հետ

 

Քանի որ ակնառու է Հայաստանում որոշ կլինիկական ախտանիշների զգալի ցածր հաճախականություն ԲՀ ախտահարված բոլոր պոպուլյացիաների համեմատ (նկ. 1),  նպատակահարմար ենք համարել համեմատել այդ ախտանիշների տարբերությունն` ըստ առանձին աշխարհագրական շրջանների: Այս նպատակով հայկական պոպուլյացիայի տվյալները համեմատվել են այն երկրների տվյալների հետ, որոնք գտնվում են Հայաստանից արևելք (Ճապոնիա), արևմուտք (Հունաստան), հյուսիս-արևմուտք (Գերմանիա), ինչպես նաև Հայաստանի հարևանությամբ (Թուրքիա), որտեղ ԲՀ բավականին հաճախ հանդիպող և լայնորեն ուսումնասիրվող հիվանդություն է [14]:

 

Աչքերի ախտահարում հայտնաբերվել է հիվանդների 55%-ի մոտ: Ախտահարումը եղել է տարաբնույթ, հիմնականում դրսևորվելով ուվեիտի ձևով (35% հաճախականությամբ), իսկ ավելի հազվադեպ հայտնաբերվել են ապակենման մարմնի դեստրուկցիա (2 հիվանդ) և հիվանդության դասական դրսևորումը` հիպոպիոնի ձևով (4 հիվանդ): Ավելի քիչ նկարագրվել են նաև կոնյունկտիվիտ, կերատիտ, կատառակտ: Աչքերի ախտահարումն ազգությամբ հայ հիվանդների մոտ իր  հաճախականությամբ մոտ է Գերմանիայի և Թուրքիայի տվյալներին, սակայն վիճակագրորեն հավաստի քիչ է Ճապոնիայի և, հատկապես, Հունաստանի տվյալների համեմատությամբ: 

 

Սեռական օրգանների ախտահարումը հանդիպել է  Հայաստանի հիվանդների 63%-ի մոտ, հիմնականում հաջորդելով բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումներին: Սեռային համեմատումը ակնհայտ դարձրեց, որ տղամարդկանց մոտ գրեթե 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում այս ախտահարումը` 46%, համեմատած կանանց հետ`17%:  Այլ էթնիկական խմբերի տվյալների հետ համեմատությունից ակնառու է դառնում, որ սեռական օրգանների խոցանեկրոտիկ ախտահարումը հայկական պոպուլյացիայում համեմատաբար ավելի քիչ է հանդիպում: Վիճակագրական վերլուծությունը ցուցադրել է հավաստի տարբերություն` Գերմանիայի, Թուրքիայի, Հունաստանի ԲՀ հիվանդների համեմատությամբ: 

 

Մաշկային արտահայտություններից Հայաստանում գերակշռել է հանգուցավոր էրիթեման` 61%, սակայն, ընդհանուր առմամբ, մաշկի ախտահարումը մեզ մոտ դրսևորվել է շատ ավելի քիչ, քան այլ պոպուլյացիաներում (24%): Մաշկային դրսևորումներից հիվանդների մոտ հանդիպել են ֆոլիկուլիտները, պապուլոպուստուլոզ ցանը և կորյականման ախտահարումները, հազվադեպ եղել են տրոֆիկ խոցեր (2 հիվանդի մոտ): Ակնառու է, որ մաշկային ախտանիշներն ավելի հաճախ զարգանում են Ճապոնիայի և, հատկապես, Հունաստանի հիվանդների մոտ, ընդ որում այդ տարբերությունը վիճակագրորեն հավաստի բարձր է: Դրական պաթերգիկ թեստը, որը համարվում է հիվանդության պաթոգնոմոնիկ ախտանիշ, համեմատվող բոլոր երկրներում հանդիպել է մոտավորապես նման հաճախականությամբ, բացառությամբ Հունաստանի, որտեղ այս ախտանիշն ավելի քիչ է գրանցվել:

 

Հոդերի կողմից գանգատներ ներկայացրել են հիվանդների 82%-ը: Հոդային համախտանիշը դրսևորվել է ինչպես արթրիտների, այնպես էլ արթրալգիաների ձևով: Ավելի քիչ հանդիպել են հոդացավերը` 28% հաճախականությամբ, հիմնականում տեղակայվելով ստորին վերջույթներին, սովորաբար ծնկան և սրունք-թաթային հոդերում: Արթրիտներ ավելի շատ են զարգացել, դրանք առկա են եղել հիվանդների ավելի քան կեսի մոտ` 54%: Կրկին պրոցեսը գերազանցապես  ընդգրկել է ծնկան և սրունք-թաթային հոդերը, հիմնականում մոնոարթրիտի կամ օլիգոարթրիտի ձևով: Հիվանդների  մոտ հոդային համախտանիշի վերլուծությունը ցուցադրել է, որ ավելի հաճախ հանդիպում է ծնկան հոդի մոնոարթրիտը ( 24%), ապա սրունք-թաթային հոդերի մոնոարթրիտը ( 10%) և  ծնկան և սրունք-թաթային հոդերի ասիմետրիկ օլիգոարթրիտը  (9%): Ավելի հազվադեպ են ծնկան հոդերի երկկողմանի արթրիտը (4%), սրունք-թաթային հոդերի երկկողմանի արթրիտը (2%), ասիմետրիկ օլիգոարթրիտը վերին վերջույթների հոդերի ընդգրկմամբ (2%), կոնք-ազդրային հոդի մոնոարթրիտը (1%), ասիմետրիկ սակրոիլեիտը (1%): Այս տվյալների համեմատումն այլ երկրների ներկայացրած հետազոտությունների տվյալների հետ վիճակագրորեն հավաստի փոփոխություններ չի հայտնաբերել: 

 

Անոթների ախտահարումը ոչ այնքան հաճախ հանդիպող ախտանիշներից է, այն առկա է եղել հիվանդների 16 %-ի մոտ: Հիմնական կլինիկական դրսևորումը եղել է ստորին վերջույթների թրոմբոֆլեբիտը, զարգանալով հիվանդների 14%-ի մոտ:  Զարկերակների ախտահարումը հանդիսացել է ԲՀ հազվադեպ հանդիպող անոթային արտահայտությունը և դիտվել է ընդամենը 1  հիվանդի մոտ` ազդրային զարկերակի թրոմբոզի ձևով: Համեմատումն այլ էթնիկական խմբերի վերաբերյալ ներկայացված տվյալների հետ ցուցադրեց վիճակագրորեն էական հավաստելիությամբ տարբերություն Թուրքիայի հետ, որտեղ անոթների ախտահարումը բավականին հաճախ է հանդիպում: 

 

Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում ևս հանդիպում է ոչ հաճախ` 16 % դեպքերում: Միայն մեկ հիվանդի մոտ է եղել դասական նեյրոԲեխչետ իր բնորոշ արտահայտություններով` ցերեբրովասկուլիտ ցողունային, բրգային խանգարումներով, հեմիպարեզ, աֆազիա: Հիմնականում հիվանդների մոտ նկատվել են գլխապտույտներ կամ ցերեբրովասկուլիտի արտահայտություններ: Բավականին հաճախ գրանցվել են  ծայրամասային պոլինեյրոպաթիայի երևույթներ` 21%, ինչի մասին տվյալները գրականության մեջ բացակայում են:

 

Աղեստամոքսային համակարգի ախտահարում հանդիպել է 100 հիվանդներից խիստ բարձր ակտիվությամբ  ընդամենը 3 հիվանդի մոտ: Աղեստամոքսային համակարգի ախտահարման հաճախականության համեմատական վերլուծությունը երկրագնդի այլ ռեգիոնների տվյալների հետ ցուցադրեց համեմատելի հաճախականություն Թուրքիայի և Հունաստանի հետ, և հավաստի քիչ ախտահարում` Ճապոնիայի համեմատ: Հետազոտված հիվանդներից երկու հիվանդ ունեցել է էքսուդատիվ պլևրիտ, իսկ թոքային հյուսվածքի ախտահարման ոչ մի դեպք չի գրանցվել: 

 

Ինչպես նշվեց, աշխարհագրական գործոնն իր կնիքն է դնում հիվանդության կլինիկական պատկերի վրա, պայմանավորելով երկրագնդի տարբեր ռեգիոններում կլինիկական արտահայտությունների բազմազանությունն ու առանձնահատկությունները: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է  հին «մետաքսի ճանապարհի» ուղղությամբ, այդ մասին են վկայում նաև հին հայկական պատմական տվյալները, համաձայն որոնց Հայաստանում այդ ճանապարհի մի ճյուղն անցել է Վանա լճի ափերով ու Արարատյան դաշտով` Արտաշատ ու Դվին քաղաքներով, իսկ մի այլ ճյուղ անցել է Ախուրյան գետի վրայով ձգվող Անիի կամրջի վրայով, որի պատերը մինչ այժմ էլ կանգուն են [1]:  Համաշխարհային գրականության մեջ առկա են տեղեկություններ ՙմետաքսի ճանապարհի՚ ուղղության տարբեր աշխարհագրական ռեգիոններից, որտեղ մանրամասնեցված են առանձին վերցրած ռեգիոնում ԲՀ կլինիկաիմունաբական առանձնահատկությունները: Հայկական պոպուլյացիայում, որտեղ ԲՀ-ը այնքան էլ հազվադեպ հանդիպող հիվանդություն չէ, հիվանդության կլինիկական պատկերի վերաբերյալ ուսումնասիրություններ չկան, ուստի բժշկագիտական գրականության մեջ որևէ նշում այս մասին չի հանդիպում: 

 

Այսպիսով, ստացված տվյալները վկայում են Հայաստանում ԲՀ էթնիկական որոշակի առանձնահատկությունների առկայության մասին: ԲՀ հիմնական կլինիկական ախտանիշների (սեռական օրգանների, ակնային, մաշկային ախտանիշների) հանդիպման հաճախականությունը զգալի ցածր է այլ էթնիկական խմբերի համեմատ: Համեմատաբար հաճախ է մեր հիվանդների մոտ հանդիպում դրական պաթերգիկ թեստը, սակայն ակնառու է հայկական պոպուլյացիայում ԲՀ հիվանդների մոտ  պրոգնոստիկ անբարենպաստ կենտրոնական նյարդային համակարգի, աղեստամոքսային և շնչական համակարգերի ախտահարման վիճակագրորեն հավաստի հազվակիությունը: Հիվանդությունն իր կլինիկական արտահայտություններով ավելի մոտ է Գերմանիայի և Թուրքիայի հիվանդների մոտ Բեխչետի հիվանդության կլինիկական պատկերին:

 

Գրականություն 

 

  1. Ավետիսյան Կ. Աշխարհագրական անունների բացատրական բառարան. Երևան,« Լույս» հրատ., 1969: 232-233. 
  2. Алекберова З. С. Болезнь Бехчета. М., 2007. 
  3. Прокаева Т., Алекберова З., Мач Э. и соавт. Особенности болезни Бехчета в России. Рос. Ревмат., 1998, 1, с.46-53.
  4. Al-Dalaan A., Al Balaa S., El Ramahi K. et al. J. Rheumatol., 1994, 21, p.658-661.
  5. Behcet H. Uber rezidivierende, aphtose, durch ein Virus verursacchte Geschwure an Mund.am Auge und an den Genitalien./ Dermatologische Wachenschr. , 1937, vol. 105, p.1151-1157. 
  6. Cakir N., Dervis E., Benian O. et al. Prevalence of Behcet’s disease in rural western Turkey: a preliminary report. Clin. Exp. Rheumatol., 2004, 22, p. 53-55.
  7. Dongsik Bang, Kyeong Han Yoon, Han Gil Chung et al. Epidemiological and clinical features of Behcet’s disease in Korea. Yonsei Med. Joor., 1997, 38, 6, p.428-436.
  8. Gharibdoost F., Davatchi F., Shahran E. et al In: Godeau P., Wechsier B.,eds. Behcet’s disease. Elsevier Science Publishers, B.V., 1993, p.153-158.
  9. International Study Group for Behcet’s Disease. Criteria for diagnosis of Behcet’s disease. Lancet, 1990, 335, p.1078–1080.
  10. Kaklamani V., Kaklamani P. Treatment of Behcet’s disease: an update. Semin. Arthr. Rheum., 2001, 30: p. 299-312.
  11. Ohno S. In: Lehner T., Barnes C.G., eds. Recent advances in Behcet’s disease. London–New York, 1986, p. 181-186.
  12. Onder M., Gurer M.A. The multiple faces of Behcet’s disease and its aetiological factors. J.Eur.Acad. Dermatol.Venereol., 2000, 15, p.126-136.
  13. O’Neill T. W., Rigby A.S., Mc. Hugh S. et al. In Codeau P., Wechsier B., eds. Behcet’s disease. Elsevier Science Publishers, B.V., 1993, p. 159-162.
  14. Sakane T., Takeno M., Suzuki N., Inaba G.,  Behcet’s disease. New Engl. J. of Medecine, 1999, 21, p.1284-1291.
  15. Shimizu T. et al. Behcet’s disease (Behcet’s syndrome). Seminars in Arthritis and Rheumatism,1979, vol.8(4), p. 223-260.
  16. Tugal-Tutkun I., Onal S. Altan Yayciolglu R. Uveitis in Behcet’s disease: an analysis of 880 patients. Am. J. Ophthalmol., 2004, 138, p. 373-380.
  17. Zouboulis Ch., Djawari D., Kirch W. et al. In: Godeau P., Wechsier B.,eds. Behcet’s disease. Elsevier Science Publishers, B.V., 1993, p.193-196.
  18. Zouboulis Ch., Kotter I., Djawari D. et al. Epidemiological features of Adamantiades-Behcet’s disease in Germany and in Europe, Yonsei Med. J., 1997, 38, 6, p.411-422.

Հեղինակ. Ն.Ռ. Մկրտչյան ՀՀ ԱՆ ակադ.Ս.Խ.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտ 0051, Երևան, Կոմիտասի պող., 49/4 УДК 616-018:2-07
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 2.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.04.2015

Հարգելի Էլեն, Բեխչետի հիվանդությունը անհայտ պատճառի աուտոիմուն վասկուլիտ է, և անկախ կոնկրետ կլինիկական դրսևորումից ճիշտ կլինի դիմել արյունաբանի: Հնարավոր է կարիք լինի նաև ռեվմատոլոգի, ատամնաբույժի, մաշկաբանի և նյարդաբանի կոնսուլտացիա:

էլեն

25.04.2015

Խնդրում եմ ասեք Բեխչետ հիվանդության դեպքում երբ ախտահարված է բերանի խոռոչի լորձաթաղանթը որ մասնագետին պետք է դիմել։Շնորհակալություն

Կարդացեք նաև

Մոդիֆիկացված ցիտրուլինացված վիմենտինի հանդեպ հակամարմինների և այլ սպեցիֆիկ աուտոհակամարմինների կլինիկական նշանակությունը և համեմատական բնութագիրը ռևմատոիդ արթրիտի ժամանակ

Բանալի բառեր` ռևմատոիդ արթրիտ, աուտոհակամարմիններ, ցիտրուլինացիա, լատեքս-ագլյուտինացիա, ռևմատոիդ գործոն, հակամարմիններ մոդիֆիկացված ցիտրուլինացված վիմենտինի հանդեպ (anti-MCV)...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Պարբերական հիվանդությամբ պայմանավորված սրտի և թոքերի ախտահարման ձևաբանական առանձնահատկությունները

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, սրտային և թոքային ամիլոիդոզ, ձևաբանություն

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կլինիկորեն արտահայտվում է պարբերական տենդի նոպաներով, որովայնամզի, թոքամզի, սինովիալ թաղանթների...

Ախտաբանական անատոմիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Կոլխիցինային բուժման որոշ հիմնահարցերի մասին

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...

Առողջապահություն 2.2010 Դեղագիտություն
Էնդոթելային ֆունկցիայի, թաքնված աթերոսկլերոզի, լիպիդային պրոֆիլի, բորբոքման, թրոմբոցիտների ֆունկցիոնալ վիճակի և մակարդելիության որոշ ցուցանիշների գնահատումը անկանոն կոլխիցինոթերապիա ստացող ՊՀ հիվանդների մոտ

Բանալի բառեր. էնդոթելաին դիսֆունկցիա, բորբոքում, աթերոսկլերոզ, պարբերական հիվան­դու­թյուն

Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) տա­րած­վածությունը և դրանից մահացությունը այլ հիվանդությունների համեմատ ամենա­բարձրն է ողջ երկրագնդում: Այն հան­դի­սանում է մահացության թիվ մեկ պատճառը...

Սրտանոթաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41)
Պարբերական հիվանդության և ամիլոիդոզի ախտածագումը, ձևաբանությունը, ախտորոշումը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, շիճուկային ամիլոիդ A սպիտակուց (SAA), պիրին, ամիլոիդոգենեզ, ամիլոիդոզ, հյուսվածաբանական ախտորոշում

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը (ԸՄՏ), որը աուտոսոմ-ռեցեսիվ ժառանգվող հիվանդություն է, կլինիկորեն արտահայտվում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41) Ախտաբանական անատոմիա Նեֆրոլոգիա
Երեխաների ստամոքսի լորձաթաղանթի ախտաբանական կազմափոխությունները պարբերական հիվանդության ժամանակ

Բանալի բառեր: պարբերական հիվանդություն, երեխաներ, ստամոքսաբորբ, Helicobacter pylori

Պարբերական հիվանդությունը (ՊՀ), կամ միջերկրածովային դողերոցքը, բնորոշվում է օրգանիզմի շճաթաղանթների համակար­գա­յին ասեպտիկ բորբոքմամբ, որն ուղեկցվում է նոպայաձև ցավերով...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2008 (33) Ախտաբանական անատոմիա
Պարբերական հիվանդության ընթացքի առանձնահատկությունները տարածուն թարախային որովայնամզաբորբ վերապրած հիվանդների մոտ

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, տարածուն թարախային որովայնամզաբորբ

Պարբերական հիվանդությունը (ՊՀ), լի­նե­լով ժառանգական հիվանդություն, շատ տա­րած­ված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1-2%-ը [2,4]: ՊՀ որովայ­նային նոպաների կլինիկական պատ­կե­րը` այսպես կոչված սուր որովայնը, հա­ճախ պատճառ է դառնում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2008 (33)
Կոլխիցինի ազդեցությունը շրջանառու իմունային կոմպլեքսների պարունակության վրա ամիլոիդոզով բարդացած և առանց բարդացումների ընթացող պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, երկրորդային ամիլոիդոզ, շրջանառու իմունային կոմպլեքսներ, կոլխիցին

Պարբերական հիվանդությամբ (ՊՀ) կամ Միջերկրածովյան ընտանեկան տենդով (Familial Mediterranean fever; FMF; MIM294100) տառապող հիվանդների թվի արագ աճը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31)
Գայլախտանման համախտանիշը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ Հայաստանում

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, համակարգային կարմիր գայլախտ

Համաձայն Իսրայելի մեր գործընկերների հետազոտությունների, պարբերական հիվանդության (ՊՀ) ժամանակ դիտվել է համակարգային կարմիր գայլախտի (ՀԿԳ) ցածր հաճախություն և թեթև ընթացք: P. Langevitz-ը և համահեղինակները մոտ 6000 ՊՀ հիվանդներից ՀԿԳ-ը նկատել են միայն երեքի մոտ: Նրանցից երկուսի մոտ հղիության ֆոնի վրա ՀԿԳ-ն ընթանում էր բավականին թեթև (ցան, հոդաբորբ, հականեյտրոֆիլային հակամարմինների առկայություն, թրոմբոցիտոպենիա)...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Սուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդությունը պարբերական հիվանդությամբ տառապողների ընտանիքների անդամների մոտ

Բանալի բառեր: պարբերական հիվանդություն, սուր աղիքային անանցանելիություն, կպումային հիվանդություն, ընտանիք, Հայաստան, հիվանդության ընթացք­­­­...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ նոպաներից առաջ դիտվող դեղնուկի երևույթը: Երկու դեպքի նկարագրություն

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, դեղնուկ, լյարդ

Մեծահասակների մոտ դեղնուկը կարող է առաջանալ բազմաթիվ ինչպես բարորակ, այնպես էլ կյանքին սպառնացող հիվանդությունների ժամանակ: Դեղնուկը կարող է լինել նախալյարդային, ներլյարդային և արտալյարդային: Դեղնուկի նախալյարդային պատճառներն են արնալուծը (hemolysis), մեծ հեմատոմայի ներծծումը, որոնք բերում են արյան մեջ չկոնյուգացված (անուղղակի) բիլիրուբինի մակարդակի բարձրացմանը: Ներլյարդային հիվանդությունները բերում են արյան մեջ ինչպես չկոնյուգացված, այնպես էլ կոնյուգացված բիլիրուբինի մակարդակների բարձրացմանը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)
Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա:

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ

Տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների ազդեցության ուսումնասիրությունները պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման (մանիֆեստացիայի) հավանականության վրա ցույց տվեցին, որ ՊՀ հիմնական շճաթաղանթաբորբային նոպաների հետ համատեղ մեկուսացած պարբերական տենդային նոպաներ ունեցող հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման համեմատաբար ցածր հավանականություն...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)
Նոպաների հաճախականությունը Հայաստանում պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ. տարբեր գործոնների ազդեցությունը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, նոպաների հաճախականություն, կլինիկական ձև, սեռ, տարիք, ծագում, գենոտիպ

Պարբերական հիվանդությունը (ՊՀ)՝ լինելով ժառանգական հիվանդություն, զարմանալիորեն տարածված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1%-ը [5]: Հատկանշական է, որ դեռ 20 տարի առաջ կատարված ժառանգաբանական հետազոտություններում հիվանդության տարածվածությունը գնահատվում էր 0.5 %-ի սահմաններում [4], այսինքն, մոտ 2 անգամ ավելի ցածր...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)
Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա:

Հաղորդում Ա: Առանձին ընդհանուր համախտանիշների, հենաշարժական, շնչական և սիրտ-անոթային համակարգերի և համակարգային բնույթի տարբեր պաթոլոգիաների ազդեցությունը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ