Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան և վարքի խանգարումներ

Հոգեբուժության զարգացումը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև Խորհրդային Հայաստանի կազմավորումը

Թեև հոգեբուժական գիտական միտքը Հայաստանում բյուրեղացել է ընդամենը վերջին 50 տարում և այժմ էլ գտնվում է իր ինքնության հաստատման որոնումների փուլում, սակայն հոգեբուժական մշակույթը գալիս է դարերի խորքից: 

 

Հայ հոգեբուժական մշակույթի ուսումնասիրման համար առատ նյութ են տալիս պատմագիտությունը, բժշկության, հոգեբանության, իմաստասիրության իրավունքի պատմությունը, կրոնագիտությունը, բարոյագիտությունը, վարքագրությունը, ժողովրդական բանահյուսությունը, գեղարվեստական գրականությունը, կերպարվեստը, ճարտարապետությունը և այլն: Այդուհանդերձ, հայկական հոգեբուժական մշակույթի պատմությունը հայագիտության ամենաթույլ ուսումնասիրված բնագավառներից է: 

 

Նախաքրիստոնեական Հայաստանում հոգեկան խանգարումների վերաբերյալ եղած պատկերացումների հիվանդությունների և բուժման մասին քիչ բան է հայտնի: Բնական երևույթները (ցոլք, ստվեր, արձագանք, տեսիլք և այլն), ինչպես նաև հոգեբանական նորմալ ախտաբանական երևույթները (քուն, երազ, ուշաթափություն, պատրանքներ, ցնորքներ, հիշողության խանգարումներ և այլն) նախնադարում նպաստել են մարդկանց շրջանում «հոգու կրկնորդի», «չար ոգու» գոյության, «անդրշիրիմյան աշխարհի» վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը: Հայաստանի տարածքում գտնվել են գանգոսկրահատման (տրեպանացիա) ենթարկված բազմաթիվ կմախքներ, ինչը վկայում է նաև անցյալում հոգեկան խանգարումները բուժելու փորձերի մասին: Նեոլիթի դարաշրջանին պատկանող ոսկրահատման ենթարկված գանգերի վրա կան բժշկական միջամտության հետքեր: Գանգի վրա մնացած անցքը, թերևս, արվել է «չար ոգու» դուրս գալու նպատակով: Երևանի մերձակայքում հայտնաբերվել է ուրարտական շրջանի գանգ, որը ոսկրահատվել է քերման եղանակով: Քերված շիկացած երկաթով բացված անցքերով գանգեր հայտնաբերվել են նաև Կովկասի այլ շրջաններում: 

 

«Դիվահարին» տվել են նողկանք առաջացնող նյութեր (արտաթորանքներ), որպեսզի «չար ոգին» ինքնակամ հեռանա, կամ փորձել են «ոգուն» հիվանդի օրգանիզմից դուրս բերել գրավչանյութերով, և երգերով ու պարերով հմայելու միջոցով: Կիրառվել են նաև քնաբեր հատկություն ունեցող դեղաբույսեր: 

 

Հին աշխարհում, այնուհետև հելենիստական շրջանում, հոգեկան խանգարումների հիվանդությունների բուժման ժամանակ հեթանոսական տաճարներում լայնորեն կիրառվել են դեղաբույսեր, հանգստացնող օծումներ, մերսում, հոգեբանական միջոցներ, ներշնչանք, և քրմերն ու քրմուհիները մեկնաբանել են «աստվածային պատգամներն ու երազները», հիվանդի հոգեկան ապրումները: Առանձնապես կարևորվել է հայրենի բնության՝ սոսիների անտառների, Արաքսի Եփրատի ակունքների, բնական աղբյուրների հոգեբուժիչ դերը: Հոգեկան հիվանդների և գինեմոլների բուժման համար օգտագործվել են նաև հանքային ջրեր և թանկարժեք քարեր (ագաթ, մեղեսիկ, նռնաքար և այլն): Թեև այս շրջանում հոգեկան հիվանդների մահճակալային բուժման վերաբերյալ մեզ տեղեկություններ չեն հասել, սակայն, դատելով մեր թվարկության IV-V դարերի գրավոր աղբյուրներում տեղ գտած հոգեբուժական հայացքներից և հայեցի տերմիններից, կարելի է եզրակացնել, որ նախաքրիստոնեական Հայաստանում հոգեբուժությունն ունեցել է զարգացման որոշակի մակարդակ: Հայ հեղինակներին (Եզնիկ Կողբացի, Եղիշե, Մովսես Խորենացի) հայտնի է եղել տարրերի տեսությունը, ըստ որի ողջ օրգանական ու անօրգանական աշխարհը կազմված է կրակից, օդից, հողից, ջրից կամ նրանց խառնուրդներից, ինչպես նաև հումորալ տեսությունը, որով մեկնաբանվել են ախտաբանական հոգեախտաբանական երևույթները: 

 

Քրիստոնեության հաստատումով հոգեբուժությունը թևակոխել է զարգացման նոր փուլ: 365 թ. կաթողիկոս Ներսես Մեծի նախաձեռնությամբ Հայաստանում վանքերին կից ստեղծվել են անկելանոցներ և ապաստարան-բուժարաններ բորոտների, ցավագարների, հոգեկան հիվանդների, գինեմոլների, մտավոր թերզարգացածների, կույրերի համար: Անցյալում առավել հայտնի էր Սանի վանքը, ուր մեկուսացվում էին հոգեկան հիվանդները և թունդ գինեմոլները: Կարելի է ասել, որ «վանքային հոգեբուժությունը» Հայաստանում ձևավորվել է ավելի վաղ, քան մի շարք այլ քրիստոնեական երկրներում՝ Բուլղարիայում (IX դար), Ռուսաստանում (XI դար), Գերմանիայում (XIII դար): Բացի այդ, մեզանում եկեղեցու վերաբերմունքը հոգեկան հիվանդների նկատմամբ եղել է անհամեմատ մարդասիրական: Մինչդեռ կաթոլիկ եկեղեցին միջնադարում հավատաքննության է ենթարկել և խարույկի վրա վառել միլիոնավոր հոգեկան հիվանդների: Հայ եկեղեցու ամենակրքոտ գաղափարախոսներն անգամ փորձել են հոգեկան հիվանդի տվայտանքները կապել բնական պատճառների հետ և նրան վերաբերվել ներողամտորեն ու խղճմտանքվ: Օրինակ, V դարի մտածող Եզնիկ Կողբացին գրել է, որ այդ հիվանդությունները «ոչ մեղքերի պատճառով են, ոչ էլ Աստծու փառքի համար, այլ բաղադրիչ նյութերի անհամամասնությունից են», իսկ մի այլ տեղում՝ «...մարդկանց նվաղելն ու ցնորվելն ամեն դեպքում դևից չի լինում»: Դրա փոխարեն հայ եկեղեցու հայրերը անխնա դատապարտել են գինեմոլությունը, իբր ինքնակամ խելագարություն` նման անձանց նկատմամբ սահմանելով ամենախիստ պատժամիջոցները: 

 

Հոգեկան հիվանդների նկատմամբ հալածանքները պատմության մեջ պատճառ են դարձել զանգվածային հիստերիկ փսիխոզների առաջացման և հասարակության ներքին կյանքի ապակայունացման համար: Թերևս, նաև դրանով պետք է բացատրել անկայուն պետականություն ունեցող Հայաստանում հոգեկան հիվանդների հանդեպ եկեղեցու բարյացակամությունը: 

 

Հոգեկան խանգարումների առաջացումը կապվել է գլխուղեղի վնասման հետ: Հիվանդության զարգացման մեջ ֆիզիկական հոգեկան անբարենպաստ գործոնների հետ մեկտեղ, մեծ նշանակություն է տրվել գլխուղեղի հյուծմանը, անձի խառնվածքին, ժառանգական նախատրամադրվածությանը: Վերջինիս մասին հասկացությունն իր դրսորումն է գտել «ծնված օրից», «ի ծնե», «բնածին», «ծնողներից եկող» տերմիններում: Հայ բժիշկներին հայտնի է եղել էպիլեպսիան` իր տարբեր դրսորումներով: Ըստ նրանց, հիվանդությունն առաջանում է մարմնական, ուղեղային հումորալ պատճառներից: Նկարագրվել են սովի, թերսնման հյուծման դեպքում առաջացած հոգեկան խանգարումները, իսկ վարակածին կամ տենդային զառանցանքը, ընդմիջվող տենդի դեպքում, հավանաբար ունեցել է մալարիային ծագում: Վարակածին մանիան, որպես համախտանիշ, թերևս չի առանձնացվել ոչ վարակածին մանիայից և մելանխոլիայից: Ցիկլոֆրենիայի երկու փուլերի մասին արվել է սեղմ, սակայն հաջող նկարագրություններ: Մանիակալ փուլին բնորոշ որոշ ինտելեկտուալ խանգարումներ մեկնաբանվել են ընկալման մտածողության գործընթացի փոխազդեցության խանգարումով: 

 

Միջնադարյան հայ բժշկապետեր Գրիգոր Մագիստրոսի, Գրիգորիսի, Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու, Ասար Բունիաթ Սեբաստացիների, իսկ ավելի ուշ՝ Պետրոս Քալանթարյանի, Ստեփանոս Շահրիմանյանի և ուրիշների աշխատություններում հելենիստական, արաբական, եվրոպական և ռուսական բժշկագիտության ազդեցություններից բացի, ակնհայտ են հոգեկան հիվանդությունների առաջացման և բուժման վերաբերյալ ազգային ինքնատիպ պատկերացումները և սեփական ժողովրդի հարուստ կենսափորձը: Դեռևս XIII դարում Գրիգորիսը գրել է, որ գլուխը ողջ մարմնի թագավորն է և արտաքին պատճառներից (մասնավորապես ոգելից խմիչք ընդունելուց) գլխուղեղում առաջանում են հյուծող քայքայիչ փոփոխություններ, թուլանում է դիմադրողականությունը և ուղեղն այլս ի վիճակի չի լինում պայքարելու հիվանդությունների դեմ: 

 

Հայ բժշկապետերը խորությամբ անդրադարձել են նյարդահոգեկան հիվանդների սննդակարգի, բուսաբուժության, ինչպես նաև հոգեթերապիայի հարցերին: Օրինակ, «միօրյա» տենդի դեպքում, որը` ըստ Մխիթար Հերացու, առաջ է գալիս «հոգսերի և դառնությունների» պատճառով, գիտնականն առաջարկել է. «Զբաղեցրու (հիվանդին) խաղերով և կատակներով ու ամեն միջոցով նրան ուրախացրու, թող որքան կարելի է հիվանդը շատ լսի գուսանների երգը, լարերի հնչյունը և հաճելի մեղեդիներ»: Ամիրդովլաթ Ամասիացու դեղագիտական ու բուսաբուժական բժշկարանները այսօր էլ կարող են արժեքավոր խորհուրդներ տալ հոգեբույժներին: 

 

Հոգեկան առողջության պահպանման հիվանդությունների կանխարգելման միտումներն իրենց տարերային արտացոլումն են գտել նաև ժողովրդի հոգոր մշակույթում: Ժողովրդական բանահյուսությունը, ասացվածքները, հեքիաթները, գրականության արվեստի գլուխգործոցները հաճախ ավելի ստույգ, քան մեծածավալ գիտական հետազոտությունները, մեզ ծանոթացնում են հայ ազգի հոգեբնախոսության առանձնահատկություններին, հոգեբանական ինքնապաշտպանության յուրահատուկ ուղիներին: Դարերի ընթացքում մարդիկ համոզվել են, որ անձնական վշտի հարվածները հնարավոր է մեղմել ժողովրդի մեջ` ապրելով ընդհանուր հոգսերով, տրվելով ընդհանուր գործին: Այս ճշմարտությունը արտահայտվել է «Էլի (ժողովրդի) հետ սև օրը Զատիկ է» ասացվածքում: Կամ, թե չէ, մարդը համոզվել է, որ ամուսնական կյանքի ոչ մի դժվարություն չի դիմանում զգացմունքի ուժին. «Էրիկ-կնկա կռիվը մինչ անկողինն է»: Այս և ուրիշ շատ այլ ասացվածքներում. «Որդի չունես՝ հոգի չունես», «Լույսը կբացվի, բարին՝ հետը», «Վիշտը կիսելը կես վիշտ է, ուրախությունը կիսելը՝ կրկնակի ուրախություն» և այլն, իմաստնացած է հոգեկան հավասարակշռությունը պահպանելու վերաբերյալ ժողովրդի կենսափորձը: 

 

Գրականության, երաժշտության, կերպարվեստի հոգեամոքիչ նշանակությունը բազմիցս պարզաբանել են միջնադարի նոր շրջանի հայ մտածողները: Օրինակ, XIII դարի փիլիսոփա Հովհաննես Երզնկացին գտնում է, որ երաժշտությունն էլ անմարմին է և հոգու պես ուժեղ ազդում է նրա վրա: Հոգին էլ ազդում է մարմնի վրա և վերափոխում այն: Ուշագրավ են նաև Սայաթ-Նովայի խոսքերը երաժշտության դարմանող շնորհների մասին՝ «Շատ տխուր սիրտ կու խնդացնիս, կու կտրիս հիվընդի դուղն»: 

 

Հայ հոգեբուժական մշակույթում անգնահատելի է Գրիգոր Նարեկացու դերը: Նրա անմահ «Մատյան ողբերգության» նախաբանում կարդում ենք. «Այս մատյանն ընթերցողների սրտերը դարձրու հստակ և հանցանքները սրբիր... եթե անձնական ցավի մի մահացու վտանգ պաշարի որևէ մեկին՝ թող որ սրանով գտնի փրկությունը հույսով ապրելու»: 

Իրոք, դարեր շարունակ, «Մատյանը», կամ ինչպես ժողովուրդն է անվանել` »Նարեկը» բժշկել է հուսահատվածներին ու ընկճվածներին, կյանք է ներշնչել տասնյակ հազարավոր մարդկանց: 

 

Գրի և արվեստի պաշտամունքը հոգեբանական մեծ զորավիգ է եղել մեր ժողովրդի համար: Հայոց գրերի հոգեպաշտպանական մեծ դերի վկայությունն է, որ կյանքի օրհասական պահերին հրոսակի սրից հալածված հայը գաղթի ժամանակ իր հետ վերցրել է ձեռագիր հատորները: 

 

Հոգեկան առողջության պահպանման, առողջ և սթափ ապրելակերպի արժեքավոր գաղափարներ կարելի է գտնել նաև «Սասնա ծռեր» էպոսում, իսկ որոշ հայ գրողների, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, կարելի է անվարան համարել ընդհանուր հոգեախտաբանության մտքի հանրագիտարան: Առանց այս ամենի խոր և համակողմանի իմացության անկարելի է ամբողջական պատկերացում կազմել Հայաստանում հոգեբուժության անցած ուղու զարգացման միտումների մասին: 

 

Կովկասում հոգեկան հիվանդների առաջին հաշվառումը կատարվել է 1855-1867 թթ. ընթացքում: Հաշվառման արդյունքում Կովկասի, մոտավորապես 10 մլն բնակչության մեջ գրանցվել է 745 հոգեկան հիվանդ: Երկրորդ հաշվառումը կատարվել է 1896 թ., ըստ որի Երևանի գավառում հաշվառվել է ընդամենը 68 հոգեկան հիվանդ: Երրորդ հաշվառումը կատարվել է 1915 թ., համաձայն որի Հայաստանի տարածքում հայտնաբերվել է արտահիվանդանոցային պայմաններում գտնվող 34 հոգեկան հիվանդ: Հասկանալի է, որ այս տվյալները չեն արտացոլում ժամանակի իրական պատկերը: 

 

Մինչև մեր դարի սկիզբը Հայաստանում հոգեբուժական հատուկ հիվանդանոցներ չեն եղել: 1908 թ. Երևանի հիվանդանոցում հոգեկան հիվանդներին տրամադրված է եղել մեկ սենյակ: Հիվանդանոցի տարեկան հաշվետվության մեջ ասվում է. «Քանի որ առանձին սենյակներ չկային վարակիչ հիվանդներին և մահացածների դիակները պահելու համար, ապա այդ «հոգեբուժական բաժանմունքը» շատ հաճախ ծառայում էր նաև այդ նպատակներին»: 1910 թ. հոկտեմբերի 1-ից Երևանում հոգեկան հիվանդների համար բացվել է 12/16 մահճակալանոց վճարովի խնամատուն տղամարդկանց համար` մահճակալի համար ամսական 12 ռուբլի վճարով: 

 

1912 թ. Թիֆլիսում կայացած Կովկասի բժիշկների համագումարում թիֆլիսահայ հոգեբույժ Դավիթ Օրբելու կարդացած զեկույցում նշվել է, որ Երևանում կա 20 հոգեբուժական մահճակալ: 1914 թ. Երևանում գործում էր պետության հովանավորության տակ գտնվող hոգեկան հիվանդների խնամատունը: 

 

Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում 1915 թ. երիտթուրքերի կառավարության կազմակերպած ավելի քան 1,5 մլն հայ բնակչության զանգվածային կոտորածների ու գերեվարումների հետևանքով առաջացած հարյուր-հազարավոր փախստականների տեղավորման շրջանակներում Կովկասում փախստականների տեղավորման գծով հատուկ հանձնակատար, հայազգի գեներալ Թամամշը թույլատրել է Քաղաքների Միության կովկասյան բաժանմունքին փախստականների կարիքները հոգալու համար Երևանում բացել հոգեբուժական հիվանդանոց, որի կահավորման համար միանվագ բաց է թողնվել 15 000 ռուբլի ամսեկան ծախսերի համար՝ 3 000 ռուբլի: Հիվանդանոցի վարիչ է նշանակվել բժշկուհի Եղիազարովան («Արմյանսկի վեստնիկ», 1916 թ. 47, էջ 19): 

 

1920 թ. սկզբին Երևանի հոգեբուժարանում արդեն կար 20 մահճակալ: 

 

1920-25 թթ. Երևանում հոգեբուժական օգնության համար առանձնացվել էր 25-30 հիվանդանոցային մահճակալ: 

 

Նորաստեղծ Խորհրդային Հայաստանի հեղկոմը 1920 թ. դեկտեմբերի 22-ին կազմեց առողջապահության ժողովրդական կոմիսարիատը, որի ղեկավարությունը դրեց բժիշկ-հոգեբույժ Գրոյի (Գրիգոր Տեր-Հակոբյան) վրա՝ ժողովրդական կոմիսարի տեղակալի իրավունքներով: Հետագայում Գրոն` անցնելով բուժական աշխատանքի, խորացել է հոգեբուժության մեջ և ստացել պրոֆեսորի կոչում: Երկար տարիներ աշխատելով Հանրապետական հոգեբուժական դիսպանսերում` նա հսկայական ծառայություն է մատուցել հոգեբուժության զարգացմանը Հայաստանում:  

 

Գրականություն 


  1. Դավթյան Վ.: Հոգեբուժություն, Գիրք 1, Ե., 1992 
  2. Կծոյան Ա.: Բժշկագիտությունը Հայաստանում XI-XIV դարերում, Ե., 1968: 
  3. Մելիք-Փաշայան Մ. համահեղ.: Հոգեբուժություն, Ե., 1994: 
  4. Մինասյան Հ.: 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա., Ե., 2002: 
  5. Յազմաջյան Հ.: Հոգեբուժական հայացքները Հայաստանում հնագույն ժամանակներից մինչ XI դարը, Բժշկ. գիտ. թեկնած. ատենախոսութ., Ե., 1954: 
  6. Փարսադանյան Ռ.: Հայաստանի առողջապահության պատմություն (1828-1965թթ.), Ե., 1973: 
  7. Оганесян Л.. История медицины в Армении. Е.; 1946-1947; том 15. 

 

 

Հեղինակ. Հ. Մ. Մինասյան, «Նոր Արաբկիր» պոլիկլինիկա, Երևան, Հայաստան
Սկզբնաղբյուր. Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեբուժության զարգացումը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից ի վեր
Հոգեբուժության զարգացումը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից ի վեր

1921 թ. նոյեմբերի 16-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական կոմիսարիատի խորհուրդը որոշում է ընդունում հոգեկան հիվանդների նկատմամբ...

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2) Պատմության էջերից
Հոգեբուժական ծառայության պատմությունը Արցախում

Ինչպես ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, այնպես էլ Հայաստանում հոգեբուժական հիմնարկները և ծառայությունները բուռն զարգացում ապրեցին XX դարի երկրորդ կեսին...

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2) Պատմության էջերից
Դիսմորֆոֆոբիան օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումների շրջանակում

Հանգուցային բառեր. օբսեսիվկոմպուլսիվ խանգարումներ, դեռահասային տարիք, դիսմորֆոֆոբիա, կոմորբիդություն, դեպրեսիա
Օբսեսիվկոմպուլսիվ և դիսմորֆոֆոբիկ խանգարումների փոխհարաբերության և պատճառահետևանքային կապերի հետազոտությունը...

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2)
Մեթադոնային փոխարինող բուժումն արդեն Հայաստանում

Պատմական ակնարկ: Մեթադոնի ցավազրկող ազդեցությունը հայտնաբերել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1941թ. սեպտեմբերի 11ին այս գիտնականները պաշտոնապես պատենտավորեցին...

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2) Պատմության էջերից
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Ներածություն: Ներկայացնելով իրական վտանգ մարդկության համար` ՄԻԱՎ վարակն առաջացնում է մի շարք տնտեսական, կազմակերպչական, հոգեբանական, սոցիալական խնդիրներ հիվանդների, հասարակության համար...

Վարակաբանություն Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)
Վարքի խանգարման առանձնահատկությունները մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մոտ

Դեռևս Դեմոկրիտը, Հիպոկրատն (մ.թ.ա.460-377 թթ.) իրենց աշխատություններում նշել են շրջակա միջավայրի, կլիմայի ազդեցությունը մարդու վարքի վրա: Դեմոկրիտն առանձնացրել է հատկապես ջրի ներգործությունը: Պլատոնը և Արիստոտելը կարևորել են նաև հողի դերը...

Մանկական հիվանդություններ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ