Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ԵՊԲՀ. Բժիշկ-պացիենտ հարաբերություններից մինչև արհեստական բանականություն. հարցազրույց գերմանացի վիրաբույժի հետ

ԵՊԲՀ. Բժիշկ-պացիենտ հարաբերություններից մինչև արհեստական բանականություն. հարցազրույց գերմանացի վիրաբույժի հետ

Հունիսի 10-15-ը աշխատանքային այցով «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում էր  Գերմանիայի Աուսբուրգի համալսարանական կլինիկայի սիրտ-անոթային և կրծքային վիրաբուժության բաժնի թորակալ և աբդոմինալ վիրաբույժ Հոլգեր Լիսթլեն։ Սա բժշկի երրորդ այցն է Հայաստան՝ համալսարանական հիվանդանոց։ Այցի շրջանակում նա մասնակցել է խորհրդատվությունների և վիրահատությունների, հանդիպել բուժհաստատության վիրաբույժների հետ մեթոդաբանական աջակցության և փորձի փոխանակման նպատակով։ Համալսարանական հիվանդանոցում նա հանդես է եկել մինիմալ ինվազիվ վիրաբուժությանը նվիրված զեկուցմամբ,  պատասխանել բժիշկների հարցերին։

Նշենք, որ Հոլգեր Լիսթլեն բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, պաշտպանել է դոկտորական թեզ «Effect of inhaled lidocain on pulmonary inflammatory process during experimental sepsis in rats» թեմայով։

Բժիշկը նաև մասնակցում է բարեգործական ծրագրերի, պարբերաբար այցելում է տարբեր երկրներ։ 2016 թվականին Ուգանդայում հիմնադրել է «Կատատե» բժշկական կենտրոնը, որն ինքն էլ ղեկավարում է։ Հոլգեր Լիսթլենի զրուցել ենք բժշկությունից և ոչ միայն։

-Դուք արդեն երրորդ անգամ եք այցելում մեր երկիր։ Ի՞նչն է Ձեզ մշտապես բերում այստեղ։ Ի՞նչ փոփոխություններ եք տեսել այս ընթացքում:

-Այո, սա իմ երրորդ այցն է։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանին և  բժիշկ Անդրանիկ Ալեքսանյանին։ Շատ տպավորիչ է աշխատել այս մարդկանց հետ, մեզ բոլորիս կապում է սերը վիրաբուժության նկատմամբ և մարդկանց օգնելու ցանկությունը։ Մեծ փոփոխություններ եմ նկատում «Միքայելյան» հիվանդանոցում, ես տեսա վիրահատարանի տեխնիկական հագեցվածությունը, լապարասկոպիկ հավաքածուները, ուրախալի էր այս առաջընթացը արձանագրել։ Հիացած եմ իմ կոլեգաներով, հաճելի էր տեսնել, թե նրանք ինչպես են իրականացնում տարբեր բարդ վիրահատություններ, իսկ պրոֆեսոր Ստեփանյանը իդեալական վիրաբույժ է, նրա կատարած վիրահատությունները հիասքանչ են։ Ինչպես այս հիվանդանոցը, այնպես էլ Երևանը արագ զարգանում է, ենթակառուցվածքները ավելանում են։

 -Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանի բժշկական համակարգից և մասնավորապես՝ վիրաբուժությունից։

-Հայաստանի առողջապահական համակարգին ծանոթ եմ  6-7 տարվա կտրվածքով, պետք է նշեմ, որ այսօր ֆինանսական սուղ միջոցները մեծ մարտահրավեր են Հայաստանի և այլ երկրների համար, քանի որ չկա առողջապահական պարտադիր ապահովագրություն՝ ի տարբերություն եվրոպական երկրների։ 6-7 տարի առաջ ես նշում էի, որ շատ խնդիրներ կլուծվեն առողջապահական պարտադիր ապահովագրությամբ, մարդիկ, ամեն ամիս վճարելով ինչ-որ գումար, կապահովագրեն իրենց կյանքը և առողջությունը: Այսօր մեծ մարտահրավեր է տրամադրել որակյալ բուժօգնություն սուղ ֆինանսների պայմաններում, այս խնդիրը կա նաև զարգացած եվրոպական երկրներում, և կառավարություններն ու  պատասխանատու գերատեսչությունները պետք է այդ ուղղությամբ աշխատեն։ Կարևոր է, որ քաղաքական գործիչները, պաշտոնյաները հարգան տածեն բժիշկների հանդեպ, որովհետև ոչ մի գումար չի փրկի, եթե ունես ծանր հիվանդություն, այդ դեպքում միայն բժիշկը կարող է օգնել։  Քաղաքական որոշումները հաճախ անարդար են բժիշկների տեսանկյունից, մենք տառապում ենք սխալ որոշումների պատճառով, դրա համար քաղաքական գործիչները պետք է մոտ լինեն սովորական մարդկանց խնդիրներին, բժիշկներին, որպեսզի կարողանան ճիշտ որոշումներ կայացնել։

Վիրաբուժության մասով պետք է նշել, որ աբդոմինալ վիրաբուժությունը շատ զարգացած է Հայաստանում՝ մասնավորապես այս  հիվանդանոցում, ես այստեղ անելիք չունեմ, նրանք իմ օգնության կարիքը չունեն։ Երբ տեսնում ես՝ կոլեգաներդ ինչ լավ են վիրահատում, դա էլ է մոտիվացնում քեզ անընդհատ կատարելագործվելու և ձգտելու լավագույնին։ Շատ հաճելի է տեսնել երիտասարդ վիրաբույժների սերը վիրաբուժության նկատմամբ, պացիենտները զգում են դա։ Պետք է մտածել թորակալ վիրաբուժության միջամտությունները մինիմալ ինվազիվ դարձնելու մասին, վստահ եմ՝ սա ևս հնարավոր է անել, ընդամենը ժամանակ է պետք։ Հարցը, իհարկե, նաև ֆինանսական է, որովհետև դա մատչելի չէ, և քանի որ մարդիկ են վճարում իրենց բուժօգնության համար, մեծ հարց է՝ կկարողանան վճարել, թե ոչ։

Ես  նկատել եմ, որ Հայաստանում շատերն են ծխում և շատ են ծխում, հենց դա էլ հաճախ հանգեցնում է թոքի քաղցկեղի։ Լավ կլինի Հայաստանում ներդնել սքրինինգային ծրագրեր, որոնք թույլ կտան սկզբնական փուլում հայտնաբերել քաղցկեղը և մինիմալ վիրաբուժության մեթոդներով բուժել։

-Արդեն տևական ժամանակ է՝ համագործակցում եք մեր վիրաբույժների հետ. արդյոք պլաններ կա՞ն համատեղ այլ նախագծերի իրականացման համար։ Ե՞րբ կրկին Ձեզ կտեսնենք Հայաստանում։

-Իհարկե, տարբեր նախագծեր քննարկում ենք, օրինակ՝ ես բժիշկ, դասախոս Անդրանիկ Ալեքսանյանին և նրա կոլեգաներին հրավիրել եմ Ուգանդա՝ վիրահատություններ կատարելու։ Հույս ունեմ, որ Հայաստան կգամ 3-4 ամսից։ Ուզում եմ աջակցել այստեղ թորակալ վիրաբուժության զարգացմանը։

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր գալիս մեր երկրում, և ի՞նչն է Ձեզ հատկապես զարմացրել։

-Իմ ամբողջ օրն անցնում է վիրաբուժության մեջ, ամենահետաքրքիրը և հաճելին ձեր հիվանդանոցը գալը և պրոֆեսոր Ստեփանյանի վիրաբուժական թիմի հետ աշխատելն է։ Նրան հաջողվել է բացառիկ ուժեղ ստորաբաժանում ստեղծել, ընկերական թիմ, ջերմ մթնոլորտ, լավ հարաբերություններ նաև մյուս մասնագետների հետ։ Լինելով այս դժվար գործում՝ կարևոր է ունենալ գործընկերներ, ում կարող ես անվերապահորեն վստահել։ Այստեղ ես տեսել եմ հիասքանչ վիրահատություններ անող վիրաբույժների, ովքեր ունեն ճկուն միտք։ Երբ հնարավորությունները սահմանափակ են, մարդիկ աշխատեցնում են իրենց ուղեղը եղած հնարավորությունները առավելագույնը օգտագործելու համար։  Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ սիրում եմ ուտելիքը, հյուրասիրությունը, պատմամշակութային վայրերը։

-Բժշկությունից դուրս ինչպե՞ս եք սիրում անցկացնել ժամանակն այստեղ:

-Հայաստանը  փոքր երկիր է՝ հարուստ մշակույթով, և այն շատ հետաքրքիր է։ Շատ ժամանակ չունեմ,  առաջնահերթությունը վիրաբուժությունն է, առավոտյան գալիս եմ հիվանդանոց, հետո գնում եմ հանգստանալու, Հայաստանում հեշտ է ժամանցը լավ կազմակերպել, հետաքրքիր վայրեր կան։

-Քանի որ բազմաթիվ երկրներում եք եղել, ի՞նչ տարբերություններ եք նկատում մեր և նրանց պացիենտների, բժիշկների միջև։

-Հայաստանում բժիշկ-պացիենտ հարաբերությունը բավականին մտերմիկ է, և սա մարտահրավեր է։ Պացիենտները գալիս են խնդիրներով, նրանք վստահում են մեզ իրենց կյանքը, մենք ունենք մեծ պատասխանատվություն, բայց մենք Աստված չենք, չենք կարող ամեն ինչ կառավարել։ Երբ դու ունես մոտ հարաբերություններ պացիենտի հետ, դա կարող է դժվարացնել քո աշխատանքը։ Ուգանդայում էլ են պացիենտները և բժիշկները մտերիմ, բայց ոչ այնքան, ինչքան Հայաստանում։ Այնտեղ մարդիկ տառապում են առողջապահական համակարգի պատճառով, համեմատության ոչ մի եզր չկա այս երկու երկրների մեջ։ Հայերը ընդհանուր առմամբ նվնվան չեն, նրանք հարգում և գնահատում են բժիշկներին։ Գերմանացի պացիենտները  այդքան չեն գնահատում բժիշկներին, պատճառը համակարգն է, որը իրենց ծախսերը հոգում է, ամեն ինչ հասանելի է, հնարավոր և անվճար։ Ես կարծում եմ, որ Հայաստանում բժիշկների գնահատման աստիճանը մեծ է, մարդիկ կարող են վերադառնալ և ասել՝ շնորհակալություն, դա հաճելի է, գերմանացիները երբեմն են դա անում, իսկ Ուգանդայում հնարավոր է պացիենտը կես տարի անց վերադառնա և քեզ հավ բերի որպես շնորհակալություն։ Ինձ հետ էլ է պատահել։ Երբեմն պացիենտները կարող են չգնահատել բժշկի գործը և կոպիտ լինել, դու չպետք է  մտնես դրա մեջ։

Այստեղ բժիշկները հոգ են տանում պացիենտի նկատմամբ, սեր և խնամք են տալիս, նրանց համար կարևոր է, որ պացիենտը լինի գոհ և բավարարված։ Մեր աշխատանքը դժվար է, հսկայական պատասխանատվություն է, լինել ընկերական պացիենտի հետ կարող են միայն լավ բժիշկները, պետք է շատ վստահ լինես քեզ վրա, որ ընկերական լինես։ Ուգանդայում ռեսուրսները սահմանափակ են, երևի դրանով է պայմանավորված բժիշկ-պացիենտ կապի ոչ ամուր լինելը։

Գերմանիայում էլ եթե լավ թիմում հայտնվես, կարող ես տեսնել բժիշկների, ովքեր հոգատար են քո հանդեպ։ Տեխնիկական հագեցվածության առումով, իհարկե, Գերմանիայում հնարավորությունները մեծ են, վիրաբույժների համար կարևոր է վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությունը, որովհետև քեզ մշտական օգնողները հենց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն են։ Բայց տեխնիկական հագեցվածության հարցերը ժամանակի ընթացքում լուծելի են։

-Արհեստական բանականությունը փոխում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ բժշկությունը։ Մենք արդեն տեսնում ենք ռոբոտներ, որոնք վիրահատություններ են կատարում։ Ձեր կարծիքով՝ ԱԲ-ի զարգացումը սպառնալի՞ք է, թե՞ հնարավորություն բժիշկների, հատկապես վիրաբույժների համար։ Հնարավո՞ր է ապագայում վիրաբույժների պահանջարկը կտրուկ նվազի։

-Լավ կլինի, իհարկե, որ դու ունենաս ռոբոտ և նրան պահես ընտանի կենդանու պես։ Ես գիտեմ, որ ԱԲ-ն հնարավոր է օգտագործել վիրաբուժության մեջ, դու կարող ես օգտագործել արհեստական բանականությունը ռոբոտին սովորեցնելու համար թեթև միջամտությունների համար, բայց դա ևս ենթակառուցվածքների հետ է կապված, ռեսուրսների և ֆինանսական հարցեր կան։ Հարցն այն է՝ արդյոք ռոբոտները մարդուց լավ կանեն այդ վիրահատությունը, թե ոչ, օրինակ երբ ունես բարդ իրավիճակ՝ արյունահոսություն, ինչպես պետք է վարվի ռոբոտը։ Մենք կարիք չունենք մարդկանց սպանող սարքավորման, մենք կարիք ունենք մարդկանց փրկող սարքավորման, մենք ուզում ենք սարքավորում, որը մարդուց լավը լինի և հարց է՝ արդյոք դա հնարավոր է։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ