Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ընկերքի առաջադրություն. tsnndatun.am

Ընկերքի առաջադրություն. tsnndatun.am

Հղիության սկզբում կնոջ օրգանիզմում ձևավորվում է օրգան, որն ինն ամսվա ընթացքում պտղին ապահովում է անհրաժեշտ նյութերով և թթվածնով։ Դա ընկերքն է։ Այն սերտաճում է մայրական հյուսվածքի հետ և երեխայի ծնվելուց հետո հեռացվում է օրգանիզմից։ Հղիության նորմալ ընթացքի և բարեհաջող ծննդաբերության համար նշանակություն ունի ընկերքի տեղակայումը։  

Նորմայում այս օրգանը կարող է գտնվել արգանդի վերին հատվածում (արգանդի հատակ), տեղակայվել հետին, կողմնային կամ առաջային պատերին։  Երբ ընկերքն սկսում է ձևավորվել արգանդի ստորին մասում, մասնագետներն այդ իրավիճակը համարում են բարդություն կամ ախտաբանություն։

Կնոջ և երեխայի համար ի՞նչ հետևանքներ կարող է բերել ընկերքի առաջադրությունը կամ վերջինիս ցածր տեղակայումը։

Ընկերքի առաջադրության նշանները

Եթե ընկերքն ամրանում է ոչ ճիշտ տեղում, այն դրսևորվում է անցավ արյունահոսություններով։ Դրանք կարող են լինել հաճախ կամ հազվադեպ, քսվող կամ առատ։ Սովորաբար, դրանք դրսևորվում են 20 շաբաթականից հետո, սակայն կարող են առաջանալ նաև առաջին եռամսյակում։ Պտղի աճին զուգընթաց, արգանդի մկանները երկարում և ձգվում են։  Ընկերքն այդպիսի էլաստիկությամբ օժտված չէ և մշտապես շերտազատվում է։ Արդյունքում առաջանում է անոթների պատռում, և սկսվում է արյունահոսություն։ Առատ արյունահոսությունները դառնում են սակավարյունության և զարկերակային ճնշման անկման պատճառ։ Մայրական օրգանիզմն ի վիճակի չէ պտղին ապահովել անհրաժեշտ քանակությամբ թթվածնով։  Իսկ ընկերքի աշխատանքային մակերեսի նվազումը ստեղծում է անհրաժեշտ սննդանյութերի պակաս։  Արդյունքում պտղի մոտ առաջանում է հիպօքսիա, դիտվում է զարգացման դանդաղում։  

Որոշ դեպքերում ընկերքի առաջադրությունը թույլ չի տալիս պտղին գրավել ճիշտ գլխային դիրք։ Երեխան կարող է մոր որովայնում տեղակայվել լայնակի կամ թեք գծով։  

Ընկերքի ցածր տեղակայման մասին կարելի է իմանալ գինեկոլոգիական զննման և ՈՒՁՀ արդյունքում։ Տեխնիկական հնարավորությունների շնորհիվ որոշվում են ընկերքի չափերը, վերջինիս օգտակար մակերեսը, տեղակայումը։  Բարդության հայտնաբերման դեպքում կինը գտնվում է գինեկոլոգի հատուկ հսկողության տակ։

Տարբերում են արգանդի ստորին հատվածում ընկերքի տեղակայման հետևյալ տեսակները.

  • ընկերքի ցածր տեղակայում,
  • ընկերքի առաջադրություն (լրիվ, եզրային, կողմնային)։


Ընկերքի ցածր տեղակայում

Ընկերքի ցածր տեղակայման մասին վստահորեն կարելի է ասել միայն երրորդ եռամսյակում։ Ավելի վաղ ախտորոշման ժամանակ տվյալները, որպես կանոն, փոխվում են։ Եթե 20-25 շաբաթականում ընկերքը տեղակայված է արգանդի ստորին մասում, ապա հղիության զարգացմանը և արգանդի պատերի ձգմանը զուգընթաց այն կարող է բարձրանալ վերև՝ մինչև անվտանգ մակարդակ։  Եթե 34 շաբաթականում ընկերքի եզրը չի բարձրանում արգանդի վզիկից 6-7 սմ վերև, ապա ցածր տեղակայման ախտորոշումը հաստատվում է։ Քանի որ ելքի շրջանը չի ծածկվում, ծննդաբերության ժամանակ դժվարություններ չեն կանխատեսվում, կինը կարող է ծննդաբերել բնական ճանապարհով։ Բժշկական բոլոր ցուցումներին հետևելու դեպքում հղիությունը լուրջ բարդություններ չիառաջացնում։

Ընկերքի լրիվ առաջադրություն

Ընկերքի առաջադրությունը կարող է լինել լրիվ կամ մասնակի։ Լրիվ կամ կենտրոնական առաջադրության ժամանակ ընկերքը ծածկում է ելքը։ Այսպիսի պայմաններում երեխայի լույս աշխարհ գալն առանց վիրաբույժների օգնության անհնար է։ Քանի որ կծկանքները ծննդաբերության ժամանակ կարող են առատ արյունահոսություն առաջացնել, կեսարյան հատումն իրականացվում է նախքան ծննդաբերության նախանշված ամսաթիվը։ Այսպիսի առաջադրության դեպքում ամբողջ հղիության ընթացքում բնորոշ են հանկարծակի արյունահոսությունները։  Դրանք սկսվում են առանց օբյեկտիվ պատճառների, անցնում են առանց ցավի և առանձնանում են առատությամբ։ Հղիության զարգացմանը զուգընթաց` արյունահոսությունների պարբերականությունը մեծանում է։
Մասնակի առաջադրության ժամանակ ծննդաբերական ուղին լիովին չի ծածկվում։

Եզրային առաջադրություն

Եզրային առաջադրության ժամանակ ընկերքը տեղակայվում է ելքի կողքին՝ ծածկելով արգանդի վզիկի մոտավորապես երրորդ մասը։ Կարող է դրսևորվել քիչ քանակի արտադրությամբ և զգալի արյունահոսություններով՝ փորկապությունների ու ճիգերի, ֆիզիկական ծանրաբեռնվածությունների և ծանրությունների բարձրացման ժամանակ։ Արգանդի այս շրջանում մկաններն աշխատում են ակտիվորեն՝ կանոնավոր ձգվելով և կծկվելով, ինչը կարող է բերել անոթների պատռման և ընկերքի շերտազատման։  Այդ պատճառով արյունահոսությունը համարվում է ծննդաբերությունների ամենահաճախ հանդիպող բարդությունը։ Կնոջ մոտ սակավարյունություն է զարգանում, իսկ պտղի մոտ՝ հիպօքսիա։ Այս իրավիճակներում ծննդաբերությունները շարունակվում են կեսարյան հատման օգնությամբ։

Առաջադրության այս տեսակի դեպքում պլանային վիրահատություն նշանակվում է միայն լրացուցիչ բարդությունների առկայության դեպքում․

  • կնոջ նեղ կոնք,
  • սպի` արգանդի վրա,
  • պտղի սխալ դիրք։


Բացասական գործոնների բացակայության դեպքում մանկաբարձները սպասում են, թե ինչ տեղի կունենա կնոջ օրգանիզմի հետ ծննդաբերության առաջին շրջանում։ Եզրային առաջադրության դեպքում կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել, եթե դիտվում է ուժեղ ծննդաբերական գործունեություն և բացակայում է արյունահոսությունը։ Արյունահոսության առաջացման դեպքում պտղապարկը պատռում են, երեխայի իջած գլուխը ճնշում է վնասված անոթները, և արյունահոսությունը դադարում է։

Կողմնային առաջադրություն

Ընկերքի այսպիսի տեղակայման դեպքում ծածկվում է ելքային խողովակի մինչև 2/3-ը։ Հղիությունը կարող է բարդանալ հաճախակի արյունահոսություններով` ցանկացած ճիգի դեպքում  (փռշտոց, հազ)։ Ընկերքի շերտազատումն ամբողջ ընթացքում վտանգավոր է պտղի զարգացման համար։ ¼-ի շերտազատման դեպքում պտղի կյանքի համար լուրջ վտանգ չկա, թեև ժամանակ առ ժամանակ նա չի ստանում անհրաժեշտ սննդանյութեր և թթվածին։ Իսկ մակերեսի ավելի քան երրորդ մասի կորուստը բերում է երեխայի մահվան։  

Հաստատված առաջադրության դեպքում, որը ոչ մի կերպ  չի դրսևորվում, կինը մնում է տանը, հետևում բժշկի ցուցումներին, պահպանում անկողնային ռեժիմ։ 24 շաբաթականից մեծ ժամկետի դեպքում նպատակահարմար է ապահովել ստացիոնար հսկողություն։ Եթե արյունահոսությունները հազվադեպ են և քիչ, հղիությունը պահպանում են մինչև 37-38 շաբաթական։ Այս ամբողջ ընթացքում կինը մնում է բժշկական հաստատությունում մինչև ծննդաբերությունը։

36 շաբաթականից մեծ հղիության ժամանակ կանայք նշում են անցավ, սակայն շատ տհաճ արգանդային կծկանքներ։ Դրանք ընդունված է անվանել մարզական (նախապատրաստական) կծկանքներ։ Մկանների այդպիսի աշխատանքի դեպքում ընկերքի եզրերը կարող են շերտազատվել։ Այդ պատճառով հղիության վերջին շաբաթներին անոթների պատռումը՝ հաջորդող արյունահոսությամբ, կարող են հաճախակի դառնալ։  

Ծննդաբերության ժամանակ բացասական գործոնների բացակայության դեպքում կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել։ Ընկերքի եզրային առաջադրության դեպքում իրավիճակը նմանատիպ է։  Լուրջ բարդությունների բացակայության դեպքում ծննդաբերությունը տեղի է ունենում բնական ճանապարհով, արյունահոսության դեպքում՝ իրականացվում է կեսարյան հատում։ Սակայն, սովորաբար, բժիշկները չեն սպասում մինչև կծկանքների առաջացումը, որոնք նպաստում են ընկերքի շերտազատմանը, և վիրահատությունն իրականացնում են ժամկետից մի փոքր շուտ՝ 37-38 շաբաթականում։

Ընկերքի սխալ առաջադրության պատճառները

Դժվար է միանշանակ պատասխանել, թե ինչ պատճառով է պտղաձուն ամրանում արգանդի ստորին մասում, ինչն էլ բերում է վտանգավոր տեղում ընկերքի առաջացմանը։ Աքսիոմա է այն փաստը, որ սաղմը ներդրվելու համար երբեք արգանդի արատավոր մասը չի ընտրում։ Այդ պատճառով, եթե արգանդի վերին՝ ավելի հարմար մասը, ենթարկվել է որակական փոփոխությունների, սաղմը ստիպված է իջնել ներքև։  

Այս երևույթի հիմնական պատճառներն են.

  • էնդոմետրիումի հյուսվածքների ֆունկցիոնալ փոփոխությունները՝ բորբոքումների, ներքին շերտի վիրահատությունների պատճառով (քերում, միոմատոզ հանգույցների հեռացում, սպիներ` կեսարյան հատումից հետո),
  • արգանդի միոման,
  • էնդոմետրիոզը,
  • չզարգացած արգանդը,
  • արգանդի ախտաբանական կառուցվածքը,
  • արգանդի կարճ վզիկը,
  • բազմապտղությունը։


Այդպիսի ոչ ստանդարտ բարդությունները հաճախ չեն հանդիպում՝ մոտավորապես 0,3-0,5%։ Ընդ որում, միշտ չէ, որ առաջադրությունն ուղեկցվում է ընկերքի շերտազատմամբ և արյունահոսությամբ։ Արյան մեծ կորուստ շատ հազվադեպ է հանդիպում, և ավելի հազվադեպ է դառնում իրական սպառնալիք ապագա մոր և նրա երեխայի համար։

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ