Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 2.2011

Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է: Օբտուրացիոն բարակաղիքային անանցանելիության հազվադեպ հանդիպող պատճառ են դառնում ֆիտոբեզոարները` բուսական ծագման օտար մարմինները, որոնք բերում են բարակ աղիքի, առավել հաճախ զստաղիքի լուսանցքի խցանման:

 

Ֆիտոբեզոարով անանցանելիությունն առավել հաճախ զարգանում է ստամոքսի նախկինում տարած մասնահատումներից հետո` բուսական սնունդը ստամոքսում չի ենթարկվում բավարար մշակման և կոշտ վիճակում անցնում է բարակ աղիքներ: Հաճախ անանցանելիությանը նպաստում է որովայնի կպումային պրոցեսը. բուսական սնունդը սովորաբար կուտակվում է և արգելքներից վեր (աղեգալարի ծունկ, կպումային ձգանի սեղմելու հետևանքով աղեգալարի լուսանցքի նեղացում) բեզոարներ առաջացնում: Ֆիտոբեզոարների առաջացմանը կարող են նպաստել հունական ընկույզը, պնդուկը, գետնանուշը և ընդեղենի այլ տեսակներ, խաղողը, կանաչեղենը, սերկևիլը, արմավը, մանգոն, կաղամբի ու խաղողի տերևները և այլն [1, 6]: Գրականության մեջ հանդիպում են հրապարակումներ անանցանելիության այս տեսակի բուժման ժամանակ լապարոսկոպիայի կիրառման վերաբերյալ: Նկարագրված են ֆիտոբեզոարների լապարոսկոպիկ եղանակով մանրացման, էնտերոտոմիայի և ֆիտոբեզոարի մանրացման, հեռացման և անանցանելիության լուծման դեպքեր [3, 5]. 

 

Նյութը և մեթոդները

 

2008-2011թթ.«Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում վիրահատություն են տարել ֆիտոբեզոարի պատճառով առաջացած բարակաղիքային օբտուրացիոն սուր անանցանելիությամբ 8 հիվանդ (հինգը` տղամարդ, երեքը` կին, միջին տարիքը` 42,3±4,9, (28-55)): Բոլոր հիվանդները գանգատվում էին որովայնի պարբերաբար կրկնվող կծկումային ցավերից, սրտխառնոցից, փսխումից, կղանքի և գազերի հեռացման բացակայությունից: Չորս հիվանդ կլինիկա է ընդունվել հիվանդության սկզբից 72, երկուսը` 48, երկուսը` 24 ժամ անց: Երեք հիվանդ անամնեզում նշում էին մեկական վիրահատություն, նրանցից երկուսը տարել էին Բիլռոթ 2 մեթոդով ստամոքսի մասնահատում` 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, մեկը` վիրահատություն ձվարանի կիստայի կապակցությամբ: Մեկ հիվանդ տարել էր 2 վիրահատություն` ապենդէկտոմիա և հավելումների հեռացում երկկողմանի պիոսալպինքսի կապակցությամբ, մեկը` 4 վիրահատություն` ապենդէկտոմիա, Բիլռոթ 2 մեթոդով ստամոքսի մասնահատում 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, երկու վիրահատություն` սուր կպումային բարակաղիքային անանցանելիության կապակցությամբ: Երեք հիվանդ չի վիրահատվել:

 

Կատարվել են հիվանդների որովայնի ռենտգենաբանական, մարսողական ուղու ցայտներանգային ռենտգենաբանական հետազոտություն, որովայնի սոնոգրաֆիա, էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա: Վիրահատությանը նախապատրաստելու ընթացքում կատարվել են նազոգաստրալ զոնդավորում, ստամոքսի լվացում, միզապարկի կաթետերացում, հաստ աղիքի մաքրում, ինֆուզիոն բուժում: Վիրահատությունները կատարվել են ընդհանուր անզգայացման տակ` էնդոտրախեալ ինտուբացիայով: Կիրառվել են վիրահատության լապարոսկոպիական, միջային և պարառեկտալ մուտքերով որովայնահատման մեթոդները, կատարվել են ինչպես ֆիտոբեզոարի մանրացում և դեպի կույր աղիք մղում, այնպես էլ էնտերոտոմիա և աղիքի լուսանցքից ֆիտոբեզոարի հեռացում:

 

Հետվիրահատական շրջանում ցավազրկման նպատակով տրվել են թմրեցնող, ցավազրկող և ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, կատարվել նազոգաստրալ զոնդով ասպիրացիա, քիմիական միջոցներով աղիքների գործունեության խթանում, հիպերբարիկ օքսիգենացիա:

 

Արդյունքները

 

Հինգ հիվանդի մոտ դիտվել է ֆիտոբեզոարի և որովայնի կպումային պրոցեսի զուգակցում: Օտար մարմնի հայտնաբերմանը նախորդել է կպումների անջատումը: Հաջողվել է առանց աղիքի լուսանցքը բացելու հիվանդներից վեցի մոտ կատարել ֆիտոբեզոարի մանրացում և դեպի կույր աղիք մղում: Մեկ հիվանդի մոտ ֆիտոբեզոարի մեջ հայտնաբերվել է ատամները մաքրելու փայտիկի կեսը, որն առաջացրել էր զստաղիքի պատի թափածակում: Փայտիկի մասը հեռացնելուց հետո աղիքի պատի թափածակված անցքը կարվել է, որից հետո ֆիտոբեզոարը մանրացվել է և մղվել դեպի կույր աղիք: ևիզոֆրենիայով մեկ հիվանդ նախկինում չէր տարել որովայնային միջամտություններ, սակայն վիրահատության ժամանակ իլեոցեկալ անկյունից 25 սմ հեռավորության վրա հայտնաբերվել է պինդ գոյացություն, կատարվել է էնտերոտոմիա: Այդ գոյացությունը 3x3 սմ չափսերի խնձոր էր, որը հիվանդն ամբողջությամբ կուլ էր տվել: Հետվիրահատական բարդություն դիտվել է միայն վերջին հիվանդի մոտ` վիրահատությունից հետո 10-րդ օրը զարգացել է կպումային բարակաղիքային սուր անանցանելիություն: Կատարվել է ռելապարոտոմիա, կպումներն անջատվել են, աղիքի անցանելիությունը` վերականգնվել: 

 

Հետվիրահատական շրջանում նազոգաստրալ զոնդով ստամոքսի դեկոմպրեսիան կիրառվել է մինչև 72 ժամվա ընթացքում: Հիվանդները սնունդ ընդունել են հետվիրահատական շրջանի երկրորդ օրվանից: Աղիքների ինքնուրույն գործունեությունը վերականգնվել է հետվիրահատական շրջանի 2-3-րդ օրերին: Մահվան ելքեր չեն եղել: Հիվանդները գտնվել են վիրահատող վիրաբույժների հսկողության տակ, հեռակա արդյունքները գնահատվել են լավ, աղիքային անանցանելիության կրկնության դեպքեր չեն դիտվել: 


Եզրակացություն


Ֆիտոբեզոարի առաջացրած աղիքային անանցանելիությունը հանդիպում է հազվադեպ: Առավել հաճախ դա դիտվում է որովայնի կպումային հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ, որոնք տարել են ստամոքսի մասնահատում: Ֆիտոբեզոարներն առաջանում են նաև բարակ աղիքի դիվերտիկուլների առկայության` աղիքների մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարման դեպքում: Տարբեր հեղինակներ նկարագրում են ֆիտոբեզոարի առաջացրած աղիքային անանցանելիության եզակի դեպքեր [3, 6]:

 

Մեր հիվանդներից հինգի մոտ ֆիտոբեզոարի առաջացումն անմիջականորեն կապված էր կպումային պրոցեսի հետ: Բարակ աղիքի գալարների` կպումների հետևանքով գոյացած ծնկներից և նեղացումներից ոչ հեռու բուսական սննդի աստիճանական կուտակումից առաջացել էին ֆիտոբեզոարներ: Ութ հիվանդից երեքի մոտ անամնեզում նշվում էր ստամոքսի մասնահատում: Հաշվի առնելով անամնեստիկ տվյալները, կարելի է եզրակացնել, որ ֆիտոբեզոարների առաջացման պատճառ են դարձել մեկ դեպքում` հունական ընկույզը և արևածաղկի սերմերը, երկու հիվանդի մոտ` կաղամբը և խաղողի տերևները, մեկի մոտ` խնձորը, մեկի մոտ` չորացրած մրգերը: Երեք հիվանդ չի կարողացել նշել սննդի այն կոնկրետ տեսակը, որը կարող էր ֆիտոբեզոարի առաջացման պատճառ դառնալ:

 

Անանցանելիության այս տեսակի լուծման լավագույն մեթոդը ֆիտոբեզոարի մանրացումն ու մղումն է դեպի կույր աղիք` առանց աղիքի լուսանցքը բացելու: Դա հաջողվում է ոչ բոլոր դեպքերում, ինչը ստիպում է վիրաբույժին էնտերոտոմիա կատարել և օտար մարմինը հեռացնել:

 

Ուշադրության արժանի է լապարոսկոպիկ մեթոդի կիրառումը անանցանելիության այս տեսակի ժամանակ: Այն հնարավորություն է տալիս ճշտել անանցանելիության բնույթը և տեղը, վերացնել արգելքը քիչ վնասվածքներ պատճառելով [2, 4]:

 

Այսպիսով, ֆիտոբեզոարի պատճառով առաջացած անանցանելիության ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն անամնեստիկ տվյալները: Վիրահատության լավագույն մեթոդ կարելի է համարել արգելքի վերացումն առանց էնտերոտոմիայի: Լապարոսկոպիան կարող է կիրառվել ինչպես ախտորոշման ճշտման, այնպես էլ բուժման նպատակով:

 

Գրականության ցանկ


  1. Шалимов А.А., Саенко В.Ф. Хирургия пищеварительного тракта, Киев, “Здоровья», 1987, 567 с.

  2. Attard J. A., MacLean A.R. Adhesive small bowel obstruction: epidemiology, biology and prevention. Canadian Journal of Surgery, 2007, v. 50, No 4, p. 291-300.

  3. De Menezes Ettinger J.E., Silva Reis J.M., de Souza E.L. et al. Laparoscopic management of intestinal obstruction due to fitobezoar. JSLS. - 2007, 11(1), p. 168-171. 

  4. Farinella E., Cirocchi R., La Mura F. et al. Feasibility of laparoscopy for small bowel obstruction. World Journal of Emergency Surgery, 2009, 4:3. Doi:10.1186/1749-7922-4-3.

  5. Ganpathi I.S., Cheah W.K. Laparoscopic-assisted management of small bowel obstruction due to fitobezoar. Surg. Laparosc. Endosc. Percutan Tech, 2005, 15 (1), p. 30-32.

  6. Yol S., Bostanci B., Akoglu M. Laparoscopic treatment of small bowel phytobezoar obstruction. Journal of Lapaoendoscopic Advanced Surgical Technics, 2003. 13 (5). p. 325-326.

Հեղինակ. Ս.Ա. Ստեփանյան1, Վ.Թ. Ափոյան2, Դ.Ս. Գրիգորյան1, Վ.Հ. Մխիթարյան2, Խ.Տ. Էյրամջյան2, Ա.Լ. Մուշեղյան2, Ա.Ռ. Նալբանդյան2, Ա.Լ. Իսկանդարյան2, Տ.Ս. Մարտիրոսյան2 1 ԵՊԲՀ, վիրաբուժության N 2 ամբիոն, 2«Արմենիա» հանրապետական բժշկակական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը
Աշխարհասփյուռ հայ բժիշկների երրորդ համագումարը

 ՀՀ առողջապահության, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների նախաձեռնությամբ վերջերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հայ բժիշկների միջազգային երրորդ համագումարը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում
Նորը` Հայաստանի բժշկական գրադարանում

Երկու տարի առաջ էր, որ լրացավ ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի 70 տարին: Իր գոյատևման ընթացքում գործելով`«Առավելագույնս նպաստել Հայաստանի բժշկագիտության զարգացմանը»նշանաբանով...

Միջոցառումներ
Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը
Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարը

Մեր հանրապետությունում բուժքույրերի շահերի և իրավունքների պաշտպանության, պրակտիկ գործունեություն և կրթական պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Համառոտ` ցողունային բջիջների մասին

Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ

Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը...

Բուժման մեթոդներ
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ուրոլոգիա Վեներաբանություն Դեղագիտություն
Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ
Աղիքների դիսբակտերիոզի (դիսբիոզ) բուժման նոր տարբերակ

Մակրոօրգանիզմը` իր միկրոֆլորայի հետ միասին, ամբողջական էկոլոգիական համակարգ է, որը մշտապես գտնվում է հավասարակշռության վիճակում: Չնայած օրգանիզմի վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ
Լեյշմանիոզներ` մոռացված հիվանդություններ

Առաջին անգամ «մոռացված, արհամարհված հիվանդություններ» (neglected diseases) տերմինն օգտագործվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից` 2001թ., ինֆեկցիոն և մակաբուծային բնույթի մի խումբ...

Վարակաբանություն
Սթրես

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների դեպքում առաջացած ընդհանուր հարմարվողական համախտանիշն է, որի հայեցակարգը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ...

Հոգեկան առողջություն
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր
Այսպես պետք է լինի միշտ և ամենուր

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը տարվա ամենաերկար օրվա նախօրեն մշտապես նվիրել է երկարօրյա աշխատանքին վարժված, այլոց հոգսերն իրենցը դարձնելու երդմանը հավատարիմ բուժաշխատողներին...

Միջոցառումներ
Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը
Սամվել Անուշավանի Խաչատրյան. սիրած գործի նվիրյալը

Սամվել Անուշավանի Խաչատրյան. ով թեկուզ մեկ անգամ գործ է ունեցել բժշկական տեխնոլոգիաների և տեխնիկայի հետ, կճանաչի այդ ոլորտում բացառիկ գիտելիքներ և փորձառություն ունեցող...

Բժիշկներ
Սումամեդ` վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային...

Դեղամիջոցներ Շնչառական համակարգ
Երիկամաբորբ (նեֆրիտ)
Երիկամաբորբ (նեֆրիտ)

Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները...

Միզային համակարգ
Պարօդոնտ, պարօդոնտոզ
Պարօդոնտ,  պարօդոնտոզ

Այս երկու հիվանդությունների դեպքում ախտահարման օջախը նույնն է` պարօդոնտը (լատ. par-հար և odontos-ատամ): Խոսքը վերաբերում է հիմնականում ատամի արմատին հարող լնդոսկրային շերտին...

Ստոմատոլոգիա
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ

Դժվար թե գտնվի մարդ, որն իր կյանքում ականատես եղած չլինի ինչ-որ մեկի ուշագնացությանը: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալների, չափահաս մարդկանց մոտավորապես մեկ երրորդի կյանքում եղել է ուշագնացության գոնե մեկ դեպք...

Առաջին նախաբժշկական օգնություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ