Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիր ԵՊԲՀ շրջանավարտի խորհուրդը՝ «Երբեք չհանձնվել եվ միշտ սովորել»

Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիր ԵՊԲՀ շրջանավարտի խորհուրդը՝ «Երբեք չհանձնվել եվ միշտ սովորել»

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Կարինե Սարգսյանը Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիրն է, որտեղ կան 20 միլիոնից ավելի նմուշներ: Եվ սա 44-ամյա մանկաբույժի, հետազոտող բժշկի, գիտնականի, դասախոսի, նկարչուհու, դաշնակահարի, փորձառու վարորդի, պրոֆեսիոնալ լողորդի, հմուտ այգեգործի, սիրասուն կնոջ, հոգատար մոր և պարզապես անկեղծ ու դրական մարդու ոչ առաջին և ոչ էլ, վստահաբար կարելի է ասել, վերջին ձեռքբերումն է աշխարհի մասշտաբով:

Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի հիմնադիր-տնօրեն (12 տարի), այժմ՝ Ավստրիայի Գրացի համալսարանի ռեկտորատում բոլոր գիտահետազոտական, կրթական ծրագրերի և բոլոր Biobanking և Biomarker Research ծրագրերի պատասխանատու Կարինե Սարգսյանը 2017 թվականի նոյեմբերից նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:

Կարինե Սարգսյանը նաև Գրացի համալսարանի Միջմշակութային հաղորդակցության և միգրացիայի ծրագրի գիտական փոխտնօրենն է և պրոֆեսոր, «Sargsyan & Hartl OG» կազմակերպության հիմնադիրն ու  ղեկավարը (Elite Academy Graz), դասախոս (առողջապահական ոլորտի կառավարում, փոփոխությունների կառավարում, նորարարությունների կառավարում), ինչպես նաև Գրացի բժշկական համալսարանի Բիոբանկի մագիստրոսական ծրագրի գիտական փոխտնօրենը և պրոֆեսոր:

Կարինե Սարգսյանը բժշկական կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ավարտելով մանկաբուժության ֆակուլտետը: Այնուհետև շարունակել է մասնագիտանալ մանկաբուժության մեջ Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցում:

Ասպիրանտական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի պրակտիկ հոգեբանության ամբիոնում: Գրացի բժշկական համալսարանում ստացել է բժշկական և կլինիկական սնուցման մասնագետի որակավորում, ապա՝ բժշկական գիտությունների դոկտորի կոչում: Մինչ Ավստրիա մեկնելը Կարինե Սարգսյանն աշխատել և իրականացրել է բազում ծրագրեր ՀՀ առողջապահության նախարարության և առողջապահության ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ: 2005 թվականի հունվարին Կարինե Սարգսյանը տեղափոխվեց Ավստրիա: Արդեն Ավստրիայում նա աշխատել է Գրացի համալսարանի մանկաբուժության բաժնում, իսկ 2007 թվականից՝ ստանձնել Գրացի Բիոբանկի տնօրենի պաշտոնը: Որպես մասնագետ աշխատել է նաև Արաբկիր բժշկական կենտրոնի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բժշկական և կլինիկական սնուցման, մետաբոլիկ խանգարումների բաժնում: 2009թ. ստանձնել է Competence Centre K BioPersMed (Biomarkers for Personalised Medicine)-ի գիտական ղեկավարի պաշտոնը:

Կարինե Սարգսյանը պատվավոր պրոֆեսոր է Վիետնամում, դասախոսում է Ռուսաստանում, ՌԴ առողջապահության փոխնախարարի խորհրդականն է, Գերմանիայի գիտության և կրթության փոխնախարարի խորհրդականն է, դասախոսում է Մարոկկոյում, Չինաստանում, Կատարում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ակադեմիայում, համագործակցութան ծրագրեր իրականացնում ԱՄՆ-ում:

Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնցից են 2009թ. շնորհված «Academic Management Award for Biobank Graz» մրցանակը, 2014թ. շնորհված «ESBBs Research Biobank of the Year Competition (RBYC): Biobank of the Year 2014», 2016թ. շնորհված «Healthcare & Life Sciences Awards 2016: Most outstanding academic Biobank» և «International Life Sciences Awards 2016: Best European Academic Biobank» մրցանակները:

Կարինե Սարգսյանը նաև մի շարք մասնագիտական միություների և համալսարանների խորհուրդների անդամ է, հանդիսանում է 50-ից ավելի մասնագիտական հոդվածների, ինչպես նաև գրքերի հեղինակ, որպես կամավոր ակտիվ գործունեություն է ծավալում Գրացի հայկական համայնքում, ինչպես նաև մասնագիտական և ոչ մասնագիտական մի շարք կազմակերպություններում:

Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը: Արդյո՞ք դա Ձեր երազանքն էր:

Ես, որքան ինձ հիշում եմ, ցանկանում էի բժիշկ լինել, ընդ որում՝ անպայման մանկաբույժ: Ես միշտ երազում էի մեծ հայտնագործություններ անել: Ես դեռ փոքր հասակից որոշել էի, որ անպայման որևէ լուրջ միջազգային կազմակերպությունում (WHO, UNICEF) պետք է աշխատեմ, որ ամբողջ աշխարհն առողջանա: Չեմ կարող ասել՝ ինչու: Բայց կարող եմ ասել, որ մայրս ու հայրս մանկավարժ են և բավականին տխրել էին այն պատճառով, որ ես որոշել էի բժիշկ դառնալ (ծիծաղում է – հեղ.): Նրանք ոչինչ դրա դեմ չկարողացան անել: Ես անպայման ուզում էի ինչ-որ բան փոխել բժշկության մեջ: Ուզում էի, որ մարդիկ, որոնք այսօր չեն կարողանում բուժվել, վաղը կարողանան: Այսինքն՝ ուզում էի ոչ թե ուղղակի բուժել մարդկանց, այլ շատերին օգնություն ցույց տալ իմ հայտնագործություններով: Մի փոքր ստացվեց (համեստորեն ժպտում է – հեղ.):

Երազանքներս ժամանակի հետ փոխվել են, բայց բժիշկ դառնալու երազանքս միշտ հստակ է եղել և երբևէ չի փոփոխվել: Դա, երևի, իմ կոնստանտներից մեկն էր: Ինչ աշխատանքով էլ զբաղվեի, միգուցե, հաջողակ լինեի, բայց հոգով հանգիստ լինելն արդեն բոլորովին այլ զգացողություն է:

Ի՞նչ դժվարությունների է բախվում բժիշկն իր աշխատանքի ընթացքում:

Ես անընդհատ բոլորին պատմում եմ, որ բժշկի աշխատանքն ամենադժվար աշխատանքն է: Բժիշկ լինելու համար բավարար չէ միայն լավ անատոմիա, լավ ֆիզիոլոգիա կամ թեկուզ լավ բժշկություն իմանալ: Բժիշկ լինելու համար պետք է լինել նաև հոգեբան, պետք է լինել նաև իրավաբան, վերջին զարգացումների արդյունքում՝ նաև IT մասնագետ: Բացի դրանից, բժիշկ լինելու համար անհրաժեշտ է նաև ցանցային մտածողություն (network thinking), որովհետև, օրինակ, ատամի փոքրիկ աբսցեսից (թարախակույտ) մարդու մոտ կարող է առաջանալ էնդոկարդիտ շատ ծանր հետևանքներով: Եվ բժիշկը պետք է կարողանա տեսնել այդ կապը: Բժիշկը պետք է կարողանա մտածել շատ տարբեր ուղղություններով միաժամանակ, մանավանդ՝ ինչ-որ շտապ միջոցառումների դեպքում կամ, օրինակ, երեխաների հետ, որոնք խոսել չգիտեն և ուղղակի լացում են: Բժշկի աշխատանքի դժվարութուններից է նաև հոգով ներգրավվելը բուժման գործընթացում, որովհետև այդ դեպքում բժշկի հոգուց մի կտոր պակասում է կամ հոգուն մի կտոր ծանրանում է: Ինձ թվում է, որ դա բավականին անձնվեր գործ է, որովհետև ամեն հիվանդի հետ լավանում ես, ամեն հիվանդի հետ, Աստված չանի, մահանում ես, ամեն հիվանդի հետ տանջվում ես: Հենց ադ պատճառով էլ հոգով բժիշկ մարդիկ, ցավոք սրտի, շատ շուտ են ծերանում:

Ի՞նչ առավելություններ ունի բժշկի մասնագիտությունը:

Ինձ թվում է՝ սպիտակ խալաթը բոլորին սազում է (ծիծաղում է – հեղ.), դա շատ լուրջ առավելություն է: Իսկ եթե ավելի լուրջ, նախկինում բժիշկները համարվում էին «սպիտակ խալաթով աստվածներ», մարդիկ բժշկի նկատմամբ խորին ակնածանք ունեին: Այսօր, ցավոք սրտի, այդ առավելությունն այլևս չկա, որովհետև շատ հաճախ բժշկի ասածի ճիշտ կամ սխալ լինելը ստուգվում է համացանցում: Սակայն բժշկի աշխատանքում կա մի խոշոր դրական երևույթ, մանավանդ՝ հետազոտող բժշկի աշխատանքում: Դա այն է, որ դու գիտես, որ կարող ես օգնել, որ եթե թեկուզ ինչ-որ պաթոմեխանիզմ հայտնագործես, դա որոշ մարդկանց կյանքը կհեշտացնի: Միայն այդ գիտակցումը բավականին դրական երևույթ է: Դա, իրոք, առավելություն է, սակայն դա ներքին առավելություն է, ոչ թե արտաքին. դրա շնորհիվ մարդու հոգին խաղաղվում է, մարդը գեղեցկանում է:

Բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի եք արժանացել. ո՞րը կառանձնացնեիք որպես լուրջ ձեռքբերում Ձեզ համար:

Եթե գումարենք իմ շահած բոլոր գրանտները, երևի մոտավորապես 150 միլիոն եվրոյի չափով գրանտ եմ ստացել: Բայց ամենակարևոր ձեռքբերումս ԵՊԲՀ-ի հետ միասին Գենետիկայի ամբիոնում Բիոբանկի ստեղծումն էր ԵՄ Twinning ծրագրի միջոցով: Այո, շատ մրցանակներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր եմ ստացել, բայց ամենաշատը ուրախացել էի այն հանգամանքից, որ Երևանում իմ մասին հիշել են ու պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհել: Ես այնքան էի ուրախացել այդ փաստից, որ բոլորին պատմում էի, այդ մասին մեր տանը նույնիսկ բաժակաճառ են ասել: Համալսարանի հետ իմ կապը բավականին երկար ժամանակ կտրվել էր, բայց երբ վերականգնվեց շատ դրական մի ծրագրով, շատ ուրախ էի: Հիմա արդեն մշտական կապի մեջ ենք:

Իսկ համալսարանական կուրսընկերների հետ կապ պահպանում ե՞ք:

Իհարկե, ինչքան Հայաստան եմ գալիս, միշտ քեֆ ենք անում միասին: Վերջերս իմ ընկերուհիներից երկուսը՝ արդեն բժշկուհիներ, գիտությունների թեկնածուներ, եկել էին Եվրոպա, մենք հանդիպեցինք, երկար զրուցեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրինք: Կուրսընկերներիցս մեկն էլ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենն է՝ Վահագն Մկրտչյանը, որի հետ նույնպես ակտիվ շփումը պահպանվում է: Ես նույնիսկ համապատասխան բժշկական սարքավորումներ եմ ուղարկել բժշկական կենտրոնին, որոնց կարիքը կար:

Համալսարանական տարիներից ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք:

Համալսարանում սովորելուն զուգահեռ ես աշխատում էի: Այնպես էր ստացվել, որ իմ աշխատանքը համընկել էր մանկաբուժության դասընթացի հետ, և ես բավականին շատ բացակայություններ ունեի: Ես խնդրեցի իմ դասախոս Սերգեյ Գերասիմովիչին (Սերգեյ Սարգսյան՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի բժիշկ) հարցման միջոցով շտկել իմ բացակայությունները, որպեսզի կարողանամ վերջում քննությունը հանձնել: Նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ դու կարող ես սովորել այդքան բաց թողնված դասերը, բայց կարող ես վաղը գալ»: Ես պատասխանեցի. «Հիմա էլ կարող եմ հանձնել»: Եվ նստեցի՝ դասախոսի հարցերին պատասխանելու: Վերջինիս բոլոր հարցերին ես պատասխանում էի, իսկ նա նյարդայնանում էր դրանից: Արդարության համար պետք է նշեմ, որ այսօր Սերգեյ Գերասիմովիչը և իր կինը իմ լավագույն ընկերներից են, և ես նրանց շատ եմ սիրում: Այն ժամանակ, սակայն, նրան թվացել էր, թե ես լուրջ չեմ մոտենում ուսմանը, խելք չունեմ, որովհետև դասերից մեկի ժամանակ ես նրա ծաղրանկարն էի նկարել, նա տեսել էր ու զայրացել: Բայց երբ հասկացավ, որ ես իր բոլոր հարցերին պատասխանել եմ, ասաց. «Այս խելքը պատասխանատվություն է, աղջի՛կ ջան»: Այդ խոսքն իմ մեջ շատ է տպավորվել. իրոք, շատ կարևոր է պատասխանատու լինել խելքի համար: Դա ես երբեք չեմ մոռանա:

Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքը որպես մանկաբույժ:

Որպես մանկաբույժ ես այլևս, ցավոք սրտի, չեմ աշխատում: Մեր տանն էի մի քիչ մանկաբուժություն անում, բայց աղջիկս արդեն 19 տարեկան է, և մանկաբույժի կարիք մեր տանն արդեն չկա: Ես նախընտրեցի զբաղվել գիտահետազոտական աշխատանքով, որովհետև այդ կերպ 10 հիվանդի նայելու և բուժելու փոխարեն նույն ժամանակահատվածում ես 10.000 հիվանդի կբուժեմ: Եվ հենց այդ գաղափարն ինձ առաջնորդեց ավելի շատ դեպի գիտահետազոտական բժշկական աշխատանքը:

Չնայած նրան, որ ես շատ եմ սիրում դասախոսել, սիրում եմ զբաղվել գենետիկայով, նույնիսկ՝ երբեմն քաղաքականությամբ, բայց երբ տեսնում եմ որևէ փոքրիկի և հասկանում եմ, որ կարող եմ անմիջապես տալ նրա դիագնոզը, շատ եմ ուրախանում: Ինձ թվում է՝ մարդու մասնագիտությունն իրեն պետք է ժպիտ պարգևի:

Կպատմե՞ք մի փոքր Ձեր ընտանիքի մասին:

Ամուսինս մասնագիտությամբ ինժեներ է, ընդ որում՝ տաղանդավոր ինժեներ, ու փառք Աստծո, բժիշկ չէ: Հակառակ դեպքում՝ մրցակցությունը մեծ կլիներ. նա շատ խելացի է (ծիծաղում է – հեղ.): Ավստրիայում ինժեներների շատ մեծ կարիք կար, իսկ ամուսինս շատ արագ է նոր լեզու սովորում. նա արագ յուրացրեց գերմաներենը և շատ արագ աշխատանք գտավ Ավստրիայում: Բայց մեր 19-ամյա աղջիկը երևի ամենայուրահատուկն էր. երբ մենք եկանք Ավստրիա, նա դեռ 4 տարեկան էր, բայց համալսարանական մանկապարտեզում հասցրեց շատ  արագ՝ 2 շաբաթում, սովորել գերմաներեն և ազատ շփվել իր հասակակիցների հետ: Տնօրենը նույնիսկ մեզ կանչել էր՝ հատուկ ծանոթանալու: Շատ հարմոնիկ ու շատ խելացի, բարձր IQ-ով աղջիկ ունեմ, հայրիկին է նման, ոչ՝ ինձ: Մեր ընտանիքում շուն և կատու էլ ունենք, նրանց երկուսին էլ վերցրել ենք կենդանիների ապաստանից, այսինքն՝ փաստացի մենք իրենց փրկել ենք:

Հասցնում ե՞ք հանգստանալ: Ի՞նչ հոբբի ունեք:

Կա ակտիվ հանգիստ, և կա պասիվ հանգիստ: Ակտիվ հանգիստն ինձ համար կարդալն է: Ես սարսափելի արագ եմ կարդում, մյուս կողմից, իմ կարդացածից հետո այնքան հարցեր են առաջանում մոտս, որ դա վերածվում է ակտիվ հանգստի: Հանգստանում եմ, երբ ընտանիքիս անդամների հետ տարբեր ինտելեկտուալ խաղեր ենք խաղում, օրինակ` «Escape the room» (երբ քեզ փակում են սենյակում, ու դու պիտի հանելուկներ ու ռեբուսներ լուծես, որպեսզի կարողանաս այդ տարածքից դուրս գալ): Այդպիսի հոբբի ունենք մենք երեքով: Հիմա, քանի որ տանը փակված ենք, ամուսինս ու աղջիկս իմ ծննդյան օրը նվիրեցին այդ խաղի օնլայն տարբերակը, և մենք էլի ռեկորդներ գրանցեցինք:

Ես ծով եմ սիրում շատ: Մեծ այգի ունեմ, որտեղ 30-ից ավելի տեսակի վարդեր են աճում, հենց այդ այգում իմ ուղեղը հանգստանում է: Ինձ թվում է՝ որպեսզի մարդու քիթը շատ չբարձրանա, այն պետք է դեպի հողն ուղղված լինի: Մեր այգում աճեցնում ենք նաև վիտամիններով հարուստ բանջարեղեն՝ բողկ, հազար, լոլիկ, գազար, նույնիսկ՝ Հայաստանից բերված դեղձ, թութ:

Հայաստանի հետ կապված ի՞նչն եք կարոտում:

Անմիջական շփումը, սեղանի շուրջ անկեղծ ուրախությունը: Այստեղ այդ ամենը շատ պակասում է: Հայկական էներգիան բոլորովին այլ է: Այստեղ, իհարկե, կա հայկական համայնք, եկեղեցական համայնքի նախագահն էլ ամուսինս է: Մենք նույնիսկ բազմաթիվ հայկական բարեգործական համերգներ ենք կազմակերպել. այստեղ հրաշալի հայ երաժիշտներ կան, իսկ հասույթն ուղարկել ենք Վանաձորի մանկատանը:

Անդրադառնանք կորոնավիրուսին. ըստ Ձեզ՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպե՞ս պետք է ճիշտ պայքարել դրա դեմ:

Դա էլեմենտար վիրուս է, ուղղակի դրա վարակելիության մակարդակը շատ բարձր է, այն իրենից որևէ յուրահատուկ բան չի ներկայացնում: Մյուս կողմից, վիրուսի դեմ պայքարի համար պետք է անել այն, ինչ ես ԵՊԲՀ-ում անցել եմ դեռ 4-րդ կուրսում՝ համաճարակաբանության դասերին: Ընդամենը պետք է ստանդարտ գրքային մոտեցում, պետք է անել այն, ինչ գրված է դասագրքերում: Ավստրիայոմ հենց այդպես էլ վարվեցին: Սակայն շատ կարևոր է նաև մարդկանց մոտեցումը: Օրինակ՝ եթե Ավստրիայում ինչ-որ բան ասվում է, դա արվում է անպայման: Այստեղ վարակվածների մեծ տոկոսը կազմում են մարդիկ, որոնք հակահամաճարակային կանոնները չեն պահպանել: Իսկ Ավստրիայի ժողովուրդը շատ օրինապահ է, օրինակ՝ կարելի է մեքենան դռնբաց թողնել փողոցում և հաջորդ օրն առավոտյան նույնությամբ գտնել այն:

Չեմ կարծում, որ ինչ-որ յուրահատուկ բան էր պետք անել, պետք էր ընդամենը գրքայինը դարձնել իրականություն: Այսինքն՝ անմիջապես փակել սահմանները, մեկուսանալ, կրել դիմակներ: Ավստրիայում այդ կաննոններն այնպես պահպանեցին, որ դիմակների պարտադրանք այս երկրում արդեն չկա: Պետք է լինի այն գիտակցությունը, որ յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել իր շրջապատի մարդկանց, բոլոր նրանց, ում սիրում է: Պետք է ունենալ այդ հարգանքը, որովհետև այդ վիրուսը շատ ծանր է ազդում տարեց մարդկանց վրա, որոնք հիմնականում ունեն ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հաշվի առնելով Ձեր հարուստ փորձը՝ ի՞նչ խորհուրդ կտաք ապագա բժիշկներին:

Երկու խորհուրդ ունեմ. առաջինն իմ կյանքի կարգախոսն է՝ «Երբեք մի հանձնվիր (Never give up)», մանավանդ, եթե մարդու կյանքի հետ գործ ունես, պայքարիր մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին պահը: Եվ երկրորդը՝ «Սովորել, սովորել սովորել». չկա մարդ, որ ամեն ինչ գիտի. բժիշկն անընդհատ պետք է զբաղված լինի ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ, հետևի նորամուծություններին, անընդհատ լսի և հետևի իրեն նախորդող և ժամանակակից բժիշկներին, որովհետև, կարծում եմ, շատ բաներ կարելի է սովորել թե Հերացուց, թե Իբն Սինայից, մյուս կողմից՝ շատ կարևոր է նաև արհեստական բանականության դերը բժշկության մեջ:   

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ