Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Շնչառական համակարգ

Թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական բնութագիրը

անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:

Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը: Թոքային հյուսվածքի ծանր ախտահարումը կոպիտ ֆիբրոզի ձևավորմամբ սահմանափակում է հիվանդների արդյունավետ բուժման հնարավորությունը [2]: Ավելին, որոշ հեղինակների տվյալներով տուբերկուլյոզի այս ձևը հանդիսանում է տուբերկուլյոզից մահացության հիմնական պատճառը [1]:

 

Նյութը և մեթոդները

 

Իրականացվել է Երևանի քաղաքային տուբերկուլյոզային դիսպանսերի տարեկան հաշվետվությունների և 2007թ.-ի վերջին Երևանի քաղաքային տուբերկուլյոզային դիսպանսերում ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ ախտորոշմամբ հաշվառված 119 հիվանդի ամբուլատոր քարտերի հետահայաց հետազոտություն, որի արդյունքում ստացված տվյալները մշակվել են Ստյուդենտի t-ցուցանիշի և հավաստիության ինտերվալի հաշվարկումով: 

 

Արդյունքները և քննարկումը

 

Նախքան ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական բնութագրի մասին խոսելը, հարկ ենք համարում ներկայացնել ք.Երևանում տուբերկուլյոզի այս ձևի տեսակարար կշռի տարեկան տատանումները 1998թ.-ից մինչև 2007թ.-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես տարվա ընթացքում նոր հայտնաբերված հիվանդների շրջանում, այնպես էլ տարեվերջում գրանցված թոքային տուբերկուլյոզով հիվանդների ընդհանուր կազմում (Աղյուսակ):

 

Աղյուսակում ներկայացված տվյալները խոսում են այն մասին, որ սկսած 1999թ.-ից նոր հայտնաբերված հիվանդների շրջանում նկատվում է ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի տեսակարար կշռի օրինաչափ նվազում` 2,8 անգամ (8,4%-ից (1999թ.) մինչև 3% (2007թ.) (t = 3,44; p ‹ 0,01)): Վերը նշվածը վկայում է հիվանդների հայտնաբերման արդյունավետության բարձրացման մասին տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ընդունումից հետո:

 

Աղյուսակ 

Ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի տեսակարար կշռի տարեկան տատանումները (1998-2007թթ.)

Ինչ վերաբերվում է ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի տեսակարար կշռին տարեվերջում գրանցված թոքային տուբերկուլյոզով հիվանդների ընդհանուր կազմում, այստեղ նույնպես նկատվում է նվազման միտում (12,2%-ից (1998թ.) մինչև 8,8% (2007թ.) (t = 2,79; p ‹ 0,01)), բայց այս ցուցանիշի նվազումը զգալիորեն զիջում է առաջինին: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ այդ նվազումը երբեմն պայմանավորված է խրոնիկական ընթացք ունեցող թոքային տուբերկուլյոզի մահացու ելքերով:

 

2007թ.-ի վերջին Երևանի քաղաքային տուբերկուլյոզային դիսպանսերում ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ ախտորոշմամբ հաշվառված հիվանդների ամբուլատոր քարտերի հետահայաց հետազոտությունը ցույց տվեց, որ նրանց տարիքային կազմում ճնշող մեծամասնություն են կազմել 45 տարեկանից բարձր հիվանդները (71,4± 4,14%): Սեռային կազմում գերակշռել են տղամարդիկ (108 հիվանդ` 90,8 ± 2,65%):

Ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի զարգացման պատճառը 45,3 ± 4,56% դեպքերում հանդիսացել է հիվանդության ուշացած հայտնաբերումը: Հատկանշական է այն փաստը, որ հիվանդների 16,8 ± 3,43%-ի մոտ այս ախտորոշումը հաստատվել է արդեն իսկ հիվանդության հայտնաբերման պահին, ինչը ընդգծում է տուբերկուլյոզով հիվանդների ակտիվ հայտնաբերման նշանակությունը տուբերկուլյոզի դեմ պայքարի գործընթացում: Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացքին նպաստել են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են` հիվանդների անհետևողականությունը բուժման նկատմամբ, դեղորայքակայունության առկայությունը և անբարենպաստ սոցիալ-կենցաղային պայմանները:   

 

Հետազոտված խմբի 65,5 ± 4,36%-ը կազմել են տարածուն ռենտգենաբանական փոփոխություններով հիվանդները: 

 

Արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարում հայտնաբերվել է հիվանդների 50,4 ± 4,58%-ի մոտ: Այն հիմնականում կրել է ռեստրիկտիվ բնույթ, բացառությամբ երկու հիվանդի, որոնց մոտ ախտորոշվել է օբստրուկտիվ և խառը բնույթի արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարում: Այսպիսով սպեցիֆիկ պրոցեսի առաջխաղացումը, թոքային հյուսվածքի ֆիբրոզ փոփոխությունները և որպես հետևանք առաջացած թոքերի շնչառական ծավալի կրճատումը առանցքային դեր են խաղացել շնչառական և թոք-սրտային անբավարարության զարգազման գործընթացում: Թոք-սրտային անբավարարությամբ հիվանդները կազմել են հետազոտված խմբի 41,2 ± 4,51%-ը:

 

Այսպիսով` ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը բարդացնող հիմնական գործոնի դերը ստանձնել է շնչառական և թոք-սրտային անբավարարությունը:   

 

Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերով տառապող հիվանդների նկատմամբ մեր ուշադրությունը պայմանավորված է նաև նրանով, որ այդ հիվանդները հանդիսանում են տուբերկուլյոզի վարակի հիմնական շտեմարաններից մեկը և հաճախ համալրում են կրկնաբուժվողների շարքերը: Հետազոտված խմբի 49,5 ± 4,58%-ի մոտ, հիվանդության հայտնաբերման պահից մինչև 2007թ.-ի վերջը ընկած ժամանակահատվածում, 2 և ավելի անգամ դիտվել է տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում վարակազատությամբ, ինչի կապակցությամբ հիվանդներին նշանակվել է հակատուբերկուլյոզային բուժում: Այս հիվանդների  կրկնակի բուժման ցածր արդյունավետությունը հաճախ պայմանավորված է հակատուբերկուլյոզային դեղերի նկատմամբ կայունության առկայությամբ [3]: Այսպես, հետազոտության մեջ ներառված հիվանդների 50,4 ± 4,58%-ի մոտ հայտնաբերվել է կայունություն առաջին շարքի  որոշ հակատուբերկուլյոզային դեղերի նկատմամբ, իսկ տուբերկուլյոզի բազմադեղորայքակայուն ձևը (զուգակցված կայունություն իզոնիազիդի և ռիֆամպիցինի նկատմամբ) ախտորոշվել է 32,8± 4,3% հիվանդների մոտ: 

 

Հետևաբար տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերին բնորոշ է բազմադեղորայքակայունության զարգացման բարձր վտանգը, ինչը հաճախ պայմանավորված է բուժման ստանդարտ սխեմաների կիրառումով, առանց դեղորայքային զգայունության տվյալները հաշվի առնելու:

 

Եզրահանգումներ

 

  1. Թոքային տուբերկուլյոզով հիվանդների ուշացած հայտնաբերումը նպաստում է հիվանդության խրոնիկական ընթացք ունեցող ձևերի զարգացմանը: 
  2. Ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը բարդացնող հիմնական գործոնների դերը ստանձնել են շնչառական և թոք-սրտային անբավարարությունը:
  3. Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերով տառապող հիվանդները հանդիսանում են տուբերկուլյոզի վարակի հիմնական շտեմարաններից մեկը:
  4. Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերը աչքի են ընկնում դեղորայքակայունության բարձր տեսակարար կշռով: 

 

Գրականություն

  

  1. Нечаева О.Б., Скачкова Е.И. Причины смерти от фиброзно-кавернозного туберкулеза легких в Свердловской области. Проблемы туберкулеза, 2006, 7, с. 27-29.
  2. Перельман М.И., Корякин В.А., Богадельникова И.В. Фтизиатрия. М., 2004.
  3. Treatment of tuberculosis: guidelines for national programs, 3rd ed. Geneva, World Health Organization, 2003 (WHO/CDS/TB/2003.313).  

Հեղինակ. Հ. Հ. Աճեմյան, Ն. Ռ. Մարգարյան, Մ. Ա. Մկրտչյան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի թոքախտաբանության ամբիոն 0051, Երևան, Կոմիտասի պող., 49/4 УДК 616.24-002.5
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բրոնխային ասթմայի տարածվածությունը Երևան քաղաքի երեխաների շրջանում` ըստ ISAAC ստանդարտացված հարցաթերթերի տվյալների

Վերջին 30-40 տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների, այդ թվում նաև բրոնխային ասթմայի (ԲԱ) տարածվածության զգալի աճ հատկապես երեխաների շրջանում [5,10,16]։ Որպես կանոն, ԲԱ-ն ի հայտ է գալիս մինչև 20 տ. հասակը...

Մանկական հիվանդություններ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2009 Ալերգոլոգիա
Գեմցիտաբին պարունակող քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային անվիրահատելի քաղցկեղի ժամանակ

Հետազոտության խնդիրը: Գնահատել գեմցի­տաբին և պլատինի ածանցյալներ պարունակող (ցիսպլատին, կարբոպլատին) քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային տեղային տարածուն և դիսեմինացված քաղցկեղի դեպքում...

Ուռուցքաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Արյան ռեոլոգիական որոշ ցուցանիշների միջև կախվածության կապերի գնահատումը թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունների ժամանակ

Բանալի բառեր. թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններ, թոքային հիպերթենզիա, էնդոթելի ախտահարում
Հիմնախնդիրը:
Համաշխարհային գրականության վերջին տվյալների համաձայն թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունները (ԹԽՕՀ), ըստ հիվանդացության, մահացության և հաշմանդամության ցուցանիշների, գրավում են առաջին տեղերից մեկը [2,3,6]։ Այսօր արդիական կարևորություն ունի այդ հիվանդութունների ոչ միայն բուժման օպտիմալ կազմակերպումը, այլև ԹԽՕՀ-ի բարդությունների` թոքային հիպերթենզիայի (ԹՀ) և խրոնիկ թոքային սրտի (ՔԽՍ) վաղաժամ ախտորոշումը և կանխարգելումը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29)
Սուր ծանր շնչական համախտանիշ: Մաս Բ. Կլինիկան, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը (գրականության ակնարկ)

Բանալի բառերը. սուր ծանր շնչական համախտանիշ, կլինիկա, ախտորոշում, բուժում, կանխարգելում

Այս հոդվածի առաջին մասում բերված են գրականության տվյալներ 2002-2003թթ. մոլեգնած, 8422 մարդկանց ախտահարած և 916 հոգու մահվան պատճառ դարձած վարակային հիվանդության` սուր ծանր շնչական համախտանիշի (ՍԾՇՀ) պատմական հարցերի, հարուցչի աղբյուրների, տարածման մեխանիզմների և վիրուսաբանական ախտորոշման մասին [1]...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Ներհիվանդանոցային շնչառական ինֆեկցիոն բարդությունները և նրանց կանխման ուղիները

Բանալի բառեր: շնչառական ուղիների ինֆեկցիոն բարդություններ, ներհիվանդանոցային ինֆեկցիա, վենտիլիացիոն թոքաբորբ

Ներհիվանդանոցային (ՆՀ) շնչառական ինֆեկցիոն բարդություններ են համարվում շնչառական ուղիների այն սուր ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք բացակայել են հիվանդի մոտ ստացիոնար ընդունման պահին և առաջացել են 48 ժամ հետո կամ ավելի...

Վարակաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ