Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2009

Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ

Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ

Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը` էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը, սրտխառնոցը, բխկոցը, այրոցի զգացումը և այլն:

 

Այս հիվանդության ժամանակ չափազանց կարևոր դեր է խաղում սնուցումը: Կերակրափողի սուր բորբոքման ժամանակ պետք է սնվել «ծայրահեղ խնայող» ռեժիմով: Նախ և առաջ անհրաժեշտ է խմել մեծ քանակությամբ հեղուկներ գոլ վիճակում, այդ թվում` առանց գազի հանքային ջրեր, հյութեր: Վերջիններս պետք է լինեն ոչ թթու` ջրով նոսրացված, որպեսզի կերակրափողի լորձաթաղանթը չգրգռվի: Ցանկալի է օգտագործել խնձորի, դեղձի, գազարի, տանձի հյութեր: Այրոցի դեպքում խորհուրդ չի տրվում ծիրանի, խաղողի հյութ խմել, իսկ կոմպոտներին անհրաժեշտ է ջուր ավելացնել: Կերակրափողի սուր բորբոքման առաջին 7 օրերին նպատակահարմար չէ պինդ կերակուրներ ուտել: Օրվա ընթացքում անհրաժեշտ է փոքր քանակներով օգտագործել կարագ, բուսական (կարելի է նաև չիչխանի) յուղ, թերխաշ ձու, կարագով եփված թեթև ապուր, սննդակարգից բացառելով արգանակը, թարմ հացը, հրուշակեղենը, մածունը, որը գրգռիչ ազդեցություն է թողնում ստամոքսի լորձաթաղանթի վրա: Խորհուրդ է տրվում ուտել ջրիկ շիլաներ (ավելի լավ է սպիտակաձավարի կամ հնդկացորենի), չոր լավաշ (քիչ քանակությամբ), կաթնամթերքից` խմել գոլ կաթ, յոգուրտ, կեֆիր: Կարելի է ուտել նաև փոքր կտոր անալի, անյուղ պանիր, դիետիկ թարմ կաթնաշոռ: Հիշեք, որ ուտելիքը պետք է լավ ծամել: Կերակրափողի բորբոքման սուր շրջանից 10 օր հետո սննդակարգը կարելի է ընդլայնել:  

 

Կերակրափողի խրոնիկական բորբոքումների ժամանակ նույնպես խորհուրդ է տրվում ուտել չգրգռող, ջրիկ կամ կիսաջրիկ կերակուրներ: Կաթնամթերքից (բացառելով մածունը), ջրիկ շիլաներից բացի կարելի է ուտել տավարի կամ հավի ոչ ճարպոտ միս, խաշած ձուկ, շոգեխաշած կոտլետ, բժշկական երշիկ, ոչ ճարպոտ նրբերշիկ: 

 

Խրոնիկական էզոֆագիտ է զարգանում նաև, երբ ստամոքսի պարունակությունը, հատկապես թթու ստամոքսահյութը վերադառնում է կերակրափող: Նման դեպքում նույնպես պետք է խնայող սննդակարգ պահպանել, բացառելով կծու, թթու, աղի կերակուրները: Սննդակարգը պահպանելու հետ մեկտեղ` պետք է պարբերաբար, ուտելուց 25-30 րոպե առաջ և ուտելուց անմիջապես հետո հանքային ջրեր խմել` գոլ վիճակում, օրինակ`«Ջերմուկ» կամ «Բջնի»: Դրանք իջեցնում են ստամոքսահյութի թթվայնությունը և լավացնում կերակրափողի լորձաթաղանթի վիճակը: Շատ կարևոր է, որ նրանք, ում ստամոքսի պարունակությունը հաճախ է վերադառնում կերակրափող, ուտեն փոքր չափաբաժիններով, ուտելուց հետո չպառկեն և քնելուց առաջ չուտեն:

 

Ստամոքսի բորբոքումը` գաստրիտը (ստամոքսաբորբ), նույնպես լինում է սուր և խրոնիկական ընթացքով: Սուր գաստրիտի ժամանակ սնվելու սկզբունքները նույնն են, ինչ կերակրափողի սուր բորբոքման դեպքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սուր գաստրիտը հիմնականում սննդային թունավորումների հետևանք է, առաջին շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկներ խմել, այդ թվում` հյութեր, հանքային ջուր` գոլ վիճակում և ուտել չգրգռող կերակուր` փոքր չափաբաժիններով:

 

Խրոնիկական գաստրիտի դեպքում, երբ թթվայնությունը բարձր է, սննդակարգում պետք է ընդգրկել կաթնամթերք (բացառելով մածունը), շիլաներ (գլխավորապես հնդկացորենի և վարսակի), չոր հաց, ավելի լավ է լավաշ, պաքսիմատ, չորացրած թխվածքաբլիթ (ւսպոՓօ), կարագով կամ բուսական յուղով եփած ապուրներ` առանց տոմատի, սննդակարգից բացառել արգանակները: Կարելի է ուտել տավարի, հավի խաշած միս` առանց համեմունքների, բժշկական երշիկ, նրբերշիկ, խիստ սահմանափակել քաղցրավենիքի և հրուշակեղենի քանակը, քանի որ դրանք ուժեղացնում են այրոցի զգացումը, բխկոցները: Եթե ստամոքսի ցավերն ուժեղ չեն, սննդակարգում կարելի է ներառել թեթև աղցաններ, վինեգրետ` առանց սոխի, սխտորի ու համեմունքների: Ցանկալի չէ խմել սուրճ և թունդ թեյ,«Պեպսի-կոլա» «Ֆանտա», ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ:

 

Քանի որ ծիրանի և խաղողի հյութերը գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և բարձրացնում թթվայնությունը, ուստի դրանք հակացուցված են: Նպատակահարմար է փոքր քանակությամբ և հաճախակի խմել հանքային ջուր` գոլ վիճակում:

 

Ցածր թթվայնությամբ խրոնիկական ստամոքսաբորբի ժամանակ խնայող սննդակարգի պահպանումը պարտադիր չէ: Միայն պետք է սահմանափակել թարմ հացի և հրուշակեղենի քանակը, որոնք ստամոքսում ծանրության զգացում են առաջացնում: Եթե ստամոքսի բորբոքումը թույլ է արտահայտված, խորհուրդ է տրվում ուտել լիարժեք և բազմազան, վիտամիններով հարուստ սնունդ: 

 

Ստամոքսի խոցային հիվանդության ժամանակ նույնպես մեծ նշանակություն ունի սննդակարգը: Նախ և առաջ պետք է պահպանել սննդի մաս-մաս ընդունման սկզբունքը` օրական 5-6 անգամ: Ի տարբերություն մյուս հիվանդությունների, այս դեպքում թույլատրվում է ուտել երեկոյան ժամերին, քանի որ հիվանդները գիշերային քաղցի զգացում են ունենում, որն ուղեկցվում է ցավերով: Պետք է ուտել խաշած սննդատեսակներ, խմել օրական մինչև 1,5 լ հեղուկ: 

 

Անհրաժեշտ է, որ խոցային հիվանդության սրացման ժամանակ սննդակարգը լինի չափազանց խնայող, նրանում ընդգրկելով թարմ կաթնաշոռ, կաթ` գոլ վիճակում, անալի պանիր, կարագ, թերխաշ ձու, ջրով եփած շիլաներ, առանց տոմատի թեթև ապուր, բացառվում են արգանակը, չոր հացն ու լավաշը: Արգելվում են տապակած և ճարպոտ կերակուրները, թթուները, մարինադները, ապխտած մթերքը, պահածոները, սպանախը, թրթնջուկը, սոխը, սխտորը, սուրճը, թունդ թեյը: Պետք է սահմանափակել քաղցրավենիքի, ալյուրից պատրաստած կերակուրների քանակը:

 

Չափազանց զգույշ պետք է լինել ստամոքսի արյունահոսող խոցային հիվանդության ժամանակ: Այս դեպքում առաջին 5 օրը անկողնային ռեժիմը պարտադիր է: Խորհուրդ է տրվում խմել միայն սառը հեղուկներ, այդ թվում` առանց գազի հանքային ջրեր, հյութեր, կիսել, ուտել թերխաշ ձու, անալի պանիր, դիետիկ թարմ կաթնաշոռ, վերմիշելով ապուր` տրորած վիճակում, կուլ տալ կարագի փոքր կտոր: Սկսած 5-րդ օրվանից` կարելի է սննդակարգն աստիճանաբար ընդլայնել, սնունդն ընդունել մաս-մաս, ուտել տավարի խաշած միս (ավելի լավ է շոգեխաշած կոտլետ), հավի միս, ձուկ, բժշկական երշիկ, ոչ ճարպոտ նրբերշիկ: Մրգային, հատկապես խնձորի, նռան և բալի հյութերին, ինչպես նաև մասուրի եփուկին պետք է ջուր ավելացնել: Կարելի է խմել ոչ թունդ թեյ` ավելացնելով կաթ կամ սերուցք: Սուրճն արգելվում է:

 

Ստամոքսի վիրահատությունից հետո սկզբնական շրջանում պետք է խստորեն, չափազանց խնայող սննդակարգ պահպանել, որը հետագայում, ստամոքսի կամ 12- մատնյա աղիքի վիրահատությունից հետո` վերականգնման փուլում կարելի է աստիճանաբար ընդլայնել: Հարկավոր է սնվել օրը 4-6 անգամ: Կերակուրը պետք է պատրաստված լինի շոգեխաշման եղանակով:

 

Խորհուրդ է տրվում ուտել չոր հաց կամ լավաշ, թխվածքաբլիթներ, չոր բիսկվիտ: Կաթնամթերքից կարելի է օգտագործել կաթ, թթվասեր, դիետիկ կաթնաշոռ, անալի պանիր: Կարելի է ուտել նաև կարագ, թերխաշ ձու, շոգեխաշած կոտլետ, տավարի, հորթի, հավի միս, խաշած ոչ ճարպոտ ձուկ, բժշկական երշիկ, նրբերշիկ: Օգտակար են ձավարեղենով և բանջարեղենով (կարտոֆիլով, գազարով), ոչ ճարպոտ արգանակով պատրաստած ապուրները: Խորհուրդ են տրվում կարագով շիլաներ, խաշած մակարոնեղեն, բնական մեղր, մուրաբաներ` քիչ քանակությամբ, կաթնային և մրգային սոուսներ, կիսել, կաթով ոչ թունդ թեյ, ջրով բացած կոմպոտներ, կիսաքաղցր մրգեր: 

 

Պետք է սահմանափակել կաթնային քաղցր ջրիկ շիլաները (հատկապես սպիտակաձավարով, բրնձով), ինչպես նաև քաղցր կաթը, թեյը, կակաոն, թթխմորով պատրաստած խմորեղենը և խմորից պատրաստած այլ ուտեստները` տաք վիճակում, կանաչեղենից պատրաստած կերակրատեսակները, մսեղենից` ուղեղը, թոքը, երիկամն ու լյարդը: Անհրաժեշտ է սննդակարգից բացառել խոզի, ոչխարի միսը, արգանակները, բանջարեղենային թունդ եփուկները, բորշչը, թթուները, մարինադները, ապխտած մթերքը, պահածոները, տորթերը, պիրոժնին, շոկոլադը, կաղամբը, լոբազգիները, սպանախը, թրթնջուկը, բողկը, սոխը, սխտորը, թթու և շատ քաղցր մրգերը, բալը, հաղարջը, կիտրոնը, գազով ըմպելիքները, ալկոհոլը, թունդ թեյը, սուրճը:

 

Այս ամենը վկայում է, թե ինչպիսի կարևոր դեր ունի սնունդը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների բուժման հարցում: Այնպես որ, աշխատեք առաջնորդվել նշված խորհուրդներով, և դուք կխուսափեք ստամոքսի հիվանդություններից ու դրանց բարդություններից: 

Հեղինակ. Էդուարդ Գրիգորյան, ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, պրոֆեսոր, ՀՀ ԲԳ ակադեմիայի անդամ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեղերի գրանցման դերը դեղաշրջանառության կարգավորման համակարգում

Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Որոշումները մտորելու առիթ են տալիս

2009թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական հարցեր» համառուսաստանյան գիտագործնական կոնֆերանսը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Հրատապ թեմա Աշխարհում
Նեյրոբլաստոմային բջիջների մետաբոլիկ փոփոխությունները ալյումինիումի իոնների ազդեցությամբ

Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...

Ախտորոշիչ մեթոդներ Ախտաբանական անատոմիա
IN SITU հիբրիդացման մեթոդի նշանակությունը ուռուցքների ախտորոշման գործում

Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2

Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...

Ուռուցքաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները. I մաս

Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...

Վարակաբանություն Նյարդաբանություն
ՀՀ-ում առավել հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններով հիվանդացության և բարձիթողի դեպքերի դինամիկան

 

Վերջին տարիներին չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացումը ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներից է, քանի որ հասարակության շրջանում քաղցկեղով հիվանդացության...

Ուռուցքաբանություն
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Սկիզբը` 2009, N3-ում

Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...

Թվեր և փաստեր Վարակաբանություն
Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2009թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել ԱՄՆ-Ի երեք գիտնականներ
Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2009թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել ԱՄՆ-Ի երեք գիտնականներ

Էլիզաբեթ Բլեքբերնը, Քերոլ Գրեյդերը և Ջեք Շոստակը տելոմերների ու տելոմերազա ֆերմենտի միջոցով քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմի բացահայտման համար արժանացան 2009թ. Նոբելյան մրցանակի...

Իրադարձություններ աշխարհում
Հոբելյանական տարեթվեր

1924թ., 85 տարի առաջ, Մոսկվայում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Դոնատ Սեմյոնի Սարկիսովը: 1947թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան...

Հայ բժիշկերի կյանքից
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոն
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոն

«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանող` բազմաֆունկցիոնալ ստացիոնար ունեցող կլինիկական բուժական հիմնարկ է, որտեղ գործում են ընդհանուր և...

Իրադարձություններ Հայաստանում
Հավերժացող հիշատակ. Գրիգորի Օկոև
Հավերժացող  հիշատակ. Գրիգորի Օկոև

 ... Այլ կերպ չես կոչի ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում 2009թ. նոյեմբերի 13-ին կայացած հուզիչ միջոցառումը, որը կազմակերպված էր...

Հայ բժիշկերի կյանքից
Կերակրափող և ստամոքս
Կերակրափող և ստամոքս

Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին
Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին

Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է` նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում...

Վիրաբուժություն
Պզուկներ
Պզուկներ

Պզուկները` կորյակները, մաշկի տարածված հիվանդություններից են: Դրանք հանդիպում են 12-25 տարեկանների 85%-ի, իսկ ավելի մեծահասակների 10%-ի մոտ: Հիվանդությունն ունենում է տարբեր չափի...

Մաշկաբանություն Դեմքի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ