Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)

Անձի սոցիալական ապահարմարեցում և կիբեռսոցիալականացում

Անձի սոցիալական ապահարմարեցում և կիբեռսոցիալականացում

Մարդ-մեքենա փոխհարաբերության մասին մարդկությունը մտահոգվեց այն պահից, երբ մեքենաները, ներխուժելով մեր առօրյան, սկսեցին փոխարինել մեզ արտադրության տարբեր փուլերում: 40-50-ական թվականներին հասարակությունը մեծ ուրախությամբ ընկալեց գիտատեխնիկական հեղափոխությունը. սկզբում դրանք հաստոցներն էին, աշխատանքի ավտոմատացումը, այնուհետև` համակարգիչները: 

 

Վերջին տարիներին համակարգիչը դարձավ հասարակական կյանքի բոլոր ասպարեզների անբաժան մասը: Համակարգիչների ի հայտ գալը և կայծակնային տարածումը` տնտեսության զարգացման տեսանկյունից, անշուշտ, դրական երևույթ է, սակայն համակարգչային տեխնոլոգիաներից օգտվողների թվի աճի և համակարգչային համացանցի ընդլայնման հետ հանդիպում ենք նաև մարդու հոգեկան ոլորտի վրա համակարգչի բացասական ազդեցության երևույթների [13, 14, 15, 19]:

 

Մարդկությունը բավական շուտ գիտակցեց համակարգչի վնասակար ազդեցությունը մարդու ֆիզիկական առողջության վրա, սակայն դեռևս քիչ են խոսում մարդու հոգեկան աշխարհի վրա համակարգչի ազդեցության մասին: Մինչդեռ, վերջերս հեգեբույժներն ու հոգեբաններն ահազանգում են մի նոր, քիչ ուսումնասիրված «հիվանդության»` համակարգչային կախվածության մասին: 

 

Համակարգչային կամ ինտերնետային կախվածության (կախվածություն համացանցից) մասին սկզբում խոսում էին կեսկատակ: 1995 թ. հոգեբույժ Այվան Գոլդբերգը (Evan Goldberg) գրեց զվարճալի մի հոդված մարդկության նորագույն հիվանդության վերաբերյալ, որն անվանեց «ինտերնետի պաթոլոգիկ օգտագործում»: Սակայն այս կատակի մեջ լուրջն ավելի շատ էր, քան կարելի էր ակնկալել: 1996 թ. Այվան Գոլդբերգը առաջարկեց «ինտերնետային կախվածություն» (Internet Addiction) տերմինը [2]: 

 

Այդ նույն ժամանակ ամերիկացի հոգեբույժ Քիմբերլի Յանգը բացեց օնլայն կախվածության ուսումնասիրման կենտրոն (Center for Online Addiction) և իր ուսումնասիրությունների արդյունքները հրատարակեց «Ցանցում բռնվածները» հայտնի աշխատությունում (Caught in the Net): Եվրոպայում համակարգչային կախվածության խնդրով առաջին անգամ զբաղվեցին վիեննացի հոգեբույժ Հանս Ցիմերլը, Մաթիաս Ջերուսաղեմը (Matthias Jerusalem) և Անդրե Հանը (Andrռ Hahn): Նրանց հետազոտությունները հիմք դարձան ինտերնետային կախվածության տեսության ուսումնասիրության համար [6]: 

 

1997-1998 թթ. ստեղծվեցին առաջին հետազոտական խորհրդատվական ծառայությունները: 1998-1999 թթ. լույս տեսան այս խնդիրը լուսաբանող առաջին մենագրությունները (Evan Goldberg, Kimberly S. Young ուրիշները): 

 

Ռուսաստանում համակարգչային կախվածության խնդիրը հիմնականում ուսումնասիրել է Վիտալինա Լոսկուտովան, որն առաջիններից էր ռուս բժիշկներից, որոնց մտահոգել էր այս խնդիրը [18]: 

 

Խնդիրը հասունացավ և արդիականացավ այն աստճան, որ Ջերոլդ Բլոկը (Jerald J. Block)` Օրեգոն նահանգի առողջապահության համալսարանի (Oregon Health and Science University) հոգեբույժներից, առաջարկեց ինտերնետային կախվածությունը ներառել Հոգեկան խանգարումենրի ախտորոշիչ վիճակագրական ձեռնարկ»րում (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, DSM): Այսպիսով, այն պաշտոնապես կստանար հիվանդության կարգավիճակ [15]: 

 

1996 թ. Հոգեկան խանգարումների ախտորոշիչ վիճակագրական ձեռնարկը (DSM IV) լրացվեց «կիբեռնետիկական խանգարում» անվանում ունեցող նոր ենթաբաժնով: Ըստ բնորոշման` կիբեռնետիկական խանգարումներն առաջանում են վիրտուալ իրականության հետ երկարատև շփման հետևանքով առաջացող գերհոգնածությունից և սթրեսներից: Այս խանգարման ախտորոշիչ չափորոշիչները համապատասխանում են DSM IV-ում նշված ոչ քիմիական կախվածությունների չափորոշիչներին. 

 

  1. համակարգչի օգտագործումն առաջացնում է դիսթրես, 
  2. համակարգչի օգտագործումը վնաս է պատճառում մարդու ֆիզիկական, հոգեբանական, միջանձնային, ընտանեկան, տնտեսական սոցիալական կարգավիճակին [16]: 

 

Այսօր հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետներին հետաքրքրում է հիմնականում այն հարցը, թե «վերաբնակեցումը մատրիքսում» ինչպես է անդրադառնում մարդու սոցիալական ֆունկցիաների վրա: Արդյո՞ք այսօր կարելի է խոսել այն բանի մասին, որ մարդու մոտ տեղի է ունենում համակարգչային սոցիալականացում, որի հետևանքով, տեղափոխվելով վիրտուալ իրականության աշխարհ, նա այլևս չի կարող համակարգչային աշխարհից դուրս` համարվել իր ռեֆերենտային խմբի հասարակության լիիրավ անդամ: 

 

Ժամանակակից համաշխարհային հանրությունում տեղի ունեցող սոցիալ-մշակութային տնտեսական վերափոխումներն ինտենսիվ կերպով ազդում են անձի կենսագործունեության տարբեր բնագավառների վրա: Այդ առումով նոր լույսի ներքո են երևում նաև անձի սոցիալականացման, սոցիալական հարմարման խնդիրները: Ինչպես արդեն նշվել է, համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը և ներթափանցումը մարդկային գործունեության բոլոր ասպարեզներ` արդի հասարակությանը բնորոշ մի առանձնահատկություն է: Համակարգչային ցանցերը` դուրս գալով իրենց զուտ տեխնիկական սահմաններից, աստիճանաբար կերտում են նաև նոր սոցիալական կապերի ցանց, որտեղ նոր նշանակություն է ստանում սոցիալականացումը: Սոցիալականացման գործընթացը ձեռք է բերում նոր տեղակայում վիրտուալ, համակարգչային հանրության ոլորտում: Իսկ վիրտուալ աշխարհը կամ «մատրիքսը» նույնպես ենթարկվում է փոխհարաբերությունների որոշակի կանոնների: Այսպիսով, նպատակահարմար է դառնում նաև մեկ այլ, բոլորովին նոր` «կիբեռսոցիալականացում» (“киберсоциализация”) տերմինի օգտագործումը: Այս տերմինը առաջարկվեց 2005 թ. Մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ Վ.Ա. Պլեշակովի կողմից: Այս հասկացությունը բնորոշվեց որպես անձի ներքին կառուցվածքի որակական փոփոխությունների տեղային գործընթաց, որը տեղի է ունենում անձի կողմից Ինտերնետ ցանցի կիբեռտարածության ոլորտում սոցիալականացման ժամանակ, այսինքն` այդ կիբեռտարածության ռեսուրսների օգտագործման և«սոցիալականացման վիրտուալ գործակալների հետզհետե հաղորդակցման ժամանակ: Սոցիալականացման այս նոր ձևը ենթադրում է անձի հիմնական արժեքային համակարգի վերակառուցում, ապրելակերպի, հետաքրքրությունների, աշխատանքի ուսուցման, հանգստի ձևերի էական փոփոխություն` ավելի հստակ հարմարեցում լիարժեք «միգրացիա դեպի մատրիքս» [8]: 

 

Այսօր ինտերնետ միջավայրում սոցիալականացման հաղորդակցման գործընթացի խնդրիներն արտացոլվում են այնպիսի հետազոտողների աշխատություններում, ինչպիսիք են` Բելինսկայա Ե.Պ., Բլոխինա Ե., Բոնդարենկո Ս.Վ., Վասիլյաև Ի.Ա., Վոյկունսկի Ա.Ե., Գորոշկո Ե.Ի., Գուդիմով Վ.Վ., Ժիչկինա Ա.Ե., Իվանով Մ., Իվանով Լ.Յ., Քելեր Տ., Մինակով Ա.Վ., Մուդրիկ Ա.Վ., Պարավոզով Ի., Պլեշակով Վ.Ա., Նեստերով Վ.Վ., Սիդորով Մ.Յ., Սմիրնով Ֆ.Օ., Սուլեր Ջ., Ֆրինդտե Վ., Չուդովա Ն.Ի., Շևչենկո Ի, Յանգ Կ. և մյուսները: Սակայն համակարգչային միջավայրում կիբեռսոցիալականացման գործընթացի վերաբերյալ համալիր հետազոտություններ դեռևս չեն իրականացվել [5, 6, 7]: 

 

Կարևոր է հասկանալ, թե համացանցում տեղի ունեցող ո՞ր գործընթացներն են թույլ տալիս խոսել ինտերնետի (որպես հատուկ սոցիալական միջավայրի և անձի կողմից ինտերնետում որոշակի գործունեության ծավալման) մասին` որպես հատուկ սոցիալականացման գործընթաց: Դրա համար հարկավոր է հստակ պատկերացում կազմել համացանցի մասին: Ընդունված է տարբերակել համացանցի գոյության երեք ձև. գործընթաց, օբյեկտ, գործունեության արդյունք: Գործընթացի տակ հասկանում ենք ոչ անձնավորված հաղորդագրությունը կամ հաղորդակցումը, որն արդեն կրում է անհատական, անձնական կերպարադերային բնույթ: Օբյեկտը դա հաղորդագրությունն է, որևէ անձը, պորտալը, իներնետ ծառայությունը, կոնֆերանսը, չաթ»րը: Գործունեության արդյունք է դառնում իներնետում ստեղծված իրական ցանցը, իրական հաղորդակցումը, իրական խմբային փոխհարաբերությունները (աղյուսյակ 1): 

 

Աղյուսակ 1 

 

Գործընթաց

Օբյեկտ

Գործունեության արդյունք

 ոչ անձնավորված

  հաղորդագրություն,

 ինտերնետում ստեղծված

հաղորդագրություն,

  որևէ անձ,

  իրական ցանց,

անհատական,

 պորտալ,ինտերնետ

  իրական հաղորդակցում,

անձնական

  ծառայություն,

  խմբային իրականություն

կերպարադերային

 կոնֆերանս«չաթ»

  

հաղորդակցում

 

 

 

 

 

 

Համացանցի այս երեք ձևերը բնորոշում են ցանկացած կազմակերպության գոյության երեք ձև, որոնցից մեկում կարելի է տեսնել գլխավոր «նախացանց»-ը (“прото¬Сеть”)` բոլոր ցանցերի կենսածին մայրը, սոցիոմետրիկ մատրիքսը: Այսպիսով, ցանկացած ցանց, անկախ փոխանցման ձևից, կրիչից ու կրվող տեղեկատվությունից, ի սկզբանե` մարդկային փոխհարաբերությունների ցանց է: Ձևականացված տեխնիկական ցանցերում, որպես կանոն, մարդկային փոխհարաբերությունները կոնսերվացված են և չեն արտացոլում հաղորդակցման գործընթացը: Այդպիսի ցանցերում մարդիկ գաղտնի տալիս են որոշակի ստնադարտ իրավիճակներ, կանոններ, նախասիրություններ և չեն խառնվում սարքերի հարաբերությունների մեջ: Այս պնդումը վերաբերում է նաև հակադարձ կապով կիբեռնետիկական ցանցերին: Ինքնակարգավորվող ցանցերը` նույնիսկ առանց մարդու ներգործության, իրենց բոլոր ֆլուկտուացիաները իրականացնում են դերային խաղի միջոցով, որտեղ դերերի բաժանումը նույնիսկ հենց իրենք` դերերը, կարող են փոփոխվել: Բոլոր դեպքերում կարելի է ասել, որ բոլոր իրավիճակները կամ հարաբերությունները կարող էին տեղի ունենալ նաև անմիջականորեն և մարդկանց միջև միջնորդավորված չլինեին ծրագրով: Ցանկացած դեպքում երկխոսությունը կայանում է մարդկանց խմբերի միջև [3, 4]: 

 

Այսպես, Ա.Վ. Մուդրիկը նշում է, որ համաշխարհային ինտերնետ ցանցը իրենից ներկայացնում է «հասարակության հոգոր նյութականացված տեղեկատվական ներուժի անընդհատ հստակեցվող մի մոդել, և այդ որակում այն իրենից հզոր տեղեկատվական հիմք է ներկայացնում մարդկային գործունեության ամենաբազմազան ձևերի համար»: Նա առաջարկում է ինտերնետը դիտարկել որպես սոցիալականացման մեգագործոն, ճիշտ այնպիսին, ինչպիսիք են տիեզերքը, մոլորակը, աշխարհը: Միաժամանակ այն հարկավոր է դիտարկել որպես տեղեկատվական միջոց, այսինքն` անձի սոցիալականացման մեզոմիջոց [12]: 

 

Անձի սոցիալականացումը կիբեռմիջավայրում կարող է դիտվել որպես մարդու գործունեության օպտիմալ մոդելների մշակման, և բազմաթիվ ու համեմատաբար անվտանգ փորձարկումների «սոցիալ-մանկավարժական փորձադաշտ»ր: Կիբեռմիջավայրում հաղորդակցման սոցիալ-մանկավարժական գործոնը առհասարակ չի տարբերվում սոցիալականացման գործառույթներից. տեղեկատվական, ինքնափոխիչ և հարմարվողական: Վիրտուալ սոցիալականացնող միջավայրի առանձնահատկությունները թույլ են տալիս ներմուծելու կեբեռսոցիալականացման հասկացությունը` որպես անձի կիբեռօնթոլոգիայի ժամանակակից սոցիալական երևույթ սոցիալական դաստիարակման տեսության շրջանակներում [20]: 

 

Կիբեռսոցիալականացման ընթացքում հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել այն ազատ անձի ձևավորմանը, ով ընդունակ է որոշումներ կայացնելու և պատասխանատվություն կրելու իր որոշումների համար, ինչպես նաև` հարգելու այլ մարդկանց որոշումներն ու արարքները, սեփական կամքը հակադրելու արտաքին ճնշումներին: 

 

Կիբեռմիջավայրի ազդեցության տակ մարդու մոտ հաճախ կարող է առաջանալ արտաքին աշխարհից և կյանքից կտրվածության զգացում: Հաճախ այս երևույթը ստիպում է խոսել անձի սոցիալական ապահարմարեցման մասին: Համակարգչային վիրտուալ իրականության մեջ գործող մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա անմիջականորեն մասնակցում է իր իսկ կողմից ստեղծված իրադարձություններում, ավելին, որ հենց ինքն է այդ իրադարձությունների գլխավոր մասնակիցն ու հերոսը: Այդպիսի իրավիճակում անձը կարծես գտնվում է ինքն իր հետ չներդաշնակեցված վիճակում, իր գիտակցությունն ապրում է մի փորձ, որը որևէ կապ չունի իրական փորձի հետ: Կիբեռմիջավայրը ստեղծում է մարդու բազմաբնույթ պահանջմունքների ձևավորման բավարարման մի նոր, եզակի իրավիճակ: Ինտերնետը անսահմանափակ ընդլայնում է աշխարհաճանաչումը, ցույց է տալիս կյանքի և օրենքների բազմաբնույթ ու հնարավոր բոլոր ձերը: Արդյունքում մարդու մոտ (հատկապես երեխայի, դեռահասի, երիտասարդի) կարող են ձևավորվել այնպիսի պահանջմունքներ, որոնք իրական հնարավորությունների հետ համադրելի չեն [7]:  

 

Հաղորդակցման առանձնահատկություններն ինտերնետային միջավայրում կարելի է դիտարկել որպես նոր մշակութային միջոցներ, որոնք պայմանավորում են անձի ինքնագիտակցության զարգացումը: Կենսագործունեությունը կիբեռմիջավայրում հատկապես կարևորվում է նրանց համար, որոնց իրական կյանքը այս կամ այն ներքին կամ օբյեկտիվ արտաքին պատճառներով աղքատ է միջանձնային մակարդակում: Նման դեպքերում ինտերնետային վիրտուալ միջավայրը գործնականորեն դառնում է անմիջական (ռեալ) շրջապատի այլընտրանքը, իսկ մարդը ենթարկվում է կեղծ սոցիալականացման (квазисоциализия): Այս ենթատեքստում անձի կեղծ սոցիալականացումն ընկալվում է որպես անձի զարգացման ինքնափոխման գործընթաց և արդյունք, իր ներքին կառուցվածքային միավորների փոխարինում կեղծ, գոյություն չունեցող միավորներով (квазиэлементы): Դա տեղի է ունենում անձի կողմից իր տարիքին, սեռին, կարգավիճակին կամ հանրության տվյալ շերտին ոչ բնորոշ մշակույթի, աշխարհայացքային դիրքորոշումների, կենսագործունեության կանոնների, վարքային սցենարների յուրացման վերարտադրման ընթացքում: Արդյունքում առաջանում է անձի սոցիալ-հոգեկան հարմարման անհամապատասխանություն, մեկուսացում, այսինքն` սոցիալական ապահարմարեցում [4]: 

 

Համացանցային չափումներում (բազմակի օգտվողների չափումներում (MUD-s)), որոնք դարձել են բազմակի օգտագործողների հաղորդակցման համակարգեր, մարդը կարող է փորձարկումներ անել ցանկացած տիպի ԵՍ-երի հետ` արտացոլելով իր թաքնված մղումներն ու ցանկությունները [5]: 

 

Ինետերնետ-միջավայրը էապես ազդում է սոցիալական նորմերի յուրացման, արժեքային կողմնորոշման վրա: Այն հաճախ ոչ պաշտոնական կրթության լուսավորության աղբյուր է: 

 

Հարկավոր է նշել նաև, որ ժամանակակից իրականությունում նկատվում է սոցիալականացնող միջավայրի սթրեսայնության շարունակական աճ, իսկ վիրտուալ իրականությունը (որը ներկայացված է ինչպես ինտերնետ ցանցով, այնպես էլ հստակ վիրտուալ աշխարհներով` համակարգչային խաղերով) մարդու կողմից ինչպես գիտակցական, այնպես էլ անգիտակցական մակարդակում ընկալվում է որպես ոչ իրական: Այն չի պարունակում իրական վտանգներ, այստեղ հարկավոր չէ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար: Այսինքն, այստեղ մարդուն չեն սպառնում բազմաբնույթ սթրեսներ: Սակայն սա թվացյալ առավելություն է, քանի որ, ընտրելով կիբեռսոցիալականացման ուղին, մարդն ընտրում է կեղծ սոցիալականացումը, իրենց համար այդքան ցանկալի ինքնաիրագործումը և վիրտուալ աշխարհում կեղծ ինքնաիրագործում է: 

 

Ինտերնետը` որպես նոր սոցիալական իրականություն, տալիս է մի շարք հոգեբանական ապրումներ, որոնք պայմանավորում են թե՛ կիբեռսոցիալականացումը, թե՛ համակարգչային կախվածության ձեռքբերումը: Այդ հատուկ հոգեբանական ապրումներից են. 

 

  • սահմանափակված սենսորային ապրումներ, 
  • նույնականացում, անձի բազմազանություն անանունություն, 
  • կարգավիճակների հավասարեցում, 
  • տարածական սահմանների ապահստակեցում, 
  • ժամանակի ձգվածություն ու խտացում, 
  • կոնտակտերի անսահմանափակ հասանելիություն, 
  • մշտական ֆիքսացիա, 
  • այլընտրանքային, երազային աշխարհներ, 
  • «սև անցքի» զգացողություն [4, 11, 19, 20]: 

 

Սահմանափակված սենսորային ապրումներ 


Կիբեռմիջավայրում մեզ տրված չէ մեր զրուցակցին տեսնելու հնարավորություն, հասկանալու նրա ոչ վերբալ հաղորդագրությունները, դիմախաղը, հայացքը, լսելու նրա ձայնի տոնայնության փոփոխությունները: Անգամ եթե տելեկոնֆերանսները դառնան ավելի արդյունավետ ու տեխնիկապես ավելի մատչելի, միևնույն է, հնարավոր չեն լինի գործնական ձեռքսեղմումները, գրկախառնվելը կամ համբուրվելը: Տեխնիկական հնարավորություններն առայժմ սահմանափակ են, շփումը մարդկանց միջև տեղի է ունենում մեծավ մասամբ տպագիր խոսքի միջոցով: Այս տեսանկյունից աղքատանում է այն հուզական փորձը, որը ռեալ հարաբերություններում մարդը ձեռք է բերում իր սոցիալականացման գործընթացում:  

 

Նույնականացում, անձի բազմազանություն անանունություն 


Զրուցակցի հետ անմիջական վիզուալ կոնտակտի բացակայությունն իր արտացոլումն է գտնում նաև ինտերնետային շփման ժամանակ մարդու ինքնանույնացման վրա: Հաղորդակցվելով տպագիր տեքստի հետ, մենք ընտրություն ունենք` մնալ սեփական ԵՍ-ի շրջանակներում, կամ դուրս գալ այդ շրջանակներից և խոսել սեփական անձի գաղտնի մասի անունից, ընդունել կեղծ նույնականացում, կամ լիովին մնալ անանուն: Անանունությունը մարդու աոջև բացում է երկու ճանապարհ. կարելի է բավարարել սեփական պահանջմունքները և թոթափել բացասական հույզերը, հաճախ ուրիշին վիրավորելով, իսկ կարելի է և պարզապես ավելի անկեղծ լինել` չվախենալով բացասական գնահատականներից:  

 

Կարգավիճակների հավասարեցում 


Ընդհանուր առմամբ, ինտերնետային շփման յուրաքանչյուր մասնակից ունի մյուսների հետ հավասար ինքնաարտահայտման հնարավորություններ: Ցանկացած մասնակից, անկախ կարգավիճակից, առողջական վիճակից, ռասայական պատկանելությունից, սեռից և այլն, սկսում է «խաղը» միևնույն զրոյական կետից, միևնույն խաղադաշտում և հավասար ու անփոփոխ կանոններով: Այս երևույթը կարելի է անվանել «ցանցային ժողովրդավարություն»: Ուրիշների վրա մարդու ազդելու հնարավորությունը որոշվում է իր հաղորդակցման ընդունակություններով և, առաջին հերթին, գրավոր խոսքի միջոցով գաղափարներ արտահայտելու և համոզելու ընդունակությամբ, նրա համառությամբ, արտահայտված մտքերի դատողությունների էությամբ:  

 

Տարածական սահմանների ապահստակեցում 


Համակարգչային շփման մեջ աշխարհագրական տարածությունները կորցնում են իրենց նշանակությունը: Տարածության այս սեղմվածությունը` սկսած անգամ համակարգչի սեղանի վրա գրաված տեղից, շատ գրավիչ է արտասովոր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար, որոնք այստեղ հեշտությամբ կարող են գտնել իրենց համախոհներին և ստեղծել նաև սոցիալական խմբեր` անկախ այդ խմբի անդամների աշխարհագրական դիրքից:  

 

Ժամանակի ձգվածություն ու խտացում 


Սինխրոն, միաժամանակյա հաղորդակցումը, օրինակ, «չաթերում», ենթադրում է, որ մարդիկ նստած են համակարգչի առջև և շփվում են գուցե ոչ «այստեղ», բայց հաստատ «այժմ»: Էլեկտրոնային փոստը և նորությունների խմբերն ու «բլոգերը» գտնվում են հաղորդակցման «ասինխրոն» տարածությունում, քանի որ մարդուց չեն պահանջում անմիջական ինտերակցիա: Երկու դեպքում իրադրային ժամանակը ձգված է մինչև անվերջություն (բացառություն են կազմում տելեկոնֆերանսները և ինտերնետ հեռախոսակապը): Չաթային համակարգում` էթիկետի չգրված օրենքներով, զրուցակիցներին հաղորդագրությանը պատասխան տալու համար տրվում է մի քանի վարկյանից մինչ մեկ րոպե կամ նույնիսկ ավելի: Իսկ էլեկտրոնային փոստից նորությունների խմբերից ու բլոգերից օգտվելիս` այս ժամանակը ձգվում է մի քանի ժամից մինչև մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ, թեև այստեղ նույնպես գործում են էթիկետի չգրված օրենքները: 

 

Կիբեռտարածությունը ստեղծում է եզակի տեմպորալ տարածություն, որտեղ ինտերակցիաները շարունակելու դեպքում ինտերսուբյեկտային ժամանակը փոխադարձաբար ձգվում է: Ստեղծվում է ռեֆլեքսիային գոտի: Զրուցակիցները դեմ առ դեմ այսքան ժամանակ չեն ունենում կշռադատելու պատասխանը: 

 

Միևնույն ժամանակ կիբեռ ժամանակը սեղմված է: Եթե մարդը կիբեռհանրության անդամ է մի քանի ամիս, ապա նա կարող է իրեն «ծերուկ» համարել: 

 

Մարդու մոտ ժամանակի սուբյեկտիվ ընկալումը միշտ կապված է իրեն շրջապատող աշխարհի փոփոխության արագության հետ: Իսկ վիրտուալ աշխարհը` չունենալով տարածական սահմանափակումներ, անընդհատ շարժման մեջ է գտնվում: Ստեղծվող կիբեռ խմբերի անդամները անընդհատ փոխվում են, ոմանք դուրս են գալիս տվյալ խմբից, ոմանք մտնում խումբ, արագ փոփոխվում են նաև մարդուն շրջապատող կիբեռտեսարանները, ձայները: Ժամանակի սուբյեկտիվ զգացողությունը նման պայմաններում կրում է անխուսափելիորի արագացում:  

 

Կոնտակտների անսահմանափակ հասանելիություն 

 

Առանց տեղից շարժվելու` ուղղակի մատները ստեղնաշարին թեթ հպելով, մարդը կարողանում է շփվել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց հետ, հաղորդակցվել հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մարդկանց հետ: Ինտերնետը հզոր գործիք է նոր զրուցակցիներ սոցիալական նոր միջավայր փնտրելու, ֆիլտրելու և կապեր հաստատելու համար: Մարդու թաքնված դրդապատճառների, արտամղված սպասումների, ցանկությունների ու վախերի բեռի տակ ինտերնետը տալիս է գրեթե անսահմանափակ այլընտրանք: Սակայն, ինչպես ասեց փորձառու ինտերնետ օգտվողներից մեկը. «որտեղ էլ գնամ` ես հանդիպում եմ միևնույն մարդկանց», իսկ մյուսն ավելի հստակեցրեց այդ միտքը ասելով. «որտեղ էլ գնամ` ես հանդիպում եմ ԻՆՁ»:  

 

Մշտական ֆիքսացիա 

 

Ցանցում ծավալվող գործունեության մեծ մասը կարելի է պահպանել ֆայլերի տեսքով, այդ թվում կարելի է պահպանել էլեկտրոնային փոստով ստացած նամակները և չաթային հաղորդագրություները: Այն ամենն, ինչ մարդիկ ասում են միմյանց, կարելի է պահպանել որպես փաստաթուղթ: Այս հարաբերությունները բնորոշ են միայն ինտերնետային շփմանը:  

 

Այլընտրանքային, երազային աշխարհներ 

 

Որոշ մարդիկ նշում են, որ երկար ժամանակ գտնվելով համակարգչի առջև, սկսում են ապրել գիտակցության միաձուլման մոգական զգացում այլ մարդկանց, նամակների և հաղորդագրությունների հեղինակների հետ: Մարդկանց մոտ ստեղծվում է մի նոր, երևակայական աշխարհի զգացողություն, որտեղ իրենք կարող են փոփոխել ցանկացած իրավիճակ և, անգամ, ստեղծել առարկաներ «ոչնչից»: Այս վիճակը նման է մեդիտացիայի խորը փուլերին:  

 

«Սև անցքի» զգացողություն 


Սա դատարկության ֆրուստրացիայի այն զգացումն է, երբ համակարգչի խափանման պատճառով այն «հրաժարվում է» մարդու հետ համագործակցելուց: 

 

Բոնդարենկոն մշակեց կիբեռսոցիալականացման մոդել, որտեղ կիբեռսոցիալականացման գործընթացը դիտվում է որպես ինտերնետից օգտվողների կողմից ցանցում միջանձնային հարաբերությունների, սոցիալական թիավարման և վարքի կանոնների ու դերային պահանջների յուրացում: Այս փոխհարաբերությունները, ըստ հեղինակի, գոյություն ունեն ինչպես հստակ վիրտուալ ցանցային հանրություններում, այնպես էլ կեբեռտարածության սոցիալական հանրությունում ընդհանրապես: Այնուհետև Բոնդարենկոն բերում է ինտերնետ-սոցիալականացման սխեման: Անձի առաջին ծանոթացումը կիբեռտարածության սոցիալական իրականության հետ տեղի է ունենում առաջնային սոցիալականացման գործընթացում: Առաջնային սոցիալականացման գործընթացը կարելի է բաժանել երկու փուլերի. Արխետիպային և գործիքա-իմացական: Ի տարբերություն իրական աշխարհում մարդու առաջնային սոցիալականացման, որը սկսվում է անհատի ծնված պահից, կիբեռտարածության մեջ ստորին տարիքային շեմը գործնականորեն հնարավոր չէ հստակեցնել: Սա բացատրվում է նրանով, որ կիբեռսոցիալականացումը սկսվում է այն պահից, երբ մարդը տեղեկություն է ստանում կիբեռտարածության մասին (համակարգչի ինտերնետի գոյության մասին), իսկ առաջնային տեղեկացվածության ժամանակը կախված է բազմաբնույթ սոցիալ-տնտեսական քաղաքական գործոններից [20]: 

 

Առաջնային սոցիալականացման արխետիպային փուլում կիբեռտարածության սուբյեկտիվ իրականությունը մարդու մոտ ձևավորվում է մշակութային արտեֆակտերի հիման վրա. ծանոթացում ԶԼՄ-ների նյութերի, գովազդային հայտարարությունների, հեռուստաֆիլմերի, գրքերի, այլ մարդկանց պատմությունների հետ: Ընդ որում, ներքնայնացման գործընթացը տեղի է ունենում կիբեռտարածության գործունեության վերաբերյալ բացառապես սոցիալական առասպելների հիման վրա, իսկ սոցիալականացման գործակալ են հասակակիցները, ծնողները, ուսուցիչները, համապատասխան ուսումնական առարկաները և այլն: Սոցիալական առասպելները փոխհատուցում են կիբեռ-տարածությունում գործող սոցիալական հարաբերությունների մասին մարդու բազային գիտելիքների բացը և նպաստում սոցիալականացման գործընթացը շարունակելու դրդապատճառների ձևավորմանը: 

 

Այս փուլում, ըստ Բոնդարենկոյի, սոցիալականացման գործընթացը կայանում է հետագայում անձի կիբեռտարածության այլ սուբյեկտների դերերի իմացական ինտեգրման փուլում վիրտուալ ինքնության կառուցման մեջ: ԵՍ-ի վարքը ենթադրում է փոխկապակցված դերերի համակարգ և վիրտուալ իրականության հետ շփում, որոշ դեպքերում` նույնիսկ համապատասխան սոցիալական պատժամիջոցների սպասում [1, 10, 12]: 

 

Կարելի է ենթադրել, որ սոցիալականացման նշված գործակալների միջոցով գիտելիքների և հմտությունների յուրացումը հանդես է գալիս որպես գլխավոր ուսումնական մեխանիզմ տեխնիկական գիտելիքների մշակութային նորմերի փոխանցման համար: Հենց այս փուլում ինտերնետից օգտվողն առաջին անգամ ծանոթանում է կիբեռտարածության գործող սոցիալական նորմերի բազային ցանցային էթիկետի հետ: Իսկ արխետիպային փուլում սոցիալական առասպելների ձևավորման համար որոշիչ դեր են կատարում ԶԼՄ-ները, որոնք գործնականում կատարում են կիբեռտարածության սոցիալական առասպելների հասարակական կառուցումը: Այսպիսով, ԶԼՄ-ները մեծ ազդեցություն են գործում առաջնային սոցիալականացման վրա [10]: 

 

Անձնային մակարդակում ներքին վիրտուալ իրականության աշխարհի կառուցման ժամանակ ստեղծված պլյուրալիստիկ իրականությունը կրում է վառ արտահայտված տարանջատված բնույթ, և անձը, հիմնվելով իր մոտ ձևավորված իմացական փորձի վրա, ներքնայնացնում է հասարակական գիտակցության մեջ լայն տարածում ստացած կիբեռտարածության մեջ վարքի արժեքային նորմերի մոդելներին: 

 

Կարևոր է նշել, որ սոցիալականացման արխետիպային գործընթացն ի սկզբանե բնորոշ է կիբեռ-տարածությանը: Մինչև համակարգչի կամ ինտերնետի ի հայտ գալը վիրտուալ ցանցերի գոյությունը նկարագրվում էր գրողների կողմից, կանխագուշակվում էր գիտական աշխատություններում: Այսպիսով, ապագա համակարգչից օգտվողներն իրենց գիտակցության մեջ արդեն ունեցել են մարդ-մեքենա աշխարհի մոդելը: 

 

Կիբեռտարածության սոցիալական իրականությունն այնպիսին է, ինչպիսին այն մեկնաբանում են օգտագործողները: Այն համոզմունքը, որ ցանցային հանրությունը ընկալում է կիբեռտարածության սոցիալական իրականությունը որպես համընդհանուր ոլորտ, հիմնվում է այն բանի վրա, որ ինտերնետից օգտվողներն իրենց սոցիալականացման ընթացքում յուրացրել են վիրտուալ աշխարհում տեղի ունեցող փոխհարաբերությունների վերաբերյալ մեկ ընդհանուր տեսանկյուն: Այդ հանընդհանուր տեսանկյունը յուրացվում է անձի կողմից կիբեռտարածության հետ առաջին հաղորդակցման ժամանակ: 

 

Այսպիսով, սկսած այն պահից, երբ մարդն արդեն միացած է հեռահաղորդակցման ցանցին, ավարտվում է կիբեռսոցիալականացման արխետիպային փուլը և սկսվում է գործիքա-ճանաչողական փուլը: Այստեղ հարկավոր է հաշվի առնել, որ անձը միաժամանակ սոցիալականացվում է երկու չափումներում: Մեկը կիբեռ-տարածության սոցիալական հանրությունն է, մյուսը` ցանցային հասարակությունը, որի հետ մարդը համագործակցում է շփման ժամանակ [2]: 

 

Սոցիալականացման նոր փուլի ընթացքում անձը հանդիպում է վարքի նոր ձևերի և մտածողության նոր նմուշների: Այս ընթացքում մարդը կոնկրետ դերային կողմնորոշումներ է յուրացնում, սովորում է կիբեռ-տարածության տեղորոշումը կիբեռսոցիալական հարաբերությունների և այլ մասնակիցների ու բովանդակության հետ համագործակցության ձևերը, իր վրա է կրում սոցիալական վերահսկման բեռը: 

 

Խոսելով կիբեռտարածության սոցիալական հանրության սոցիալականացման մասին` մենք առաջին հերթին հասկանում ենք գործիքային գիտելիքները, որոնք կապված են էլեկտրոնային գրագիտության կիբեռ-տարածության սոցիալական տեղորոշման հետ: 

 

Համակարգչով միջնորդված շփման վրա ազդում է նաև մարդու նախկինում ստացած հաղորդակցման փորձը: Այսպիսով, կարելի է ասել նա, որ համակարգչային ցանցերում սոցիալականացման գործընթացի հետ միաժամանակ տեղի է ունենում անձի ռեսոցիալականացումը: Այսինքն. նախկինում եղած արժեքները, դերային վարքագիծը, հմտությունները փոխարինվում են նոր` համակարգչային ոլորտին համապատասխան կառուցվածքներով: 

 

Մյուս կողմից, խոսելով կիբեռտարածության սոցիալական միջավայրում անձի սոցիալականացման մասին, հարկավոր է առանձին դիտարկել կիբեռտարածության այս կամ այն ազգային հանրության արժեքային համակարգը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինտերնետից օգտվողները պարբերաբար տեղափոխվում են մեկ հանրությունից մյուսը, կարելի է ասել, որ կիբեռտարածության շրջանակներում մարդը գտնվում է անընդհատ սոցիալականացման գործընթացում: Ընդ որում, հարկավոր է հաշվի առնել, որ օգտագործողը, կիբեռտարածության արժեքների յուրացումից բացի, ստիպված է անընդհատ վերանայել սեփական վարքը` այն համաձայնեցնելով հասարակության էվոլյուցիոն զարգացման հետ, որտեղ նա նախկինում անցել է սոցիալականացումը: 

 

Որոշ հետազոտողներ կարծում են, որ ինտերնետ ցանցի գործառույթների ըմբռնումը հասու չէ օգտագործողներին, քանի որ այն ունի բազմամակարդակ կառուցվածք: Ամենացածր մակարդակը ֆիզիկականն է: Այս մակարդակում քննարկվում են հեռախոսային ցանցերի, մոդեմների, օգտագործողի և համացանց տրամադրողների միջև փոխհամագործակցության հարցերը: Ավելի բարձր մակարդակում տեղի են ունենում գլոբալ համակարգչային ցանցերի հանգույցների միակցման հետ կապված տվյալների փաթեթների փոխանցում: Երրորդ մակարդակում ընտրություն է կատարվում հաղորդակցային փոխներգործությունների կազմակերպման համար անհրաժեշտ բովանդակության ծրագրային արտեֆակտերի ներկայացման ձևի մեջ [6]: 

 

Եթե այս երեք փուլերը մարդուց պահանջում են տեխնիկական գիտելիքների պաշար, ապա ամենաբարձր մակարդակում գտնվում են սոցիալական փոխազդեցությունների գործընթացները: Առաջին երեք փուլերի վերաբերյալ օգտագործողը կարող է խորհրդակցել ծառայություններ տրամադրողների հետ, իսկ սոցիալական փոխազդեցությունների փուլում օգտագործողի սոցիալականացումը տեղի է ունենում նախկինում կուտակված իմացական հաղորդակցման փորձի օգտագործման հիման վրա: 

 

Այսպիսով, կարելի է պնդել, որ կիբեռտարածության մեջ գործող անձանց սոցիալականացման գործընթացն անընդհատ է: Անձի կողմից յուրացվող սոցիալական փորձը կարելի է դիտարկել 4 հիմնական մոդուլներով. 

 

  • սոցիալական առասպելների ընկալման միջոցով սոցիալականացում, 
  • վարքի մոդելների սոցիալական տեղորոշման կանոնների յուրացում, 
  • կոնկրետ վիրտուալ հանրության նորմերի, արժեքների դիրքորոշումների յուրացում, 
  • ընդհանուր առմամբ, կիբեռտարածության սոցիալական համակարգի սահմաններում հաղորդակցման իրականացման կանոնների յուրացում: 

 

Ըստ Բոնդարենկոյի, անձի կիբեռտարածության մեջ սոցիալականացվելու տվյալ մոդելը կիրառելի է միայն համաշխարհային ցանցով իրականացվող փոխհարաբերությունների համար, քննարկելի չէ կորպորատիվ ցանցերի համար, որտեղ կարող են գործել սոցիալականացման այլ սկզբունքներ [3, 4]: 

 

Այս հոդվածում փորձ կատարվեց համակարգել կիբեռսոցիալականացման տեսական վերլուծությունները, հասկանալ մարդու հոգեկան աշխարհի ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման փոխազդեցությունների միտումները: 

 

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ չնայած վերջին տասնամյակներում գրականության մեջ տեղ գտած բազմաթիվ վերլուծական մի շարք հետազոտական աշխատությունների, անձի սոցիալականացման խնդիրներն ու նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունն այդ գործընթացի վրա առայժմ լիարժեք ուսումնասիրված չեն և գիտական հանրության կողմից վիճաբանությունների ու մտորումների առարկա են ողջ աշխարհի մտավորականների համար:  

 

Գրականություն 


  1. Андреева Г.М. Психология социального познания. М.; 1997; 150¬-157. 
  2. Бирюков В. Сеть и наркомания. Компьютерный еже¬недельник “Компьютерра” 1998, N16. 
  3. Бондаренко С.В. Социальная система киберпрост¬ранства как новая социальная общность. Научная мысль Кавказа. Приложение; 2002; N 12 (38); 32-¬39. 
  4. Бондаренко С.В. Модель социализации пользовате¬лей в киберпространстве. Технологии информацион¬ного общества ¬Интернет и современное общество: труды VI Всероссийской объединенной конференции. Санкт¬Петербург; 3¬6 ноября 2003; СПб.; Издательст¬во Филологического факультета СПбГУ; 2003; 5¬7. 
  5. Бурлаков И.В., Homo Gamer. Психология компью¬терных игр М.; Независимая фирма “Класс”; 2000. 
  6. Бурова (Лоскутова) В.А. Интернет¬зависимость – па¬тология XXI века? Вопросы ментальной медицины и экологии 2000; том VI; N 1. 
  7. Вересаева О. Психология и Интернет на пороге ХХI века. Психологическая газета 1996; N 12. 
  8. Жилкин В.В. Cоциализация личности посредством компьютерных технологий. Аналитика Культуроло¬гии 2004; N 2. 
  9. Золотовицкий Р.В. Интернет и социометрия; http:// flogiston.ru/articles/netpsy/inet_sociometry. Опублико¬вано: 04. 20.2003; 11:40. 
  10. Ковалева А.И. Социализация, Знание. Понимание. Умение 2004; № 1. 
  11. Короленко Ц.П., Лоскутова В.А. Основные характе¬ристики интернет¬зависимости как формы нехимичес¬ких аддиктивных расстройств. Сборник материалов международной конференции “Игровая зависимость: мифы и реальность” под редакцией Т.Б. Дмитриевой М.; 2007. 
  12. Мудрик А.В. Социализация человека М.; 2007; 247-¬257. Ferris, Jennifer. Internet addiction disorder, Causes, symptoms and conse quences 2002; www.apa.org 
  13. Greenfield D. Frequently Asked Questions about Internet Addiction” 1998, http://www.Virtual¬Addiction.com. 
  14. Huang M.P., Alessi E. The Internet and the future of psychiatry. American Journal of Psychiatry 1996; vol 153; N 7; 861--869. 
  15. Jerald J.B. Issues for DSM¬V: Internet Addiction: Am J Psychiatry. March; 2008; 165:306¬-307. 
  16. Young K.S. How to Recognize the Internet Addiction and a Winning Strategy for Recovery, John Wiley & Sons; 1998. 
  17. Young K., Pistner M., O’Mara J., Buchanan J. Cyber Disorders: The Mental Health Concern for the New Millennium 107th APA convention, August 20, 1999.
  18. King S. Is the Internet Addictive, or Are Addicts Using the Internet?, 1996; http://www.rdz.stjohn’s.edu/ storm~iad.html
  19. Suler J. Human Becomes Electric: The Basic Psychological Features of Cyberspace, 1996. http://flogiston.ru//articles/netpsy/electronic).

 

 

Հեղինակ. Մ.Դ. Խուրշուդյան. Գործնական հոգեբանության սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարան, Երևան, Հայաստան
Սկզբնաղբյուր. Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. os.colta.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները
Անպտղության ժամանակ հոգեբանական գործոններով պայմանավորված տղամարդկանց սեքսուալ դիսֆունկցիաները

Նախաբան: Տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում այդ ուղղությամբ: Հաճախ զույգի անպտղության բուժման...

Սեքսոլոգիա Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Հոգեկան առողջության արդի պատկերացումները
Հոգեկան առողջության արդի պատկերացումները

Հոգեկան առողջության (ՀԱ) ծառայությունների զարգացումը Հայաստանում դեռևս կարևոր խնդիր է՝ հատկապես առողջապահության համակարգում մասնագետների ներգրավման տեսանկյունից...

Հոգեկան առողջություն
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Ներածություն: Ներկայացնելով իրական վտանգ մարդկության համար` ՄԻԱՎ վարակն առաջացնում է մի շարք տնտեսական, կազմակերպչական, հոգեբանական, սոցիալական խնդիրներ հիվանդների, հասարակության համար...

Վարակաբանություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Հոգեբուժության զարգացումը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև Խորհրդային Հայաստանի կազմավորումը

Թեև հոգեբուժական գիտական միտքը Հայաստանում բյուրեղացել է ընդամենը վերջին 50 տարում և այժմ էլ գտնվում է իր ինքնության հաստատման որոնումների փուլում, սակայն հոգեբուժական մշակույթը գալիս է դարերի խորքից...

Հոգեկան և վարքի խանգարումներ Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ