Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեբանի մոտ

Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ

Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Ամեն տարի այս օրը շահագրգիռ  կառույցները տարածում են հոգեկան առողջության հարցերին վերաբերող նյյութեր, դիմում տարբեր երկրների ղեկավարություններին` խնդրելով օգնություն, ոլորտի զարգացման համար և այլն: Հայաստանում գործում է հոգեկան առողջության  «Ինթրա» կենտրոնը, որի խնդիրներն են այցելուների սոցիալականացումն ու ինտեգրումը, ինքնագնահատականի բարձրացումն ու ինքնուրույնության խրախուսումը և այլն: Հոգեկան առողջության խնդիրների, մարտահրավերների, բուժման մեխանիզմների ու հասարակության իրազակմանն ուղղված հարցերի շուրջ զրուցեցինք «Ինթրա» կենտրոնի գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի հետ:
 
–  Մեր ունեցած տվյալներով՝ այսօր երկրի վրա շուրջ 500 մլն մարդ տառապում է հոգեբանական ամենատարբեր խնդիրներից` սկսած դեպրեսիայից մինչև շիզոֆրենիա, էպիլեպսիա, մտավոր հետամնացություն: Ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում:


–  Մեզանում վիճակագրությունն այս իմաստով խիստ սահմանափակ է ու կողմնորոշվելու հնարավորություն չի տալիս, քանի որ մեզ մոտ գրանցվում են միայն ծանր հոգեբուժական դեպքերը: Նախարարության զեկույցներում հոգեկան խնդիրները չեն հատում 1-1,5 տոկոսի սահմանը, մինչդեռ ողջ աշխարհում կա մի օրինաչափություն` մեկ տարվա կտրվածքով յուրաքանչյուր 20 մարդուց առնվազն մեկն ունենում է որևէ հոգեբանական բարդություն: Այսինքն` այն, որ նախարարության տրամադրած թիվը չափազանց փոքր է, չի նշանակում, թե Հայաստանում խնդիրն այդքան մեղմ է դրված, այլ խոսում է այն մասին, որ մեզանում չկան համապատասխան կառույցներ: Օրինակ` նյարդաբանները հաճախ ստանձնում են նաև հոգեբանի ֆունկցիան, քանի որ հոգեբանական ծառայությունների ցանցը շատ նեղ է:


–  Եթե անգամ լինեն կառույցներ, կա նաև այլ խնդիր. մեր հասարակությունում  ընդունված չէ դիմել հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների: Ի՞նչ  է արվում` բարձրացնելու հոգեբանական առողջության մասնագետների վարկը հասարակության մեջ:


–  Ցավոք, շատ ընդունված է, օրինակ, դեպրեսիան բուժել, այսպես ասած, տնային պայմաններում` խոսելով հարազատների, բարեկամների հետ: Երբեմն սա արդյունավետ է, բայց երբ խոսքը դեպրեսիայի կլինիկական դրսևորման մասին է, մարդը ի վիճակի չէ անգամ կառավարել սեփական տրամադրությունը, այս պարագայում անհրաժեշտ է մասնագետի միջամտություն. խնդիրը հենց սրանում է: Մեր հասարակության զգալի մասը համարում է, որ ատամը ցավելիս պետք է գնալ ատամնաբույժի, բայց հոգեկան խնդիրների դեպքում պետք է փորձել ինքնաբուժությամբ զբաղվել: Սա մի անհասկանալի տենդենց է, որը, բարեբախտաբար, հետզհետե զիջում է իր դիրքերը: Խոսքը հատկապես նոր սերնդի մասին է, քանի որ երիտասարդությունը արդեն եկել է այն գիտակցությանը, որ հոգեբանին դիմելը բնավ էլ ամոթ չէ: Ինչ վերաբերում է` ինչպես բոլորի միջից հանել վախի մտակաղապարը, կարծում եմ, հասարակությանը պետք է փոխանցել հետևյալ մեսիջը. դիմել հոգեբանի` հետագայում հոգեբույժի կարիք չունենալու:


–  Հոգեբանական ո՞ր խնդիրներն են առավել բնորոշ մեր երկրին:


–  Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կան միևնույն հոգեկան խնդիրները, բայց, անշուշտ, կան նաև առանձնահատկություններ: Օրինակ` Հայաստանում, մյուս երկրների հետ համեմատած, բավական մեծ է կպչուն-սևեռուն մտքերի  խանգարումների տոկոսը: Նման խանգարումները որևէ մտքի վրա կենտրոնանալու մեջ են դրսևորվում, այսինքն՝ երբ մարդը շարունակ մտածում է միևնույն բանի մասին, անընդհատ նույն հաշվարկն է անում, կարող է հազար անգամ հաշվել շենքի հարկերը և այլն։ Ողջ խնդիրն այն է, որ կպչուն-սևեռուն խանգարումները տրամաբանված չեն։ Անհասկանալի է նաև, թե ինչու է դրանց տոկոսը բարձր հատկապես Հայաստանում: Սա հարց է, որի պատասխանը դեռևս չունի ոչ-ոք:


–  Կապված սեռի հետ, կա՞ն արդյոք տարբերություններ: Կանա՞յք, թե՞տղամարդիկ  են առավել հակված հոգեկան խաթարումների։

 

–  Առհասարակ, եթե նայենք վիճակագրությանը, ակնհայտ կդառնա մի բան` կանայք 2-3 անգամ ավելի շատ են դիմում հոգեբանական ծառայությունների, քան տղամարդիկ։ Սա չի նշանակում, թե տղամարդիկ իրոք 2-3 անգամ ավելի քիչ հոգեկան խնդիրներ ունեն, քան կանայք: Սա պարզապես նշանակում է, որ առկա է նաև մեկ այլ  խնդիր՝ կապված տղամարդկանց վարանելու հետ, քանի որ նրանք հաճախ` ուղղակի վախենում են խոստովանել, որ իրական խնդիր ունեն: Սեռերի հետ կապված կա նաև մեկ այլ տարբերություն: Ապացուցված է, որ վաղ տարիքում տղա երեխաները ավելի խոցելի են հոգեկան խնդիրների տեսանկյունից, քան աղջիկները: Խոսքը հատկապես աղետներ վերապրած լինելու մասին է, օրինակ՝ երկրաշարժ, ուժեղ սթրես։ Պատերազմ տեսած տղա երեխաների մոտ հոգեկան տրավմա ստանալու հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է, քան աղջիկների:


–  Ընդունված է համարել, որ հոգեկան բարդությունների մեծ մասն արդյունք են սոցիալական ծանր պայմանների: Կարո՞ղ ենք ասել, որ այս դեպքում իրոք կեցությունն է որոշում գիտակցությունը:


Ես այդպես չեմ կարծում: Եթե իբրև հոգեկան խնդիրների հիմնական չափորոշիչ ընդունենք ինքնասպանությունների թիվը, ապա կտեսնենք, որ դրանց առավել մեծ տոկոս է գրանցված այնպիսի երկրներում, որոնցում սոցիալական ծանր պայմանների մասին խոսելն իսկ ավելորդ է: Այդ երկրներից են, օրինակ, Շվեդիան, Մերձբալթյան երկրները, Նորվեգիան: Նույն կերպ կարող եմ ասել, որ ո'չ սոցիալական կարգավիճակը, ո'չ հասարակական դիրքը, ո'չ տարիքը, ո'չ սեռը չեն կարող ազդել հոգեկան խնդիրների վրա:


–  Իսկ այդ տեսանկյունից ո՞րն է հոգեկան խնդիրների  խոցելի խումբը:


–  Ամեն ինչ անհատական է: Խոցելի են այն մարդիկ, ովքեր գուցե մանուկ հասակում ենթարկվել են բռնության, խոցելի են ծերերը, քանի որ տարիքային և կենսաբանական փոփոխությունների հետ մեկտեղ փոփոխվում է նաև հոգեկան աշխարհը, խոցելի են երեխաները` հատկապես անցումային տարիքում և այլն:


–  Ինչպե՞ս է անդրադառնում պատմական անցյալը մեր հոգեբանության վրա այսօր:


–  Այո, ցեղասպանությունը մինչ օրս դաջված է մեր գիտակցության մեջ ու փոխանցվում է սերնդե-սերունդ, սա է պատճառը, որ հայերը, ավելի քան այլ ազգերը, հակված են սթրեսային իրավիճակները առավել ծանր ընդունելու և տրավմա ապրելու: Սա է պատճառը, որ մեզանում կորուստը «սրբացվում է» ու դառնում «պաշտամունքի առարկա»: Ասածիս վառ ապացույցն է այն, որ շատ քիչ հանդիպող երկրներից է Հայաստանը, որտեղ դեռևս մշակութային տարրերում կարելի է հանդիպել թաղման`այդչափ «ճոխացված» արարողությունների: Այսինքն՝մեզանում վշտի վերապրումը հաճախ անցնում է թույլատրելիի սահմանը ու վերածվում գռեհկության:


–  Սոցիոլագիական մի փորձի ժամանակ, երբ փոքր երեխաներին ցույց էին տվել տեսարան, թե ինչպես են մեծահասակները տիկնիկներ ջարդում, երեխաների զգալի մեծամասնությունը` հետո, տիկնիկների հետ  մնալով առանձին սենյակում, կրկնել էր վարքագիծը: Այս տեսանկյունից ինչպե՞ս կբնորոշեք մերօրյա լրատվամիջոցները, դրանք կարո՞ղ են ներկայիս վիճակում ագրեսիայի խթան լինել:


–  Գիտե՞ք` վերջերս մենք մի բուկլետ հրատարակեցինք և անվճար բաժանեցինք բոլոր ԶԼՄ-ներին: Համաշխարհային առողջապահական կազմակերպության հրատարակած անգլերեն նյութերից մեկի հայերեն թարգմանության մասին է խոսքը: Այդ թարգմանությունն արվեց միայն մեկ պատճառով` ցույց տալու ԶԼՄ-ներին, թե ինչպես պետք է լուսաբանել, օրինակ, ինքնասպանությունները, քանի որ այսօր մենք ցավոք ունենք հեռուստատեսություն ու մամուլ, որից մեզ են նայում հարյուրավոր ինքնասպանված մարդիկ, այդ լրատվամիջոցների աշխատողները դրանով լուծում են իրենց դիտելիության խնդիրը` չմտածելով, որ, երբ լուրերի երեկոյան թողարկման առաջին լուրն այն մասին է, թե ինչ-որ մեկը նետել է իրեն կամրջից կամ այլ մի նման բան, իրենք պրոպագանդում են ինքնասպանությունը: Քիչ չէ հավանականությունը, որ մեկը, ով լուրերը դիտելու պահին ծանր սթրեսային վիճակում է, կմտածի, թե առաջարկված տարբերակը ելք է։ ԶԼՄ-ն, ստացվում է, առանց բուն միտման, թեկուզ փոքրաթիվ մարդկանց, կդրդի ինքնասպանության:


–  Առհասարակ պե՞տք է ինչ-որ կերպ լուսաբանել նման խնդիրները:


–  Գուցե, բայց հստակ է մի բան` պետք է չափազանց զգույշ լինել, որ վարքի որոշակի շաբլոններ չստեղծվեն անելանելի վիճակում գտնվող մարդկանց համար:


–  Կցանկանայի խոսել վերջին շրջանում մեզանում շատ հրատապ դարձած մանկական ագրեսիայի դրսևորումների մասին։


–  Ասեմ, որ ագրեսիան ի ծնե որակ է, որ  կա բոլոր մարդկանց մեջ: Պարզապես ագրեսիան լինում է դրական և բացասական: Դրական ագրեսիան մենք ուղղորդում ենք կյանքում: Հասարակ մի օրինակ ասեմ. եթե մենք ագրեսիվ չլինենք, ոչ մի կերպ չենք կարող բարձրանալ հասարակական տրանսպորտ, որը մեր իրականության մեջ միշտ լիքն է, բայց ցանկացողները շարունակում են նստել: Կա նույնիսկ մի տեսակետ, որ առանց ագրեսիայի հնարավոր չի լինի հասնել սեռական բավարարվածության: Սակայն ոմանց մոտ ագրեսիան ոչնչացնող երանգ է կրում և ուղղորդված է հենց վնասելու ինքն իրեն կամ դիմացինին: Պատահական չեմ համարում որոշ ժամանակ առաջ դպրոցահասակ աղջիկների` միմյանց ծեծի ենթարկելու դեպքերը, քանի որ դեռահասները հասարակության ներսում կատարվող պրոցեսների հայելին են: Ցավոք, մեր հասարակությունը այսօր «նյութապաշտ է»: Շատերը երբեմն չեն էլ մտածում, թե ինչ արժեքային համակարգ են ներարկում իրենց զավակների մեջ, մի՞թե ճիշտ է նրանց համար չափորոշիչ դարձնել թանկ հագուստը կամ հեռախոսը: Կարող ենք փաստել. քիչ չեն դեպքերը, երբ երեխային տրվում է նման նյութական արժեքային համակարգ, նոր սերնդի մոտ առաջանում է հակասություն, քանի որ մարդն իր տեսակով ունի հոգեւոր արժեքների կարիք: Հենց այս հակասությունն էլ առավել հաճախ դառնում է ագրեսիայի պատճառ: Ես հիշում եմ մի դեպք դպրոցում. երեխաները դրսևորել էին ագրեսիվ վարք, և առողջապահության նախարարությունից մեզ ուղարկել էին իրավիճակն ուսումնասիրլու: Այդ ժամանակ աշակերտներից մեկն ասաց, որ աթոռը նստելու համար չէ, այլ դրանով պետք է ինչ-որ մեկին խփել: Այսպիսի ագրեսիայի դեպքում առկա է տագնապի տարրը, իսկ որոշ դեպքերում երեխան ցուցաբերում է ագրեսիվություն` պարզապես ինքնապաշտպանությունից ելնելով:


–  Դպրոցահասակ աղջիկների` իրենց հասակակիցներին ծեծի ենթարկելու դեպքից հետո Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ չեք կարող ախտորոշել վարքագիծը, քանի դեռ պատճառները չգիտեք, իսկ պատճառների հստակեցման և ախտորոշման դեպքում Հայաստանում լիարժեք բուժում հնարավո՞ր է:


–  Գոնե ես ճանաչում եմ մի քանի հայ մասնագետների, ովքեր հոգեկան խնդիրների բուժումը Հայաստանում իրականացնում են այն մեխանիզմներով, դեղերով ու խորհրդատվությամբ, որ գործում են ողջ քաղաքակիրթ աշխարհում: Բայց, քանի որ լրատվամիջոցներին սենսացիան է հետաքրքրում, մեր ԶԼՄ-ների տված տեղեկատվության մեջ դրական տեղաշարժերի մասին լուրերի չեք հանդիպի, միայն այն մասին, թե ինչ-որ հոգեկան շեղում ունեցող մարդ ապրում է վատ պայմաններում, չի բուժվում, ագրեսիվ է և այլն: Դա հասարակության մեջ ստեղծում է կեղծ կարծիք ոլորտի մասին:


–  Ձեր կենտրոնը ի՞նչ գործնական քայլերի է դիմում մարդկանց հոգեկան առողջությունը բարելավելու համար: Խոսքը արտաբուժական միջոցառումների մասին է:


–  Օրինակ, անցած տարի մենք մի մամլո ասուլիս տվեցինք ու հայտարարեցինք լրագրողական նյութերի մրցույթ` հոգեկան առողջության թեմաներով: Առաջարկեցինք բավական բարձր մրցանակ, բայց մեզ դիմեցին մոտ տասը լրագրողներ, որոնցից և որևէ մեկի նյութը, մեղմ ասած, լավը չէր, և ուղղակիորեն ոչ մեկը չանցավ ժյուրիի կազմած գնահատման աղյուսակի համապատասխան շեմը, ինչը ցավալի էր, բայց` փաստ:


–  Ի՞նչ պետական ծրագրեր կան ոլորտում, պետությունը ինչքանո՞վ է շահագրգռված հոգեկան առողջության հարցում:


–  Պետական է միայն հոգեբուժական ծառայությունների սպեկտրը, որի միջոցները ծախսվում են ստացիոնար բուժում ստացող հիվանդների վրա, մինչդեռ մենք համարում ենք, որ հոգեկան խնդիրները չպետք է բուժվեն միայն հիվանդանոցային պայմաններում, քանի որ հասարակություն վերադառնալուց հետո մարդը կարող է և «հետ չգալ». իրեն հոգեբանական օգնություն է պետք նաև դրսում` վերջնական ոտքի կանգնելու համար: Սա է պատճառը, որ, օրինակ, մեր կենտրոնը մենք պատկերավոր անվանում ենք կամուրջ, այսինքն՝ այստեղ մարդը բուժվում է, որից հետո մենք օգնում ենք նրան անցնել հասարակության միջով, ինտեգրվել և նոր միայն ապրել լիարժեք` բոլորիս նման:


–  Հայ հասարակությունում  ընտանիքը փակ համակարգ է: Ի՞նչ անել, երբ ընտանիքի ներսում կա հոգեբանական խնդիր, բայց անդամները չեն ուզում դա խոստովանել ու դիմել հոգեբանի օգնությանը:


–  Այստեղ աշխատելու մի քանի շերտ կա: Առաջին շերտում պետք է փորձել աշխատել ծնողների հետ: Բուհերում մեզ սովորեցնում են դառնալ լավ հոգեբան, լավ լրագրող, բայց չեն սովորեցնում լավ ծնող դառնալ: Այսինքն՝ առաջինը ծնողավարությունն է, ինչի ուղղությամբ պետք է աշխատել: Երկրորդ շերտում պետք է աշխատել ողջ հասարակության հետ`  ստեղծելով հոգեբանի ճիշտ կերպար, որպեսզի բոլորը հասկանան, որ իրենք երբեք ապահովագրված չեն հոգեկան անառողջությունից ճիշտ այնպես, ինչպես ապահովագրված չեն, ասենք, սրտային հիվանդություններից:

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը
«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը

Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...

Կանխատեսումներ
Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին
Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին

«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ  այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը...

Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)
Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)

Գյուտերի հեղինակներ դարձած երեխաները հունվարի 17-ին ամբողջ աշխարհում հատուկ ուշադրության են արժանանում. այսօր նշվում է Մանկական գյուտերի օրը...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան

Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ...

Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան
Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան

Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ...

«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը
«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ...

Բժիշկներ
ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները
ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները

Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է  վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության...

Հոգեկան առողջություն
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ

­–   Պա­րոն Ամի­րյան, որ­պես հո­գե­բան, ի՞նչ  եք կար­ծում` ի՞նչ հո­գե­վի­ճա­կով ու ակն­կա­լի­քով է հի­վան­դը մտ­նում բժշ­կի սե­նյակ:


­–  Հի­վան­դի ակն­կա­լի­քը ստան­դարտ է. բժիշ­կը լի­նի իրա­վա­սու, փոր­ձա­ռու մաս­նա­գետ, զգա­յուն, հո­գա­տար և ու­շա­դիր` իր ան­ձի...

Հոգեկան առողջություն
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին

Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում:  Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը

Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ:  Ողջ աշխարհում, այդ թվում՝  Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական...

Բժիշկներ
Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)
Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)

Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas)...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ