Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայ բժիշկերի կյանքից

ԵՊԲՀ. Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով

ԵՊԲՀ. Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով

Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը: Նրա լուսանկարների հարուստ արխիվում առանձնանում է մի նկար. 19-ամյա ուսանողուհին պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի հետ կենսաքիմիական փորձերից մեկի ժամանակ: Սև ու սպիտակ լուսանկարն արդեն ավելի քան կեսդարյա պատմություն ունի: Հիշողություններ, մասնագիտական երկարամյա ճանապարհ, հանդիպումներ, որոնց մասին ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի շրջանակում պատմել է Կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Լիլիա Չիլինգարյանը:

Մանկության տարիներին ամռան արձակուրդներն անցել են Թիֆլիսում


Մանկության տարիների մեծ մասն անցել է Թիֆլիսում: Ընդամենը երկու օրական էր, երբ կորցրել է հորը, որին երբեք չի տեսել: Հայրը՝ Արտաշես Չիլինգարյանը, մահացել է 22 տարեկանում, սակայն շատ երիտասարդ տարիքից էլ աչքի է ընկել բազմակողմանի զարգացվածությամբ: Նա ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը՝ հայկական ազգային օպերայի հիմնադիր, երգահան Արմեն Տիգրանյանի դասարանում: Սովորել է Մոսկվայի Մենդելեևի անվան քիմիկատեխնոլոգիական ինստիտուտում և միաժամանակ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետում: Լիլիա Չիլինգարյանի ծնողները ծանոթացել են Դիլիջանում: Նրա մայրը՝ վիրաբույժ Մելիտա Բաղդասարյանը, գործուղվել էր Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարան: Երջանիկ ամուսնությունը տևում է ընդամենը մեկ տարի, որից հետո զույգը ծանր հիվանդանում է սուր վիրուսային ինֆեկցիայով և յուրաքանչյուրը ստիպված է լինում մեկնել իր ծննդավայր: Լիլիա Չիլինգարյանը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 12-ին, նրա հայրը մահացել է երկու օր անց՝ դեկտեմբերի 14-ին: Հոր մահից ընդամենը կես ժամ անց է միայն Երևանից Թիֆլիս Լիլիայի ծնվելու մասին հեռագիրը ուշացած հասնում Չիլինգարյանների ընտանիքին: Մանկության երջանիկ տարիներն անցել են Վրաստանի մայրաքաղաքում, ուր ամեն ամառ Լիլիան ժամանում էր սիրելի տատիկի, պապիկի, հորաքույրների մոտ, վայելում նրանց ջերմ ընդունելությունը: Հոր մահվան մասին իմացել է 13 տարեկանում, բակում երեխաների հետ խաղի ժամանակ իր հասակակից բարեկամուհիներից մեկը ոչ միտումնավոր հայտնում այդ բոթը: Այդ օրը նա կյանքի առաջին հարվածն է ստանում:

Բժշկության հանդեպ հետաքրքրությունը ձևավորվել է մանկուց՝ վիրաբույժ մայրիկի շնորհիվ


Լիլիա Չիլինգարյանի կյանքում ամենակարևոր մարդկանցից մեկը նրա մայրն էր՝ անվանի վիրաբույժ Մելիտա Պետրոսի Բաղդասարյանը: Վիրաբույժին, այն էլ կին վիրաբույժին հարիր խստության հետ մեկտեղ նաև, ինչպես դուստրն է բնորոշում, բյուրեղյա մաքրության, մեծահոգի ու շատ բարի մարդ էր: Երևանի պետական բժշկական ինստիտուտի շրջանավարտը Դիլիջանում երկու տարի աշխատելուց հետո տարբեր տարիների ընթացքում մասնագիտական գործունեություն է իրականացրել մայրաքաղաքի առաջատար բժշկական հաստատություններում: Մասնագիտական ուղին սկսել է Հայաստանում օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիր, անվանի բժիշկ Քրիստոֆոր Հայրապետի Պետրոսյանի ղեկավարությամբ, այնուհետև գործունեությունը շարունակել Ռուբեն Լազարի Պարոնյանի ղեկավարությամբ այն ժամանակվա 3-րդ հիվանդանոցի անհետաձգելի վիրաբուժության բաժանմունքում, որի լուծարումից հետո սկսել է աշխատել Իվան Քրիստոֆորի Գևորգյանի ղեկավարությամբ, 2-րդ բուժմիավորման հոսպիտալային վիրաբուժության բաժանմունքում: Կատարել է տարբեր բարդության վիրահատություններ, փրկել բազմաթիվ կյանքեր: Նա 12 տարի եղել է վիրաբույժ ուժային կառույցում՝ վայենկոմատում:


Բժշկական ինստիտուտի շատ ուսանողներ, ովքեր վաղուց կայացած մասնագետներ են, սուբորդինատուրա են անցել կլինիկաներում հենց Մելիտա Բաղդասարյանի ղեկավարությամբ: Այդ վիրաբույժներից են Պավել Անանիկյանը, Վիկտոր Ապոյանը, Հարություն Մինասյանը, Իլյա Հովսեփյանը և շատ ուրիշներ: Նրա պես լայն գիտելիքների տեր մասնագետը, անշուշտ, կարող էր զբաղվել նաև գիտությամբ, սակայն ժամանակի սղությունն ու օրեր շարունակ ձգվող հերթապահությունները նրան թույլ չտվեցին ընտրել նաև գիտնական դառնալու ուղին, թեպետ փորձեր այս ուղղությամբ արվել էին: Դեռ դպրոցական տարիքում Լիլիան փորձում էր օգնել մայրիկին թեկնածուական թեզը պաշտպանելու հարցում: Հինգերորդ դասարանից տիրապետում էր լատիներենին, օգնում էր մայրիկին հավաքագրել անհրաժեշտ նյութը:


Հիվանդների բուժման, կատարվող վիրահատական միջամտությունների և հետվիրահատական ընթացքի, մասնագիտական տերմինաբանության մասին Լիլիա Չիլինգարյանը միայն լսելով չէ, որ գիտեր մանուկ հասակից: Փոքր տարիքից մայրիկի հետ հաճախ է բառի բուն իմաստով ապրել հիվանդանոցային միջավայրում, հատկապես տատիկի մահից հետո, երբ մայրիկի հետ գնում էր հերթապահությունների: Սերտ առնչությունը բժշկական միջավայրին նրա մոտ մանկուց ձևավորել էին կլինիկական մտածելակերպ: Մայրիկի մասին խոսելիս Լիլիա Չիլինգարյանը մտաբերում է մի դրվագ. քայքայված կույրաղիքով մի հիվանդի կյանքը փրկելու համար մայրը չորս օր իրար հետևից հերթապահել է և տուն չի եկել: Նախկինում վերակենդանացման բաժանմունքներ չկային և հիվանդի նաև հետվիրահատական ընթացքի պատասխանատուն վիրահատող բժիշկն էր: Պարզվում է՝ պացիենտն այդ ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի բարեկամն է, ով երեկոյան հաստ ծրարը ձեռքին գալիս է իր բարեկամի կյանքը փրկած բժշկին շնորհակալություն հայտնելու: Բայց խստաբարո բժշկուհին նաև անկաշառ էր, ծրարի պարունակությունը Աբովյան փողոցում գտնվող իր տան պատշգամբից, առանց վայրկյան իսկ վարանելու, նետում է ցած: Մելիտա Բաղդասարյանի կոչումը բժիշկ լինելն էր, պատահական չէ, որ արձակագիր, բանաստեղծ Խաչիկ Հրաչյանը բժշկի կերպարը հանգամանալից ներկայացրել է 1964 թվականին իր հեղինակած «Բժիշկը, հիվանդը և մյուսները...» ստեղծագործության մեջ, ինչը տպագրվելուց հետո է միայն ներկայացրել գլխավոր հերոսուհու դատին: Իսկ Մելիտա Բաղդասարյանի գործունեությանն առիթ է ունեցել հետևել հենց հիվանդանոցում, երբ կոտրվածքով պառկած էր նույն պալատում նույն պացիենտի հետ, ում կյանքը փրկել էր տիկին Մելիտան:


Լիլիա Չիլինգարյանի ընտանիքում այս կերպ չի ավարտվում բժշկական գիծը: Նրա հարազատ մորաքրոջ՝ Ելիզավետա Պետրոսի Աֆրիկյանի հետ է կապված նաև Երևանում 1-ին քաղաքային մանկական հիվանդանոցի հիմնադրումը:


Լիլյա Չիլինգարյանը մեծ երախտագիտությամբ ու խոնարհումով է հիշում իր բոլոր ուսուցիչներին՝ սկսած դպրոցից , ավարտած համալսարանով: Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Մանուկ հասակից աչքի է ընկել ոչ միայն բարձր առաջադիմությամբ, այլև երաժշտական տվյալներով: Քչերը գիտեն, որ ընդամենը մեկ ու կես տարվա երաժշտական կրթություն ունեցող մարդը կարողանում է վարպետությամբ նվագել անգամ դասականների ստեղծագործությունները, օրինակ՝ Շոպեն: Առհասարակ, թե՛ երիտասարդական տարատեսակ խնջույքներին, թե՛ ավելի հասուն տարիքում նա իր նվագելու և միաժամանակ երգելու կարողության շնորհիվ հայտնվում էր ամենատարբեր հավաքների կենտրոնում: Երիտասարդ տարիքից վստահ էր, որ իր ապագա ընտրյալը երաժիշտ է լինելու, բայց դրա մասին ավելի մանրամասն կանդրադառնանք:


Ֆիզիկայի և մաթեմատիկայի խորը իմացությամբ պայմանավորված, բազմակողմանի զարագացած աշակերտուհին որոշում է մասնագիտանալ ֆիզիկամաթեմատիկական ուղղությամբ, սակայն Մոսկվայում համալսարան ընդունվելու հեռանկարը, ինչպես նաև մայրիկի և նրա բժիշկ ընկերուհու՝ Եվգեյա Բայրամյանի օրինակը, ստիպում են մտածել բժշկական ինստիտուտ ընդունվելու մասին: Իսկ հետագայում, թե՛ արդեն կենսաքիմիան որպես մասնագիտացում ընտրելիս, թե՛ ուսանողների հետ աշխատանքում, նա չի մոռանում քիմիայի իր ուսուցչուհուն՝ Վալենտինա Բառանովային, ում թե´ դասավանդման հմտությունները, թե´ մեթոդաբանություն, թե´ գիտելիքներն անփոխարինելի են առ այսօր:

Կենսագրական տվյալներ


Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանը 1958թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8-րդ դպրոցը: 1958-1964թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1964-1968թթ. ԵՊԲԻ-ի կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտ էր: 1975թ. գերազանցությամբ ավարտել է ՍՍՀՄ մինիստրների խորհրդին կից պետական պատենտաբանության և հայտնագործությունների ղեկավար, ինժեներա-տեխնիկական, գիտական աշխատողների որակավորման բարձրագույն կուրսերը:


1968-1972թթ. ԵՊԲԻ-ի կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ էր: 1973-1975թթ. եղել է ԵՊԲԻ-ի կենտրոնական մեթոդական հանձնաժողովի պատասխանատու-քարտուղար, 1973-1975թթ. ԵՊԲԻ-ի ֆիզիկո-քիմիական առարկաների մեթոդական հանձնաժողովի քարտուղար, 1972-1982թթ. ամբիոնին կից «Նյութափոխանակության պաթոքիմիայի» գիտահետազոտական լաբորատորիա (ԳԼ), կրտսեր գիտաշխատող, 1973-1984թթ. ԵՊԲԻ-ի կենսաքիմիայի ամբիոնի պրոֆմիության ղեկավար, 1982-1983թթ. ԵՊԲԻ-ի կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ, 1983-1987թթ. ԵՊԲԻ-ի «Նյութափոխանակության պաթոքիմիայի» գիտահետազոտական լաբորատորիա, կրտսեր գիտաշխատող: 1987-1994թթ. նույն ամբիոնի ասիստենտ, 1990թ. ԵՊԲԻ-ի ընդունելության քննությունների քննական հանձնաժողովի անդամ: 1995-2009թթ. ԵՊԲՀ- կենսաքիմիայի ամբիոնի պատասխանատուն էր Դեղագիտական ֆակուլտետի ուսանողների ուսուցման պրոցեսի համար, միաժամանակ 2000-2005թթ. առաջին անգամ ընդունված անգլախոս ուսանողների ուսուցման պրոցեսի համար ԵՊԲՀ-ի կենսաքիմիայի ամբիոնի պատասխանատուն: 1994-2009թթ. նույն ամբիոնի դոցենտ, 2002-2006թթ. բուժական ֆակուլտետի պետական ավարտական քննական հանձնաժողովների անդամ էր՝ թերապիա մասնագիտությամբ: 2002թ. գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի (AUA) հատուկ դասընթացների V փուլը:


2002-2008թթ. բուժական ֆակուլտետի գիտխորհրդի, իսկ 2006-2008թթ. դեղագիտական ֆակուլտետի պետական ավարտական քննական հանձնաժողովի, 2006-2009թթ. դեղագիտական ֆակուլտետի մեթոդական խորհրդի անդամ էր: ԱՊՀ-ի, ՀՀ-ի կենսաքիմիկոսների ասոցիացիաների, Ալցհեյմերի հիվանդության Ասոցիացիայի հայկական մասնաճյուղի, ինչպես նաև FEBS-ի անդամ (2008 թվականից) է: 2011թ.-ից մինչ օրս ԵՊԲՀ-ի կենսաքիմիայի ամբիոնի, իսկ 2009-ից. Ռուս-Հայկական (Սլավոնական համալսարանի) Մաթեմատիկայի և բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ է:

Բիոքիմիան կյանքի կենսունակության քիմիան է


Խոսելով Երևանի պետական բժշկական ինստիտուտ ընդունվելու մասին, Լիլիա Չիլինգարյանն անուն առ անուն հիշում է իր բոլոր դասախոսներին, մարդկանց, ովքեր իր և շատ ու շատ հասակակիցների մասնագիտական կայացման գործում մեծ դեր են խաղացել: Կենսաքիմիկոս դառնալու գործում անուրանալի է Հրաչյա Բունիաթյանի, Գաբրիել Խաչատրյանի, Վահան Մխիթարյանի ազդեցությունը: Արսեն Սիմոնյան, Սիմոն Միրզոյան, Սեդրակ Շարիմանյան, Դմիտրի Դանիելբեկ, Բագրատ Սայադյան, Պերճ Վարդապետյան, Վահան Հովհաննիսյան, Ջուլիետա Ահարոնովա, Իլյա Ազիզյան և շատ այլ խոշոր գիտնականներ տարբեր կուրսերում սովորելու տարիներին հարուստ գիտելիքներ են փոխանցել Լիլիա Չիլինգարյանին ու շատ այլ այսօր վաղուց կայացած մասնագետեների: ԵՊԲՀ երկարամյա դասախոսի հիշողություններում այս մարդիկ անջնջելի հետք են թողել:
Նրանց տված գիտելիքները հիմնարար հետք են թողել, սեր են սերմանել դեպի կլինիկական մասնագիտությունները:
Առ այսօր, կես դար անց էլ հմուտ մանկավարժը մեջբերումներ է անում սիրելի ուսուցիչների դասախոսություններից: Բժշկական ինստիտուտում սովորելու սկզբից էլ Լիլիա Չիլինգարյանն աչքի է ընկել իր գիտելիքներով: Թե՛ քննությունների ժամանակ, թե՛ առօրյա դասերի ընթացքում կարկառուն ներկայացուցիչներից բազմաթիվ գովեստի խոսեր լսելու առիթներ ունեցել է: «Ես գլուխ եմ խոնարհում իմ շատ ուսուցիչների առաջ: Հայաստանում կենսաքիմիական գիտության հիմնադիրի՝ Հրաչյա Բունիաթյանի դասախոսությունները, կարծես երաժշտություն լինեին, լսում էի մեծագույն հաճույքով»,-պատմում է Լիլիա Չիլինգարյանը: Եթե չընտրեր տեսաբանի մասնագիտությունը, ինչը, սակայն, նաև իր ուսուցիչներն էին իր համար կանխորոշել, ապա խոստովանում է, որ կարող էր լավ պրակտիկ բժիշկ դառնալ: Սակայն ցածր կուրսերից կեսաքիմիական փորձեր անելու հմտությունն ու մեծ պատրաստվածությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի իր դասախոսներն իրեն տեսաբան դառնալու ուղուց չշեղեն: Ժպիտով է փաստում, որ ուսանողական տարիներին մասնակցել է 60 ծննդաբերության, անգամ դիահերձումների գնալիս է սովորել որևէ նոր բան իմանալու պատրատակամություն դրսևորել: Ուսումնառության ամբողջ տարիներին փայլել է գերազանց առաջադիմությամբ: Ավելի բարձր կուրսերում ներգրավելով Կենսաքիմիայի ամբիոնում գործող ուսանողական գիտական խմբակի աշխատանքներին, նրա համահեղինակությամբ աշխատանքն արժանացել է Աբգար Իսահակյանի անվան մրցանակի՝ որպես լավագույն գիտական աշխատանք: Այս աշխատանքը շարունակական էր, 1964թ. լավագույն ուսանողական աշխատանքի համար արժանացել է ՀՍՍՀ-ի նախարարների խորհրդին կից Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական կոմիտեի պատվոգրի:
Առհասարակ, Աբգար անունը նրա կյանքում ճակատագրական նշանակություն ունեցավ: Ասպիրանտուրայում սովորելու տարիներին է հանդիպում ապագա ամուսնուն՝ անվանի երաժիշտ Աբգար Մուրադյանին: Հինգ տարի տևած գեղեցիկ հարաբերությունները, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, վերջ ի վերջո պսակվում են ամուսնությամբ: Լիլիա Չիլինգարյանը կիսատ է թողնում ուսումը ասպիրանտուրայում հանուն ընտանիքի: ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանն իր գործունեությունը կատարողական և կրթական ասպարեզներում նվիրել է կլառնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը մեր երկրում: Երաժիշտն իր արվեստով ոլորտում կարողացավ ձևավորել բարձր մակարդակ, եվրոպական մշակույթին հարիր ազնիվ մտածողություն, վարպետության բարձրագույն որակ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային նվագարանների նախկին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի անունն է կրում նաև մի քանի տարի առաջ ստեղծված դուետը, որը Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ բազմիցս հանդես է եկել համերգներով: Անվանի երաժիշտի մահից հետո, 2011 թվականին Մուրադյանների ընտանիքի նախաձեռնությամբ նկարահանվեց նրա հիշատակին նվիրված «Արծաթե հնչյուններ» ֆիլմը: Լիլիա Չիլինգարյանն անսահման սիրով ու ջերմությամբ է խոսում ամուսնու մասին, նաև նշում, որ սեփական մասնագիտական կայացումից առավել կարևոր է եղել իր համար ամուսնու մասնագիտական հաջողությունները, որոնցով բազմաթիվ առիթներ է ունեցել հպարտանալու:


Նրանց երկու երեխաներն էլ կայացած մասնագետներ են: Դուստրը՝ Գայանե Մուրադյանը, ֆլեյտահար է, պրոֆեսոր: Հոր մահից հետո նրան է վստահվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային նվագարանների ամբիոնի ղեկավարումը: Տղան՝ Արմեն Մուրադյանը, ուրոլոգ է, առողջապահության կազմակերպիչ: Պրոֆեսորը շարունակում է ընտանիքի բժշկական գիծը: 2016 թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնը: Աբգար Մուրադյանը և Լիլիա Չիլինգարյանն ունեն 6 թոռ, նրանցից միայն մեկը՝ Յուրի Զոհրաբյանն է առաջիկայում պատրաստվում բժիշկ դառնալ:

ԵՊԲՀ երկարամյա աշխատակիցը չի պատկերացնում կյանքն առանց ուսանողների


Լիլիա Չիլինգարյանը շուրջ 60 գիտական աշխատանքի՝ մենագրության, գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է: Մասնագիտական երկարամյա գործունեության ընթացքում որակավորման բարձրացման նպատակով մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման կուրսերի: Հետադարձ հայացք նետելով և անդրադառնալով անցած ուղուն, խոստովանում է, որ այն բնավ հարթ չի եղել: Առաջին թեզի պաշտպանության մասին խոսելիս, պատմում է նաև գիտական աստիճան ստանալու գործում հանդիպած բազմաթիվ դժվարությունների մասին: Տարիներ առաջ ընտրված էր բոլորովին այլ մասնագիտական թեմա, որի պաշտպանությանը խանգարել են բազմաթիվ հանգամանքներ ու իրավիճակներ, որոնք հիմա արդեն ոչ շատ հաճելի հիշողություն են: Չնայած տարաբնույթ խոչընդոտներին նա կարողացել է մասնագիտական բովանդակալից ճանապարհ անցնել:


ԵՊԲՀ-ի ղեկավարության կողմից արժանացել է մի շարք շնորհակալագրերի: Նրան շնորհվել է ԵՊԲՀ-ի ոսկե մեդալներ համալսարանի 70- ամյակի և 90-ամյակի առթիվ: 1993թ. ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի պաշտպանական Գիտական խորհրդում «Կենսաքիմիայի զարգացման հիմնական ուղիները Հայաստանում. հայկական կենսաքիմիական դպրոցներ» կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման կապակցությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, որի վրա երկար էր աշխատել: Նա մեծ ոգևորությամբ է հիշում այս լայնածավալ աշխատանքը, քանի որ բոլոր նյութերը փնտրելիս և համադրելիս ուսումնասիրել է տարբեր աշխարհամասերի փորձը, ինչպես նաև առիթ է ունեցել Հայաստանում կենսաքիմիական գիտության հիմնադիր Հրաչյա Բունիաթյանի տիկնոջ հատուկ թույլտվությամբ ծանոթանալ մեծանուն գիտնականի անձնական արխիվում պահվող կարևոր աղբյուրներին, անհրաժեշտ նամակագրությանը: Խոսելով այս թեզի մասին, նա առանձնակի ընդգծում է նաև հայ ականավոր կենսաքիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանի և նրա թողած գիտական ժառանգության մասին:
«Այս թեզը հիմնարար աշխատանք է, որի շնորհիվ ԽՍՀՄ փլուզումից հետո, ռուս խիստ ընդդիմախոսներին ես կարողացա ապացուցել, որ միայն Հայաստանում կա երկու նման լուրջ գիտական դպրոց, որոնցից մեկի՝ կենսաքիմիական գիտության հիմնադիրը Հրաչյա Բունիաթյանն էր, մյուսինը՝ նեյրոկենսաբանությանը Արմեն Գալոյանը»,- մանրամասնում է զրուցակիցս:


1993թ. ՍՍՀՄ-ի նախարարների խորհրդին կից ԲՈՀ-ի կողմից շնորհվել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1999թ. Ռուսատանի Բնագիտական գիտությունների ակադեմիայի կողմից Լիլիա Չիլինգարյանին շնորհվել է այդ ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում: 2002-2005թթ. եղել է ՀՀ-ի ԲՈՀ-ի կողմից ընդունված «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և կառավարում» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ (VAR):


2005թ. ԵՊԲՀ Գիտական խորհրդի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ կենսաբանություն մասնագիտությամբ: Հմուտ մասնագետը ղեկավարել է ուսանողների ավելի քան 80 գիտական ռեֆերատիվ աշխատանքներ, որոնք տպագրված են ուսանողական գիտական աշխատանքների ժողովածուներում, իսկ 1-ը միջազգային ժողովածուի մեջ: Ղեկավարել է նաև ուսանողական թեմատիկ կոնֆերանսներ, ինչպես նաև ուսանողական օլիմպիադաներ: Նրա կողմից է կազմվել ուսանողների ուսուցման ու գիտելիքների ստուգման համար առաջին համակարգչային ծրագիրը, ինչպես նաև նա կազմել է անգլիախոս ուսանողների հարցումների ու քննական ավելի քան 1000 թեստ: Մասնակցել է մի քանի միջազգային կոնֆերանսների, այդ թվում Բելառուսում և Էստոնիայում: Իր մասնագիտական գործունեությանն անդրադառնալիս մեծ ոգևորությամբ է հիշում նաև իր հեղինակած «Ածխաջրերի կենսաքիմիա» մեթոդական ձեռնարկը, որն էականորեն բարելավել է թեմայի դասավանդումը:

 

«Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը»,- նկատում է գիտնականը:

Համալսարանի նվիրյալը կենսուրախ է, հումորի լավ զգացումով, որը նրան չի դավաճանել անգամ կյանքի ամենադժվարին իրավիճակներում: Ողջ կյանքը նվիրվել է բժիշկ-տեսաբանի աշխատանքին, և հետադարձ հայացք նետելով Լիլիա Չիլինգարյանը խոստովանում է, որ տարիներ առաջ այլ աշխատանքի անցելու գրավիչ առաջարկներ է ստացել: Դրանցից մեկն է մեջբերում. Զաքար Նարիմանյանը՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության նախկին մինիստրը , աշխատանքի է անցնում Պրոֆպաթոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում և այնտեղի բիոքիմիական լաբորատորիան ղեկավարելու համար աշխատանքի է հրավիրում Լիլիա Չիլինգարյանին: Նոր աշխատանքի առաջարկը գրավիչ էր և ավելի եկամտաբեր, սակայն երբ երեք օր է խնդրել մտածելու համար, բժշկական համալսարանի ամենաերկարամյա աշխատակիցը հասկացրել է, որ կա մի կարևոր բան առանց որի ապրել չի կարող: Իրեն ապրեցնում և մշտական էներգիայի աղբյուր է հանդիսանում շփումը, հաղորդակցությունն ուսանողների, ապագա բժիշկների հետ, որովհետև նրանց սովորեցնելիս նա նույնպես սովորում է, և այդպես արդեն ավելի քան 5 տասնամյակ:

Նախագծի հեղինակ ` ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ԼԻԼԻԱ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ անձնական արխիվից

Հ.Գ. Հարցազրույցն արվել է Լիլիա Չիլինգարյանի մահից ընդամենը մի քանի ամիս առաջ, սակայն ցավոք այն  հրապարակում ենք հետմահու։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ