Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ամանոր

Ամանոր

Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:

 

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն  ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում  նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:

 

Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:

 

Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:

 

Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:

 

Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:

 

Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:

 

Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:

 

Այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ: Առհասարակ որևէ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի հաջողությունը տնից անպակաս լինի: Վաղ առավոտյան նոր բերած ջուրը լցնում էին տան անկյունները` տան առատությունն ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես` մեծերը փոքրերին: Ամանորին տան դուռը երբեք չէր փակվում, լույսերը չէին մարում:

 

Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:

 

Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են  միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:

 

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ  հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:

 

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:

 

Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:

 

Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:

 

Տարվա առաջին օրը` լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում տան պատի այն հատվածին, ուր պիտի դիպչեր արևի առաջին շողը: Նա կարմիր շոր էր փռում տան շեմին, քանի որ տան շեմը համարվել է այն սահմանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Նաև մեղրով խաչ էին նկարում գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով: Տան շեմի ու դրսի պատերի հետ կապված բոլոր արարողությունները կապված են նոր տարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ:

 

Ջավախքում տանտիկինն ու հարսները տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք` ասում էին. «Դովլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն»: Ամանորի առաջին օրը սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով:

 

Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.

Տունը շեն լինի,

Բարաքյաթ լինի,

Միշտ ջոմարդ լինեք

Մեզ էլ միշտ հիշեք

Շնորհավոր նոր տարի:

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

 

Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով  պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:

 

Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:

 

Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:

 

Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում:

 

Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև-աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա:

 

Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգում: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակը շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:

Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ ձու, կարագ, կաթնեղեն չի օգտագործվում:

 

Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով:

 

Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող «հատկություններ»: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գիծ անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները:

 

Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր «Հացի հոր» կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ էր լինելու: Եթե լավ էր թխվում «եզան պտուկներ» կոչվող խմորը, տարին կաթնառատ կլիներ…

 

Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Վասիլ»: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա:

 

Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ տվյալ տղայի հետ: Ի պատասխան` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը: Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազաբները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին:

 

Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ տան կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում:

 

Ամանորյա սեղաններին կարևոր տեղ ունեին մրգերը: Նրանց մեջ առանձնահատուկ էին խնձորը, նուռը, խաղողը:

 

Հեղինակ. Վահան ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը
Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը

Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...

Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր
Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  (International Labour Organization, ILO, հայերեն՝ ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է  հայտարարել...

Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր
Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր

Ամեն տարի ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես Քիմիական վտանգից մարդու իրավունքների  պայքարի օր կամ Քիմիական անվտանգության օր...

1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը
1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը

Փամպերսները մարդկության օգտակար հայտնագործություններից են։ 1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են միանվագ օգտագործման տակաշորերը՝ «Փամպերս» առևտրային ապրանքանիշով...

Ապրիլի 27-ը՝ Անասնաբույժի միջազգային օր
Ապրիլի 27-ը՝  Անասնաբույժի միջազգային օր

Ապրիլի 27-ին իրենց տոնը նշում են ամենաբարի մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ անասնաբույժները: Բժիշկները, ովքեր բուժում են թռչուններին և կենդանիներին, իհարկե, չեն սպասում իրենց...

Ապրիլի 26-ը Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր
Ապրիլի 26-ը Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր

Ինտելեկտուալ սեփականությունը թանկ արժի։

Ամեն տարի ապրիլի 26-ը նշվում է որպես Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր (World Intellectual Property Day)...

Ապրիլի 25-ը` Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր
Ապրիլի 25-ը` Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր

Հիվանդացության դեպքերի 90%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի հարավային Սահարայի տարածաշրջանին:

Քանի դեռ հիվանդությունը կա, կլինի ոչ միայն վախ, այլև՝ հույս: Սեմուել Բատլեր...

1873 թ ապրիլի 24-ին ծնվել է շվեյցարացի հոգեբան, ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ Էդուարդ Կլապերեդը
1873 թ ապրիլի 24-ին  ծնվել է շվեյցարացի հոգեբան, ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ Էդուարդ Կլապերեդը

Էդուարդ Կլապերեդը ծնվել է 1873 թ. ապրիլի 24-ին Ժնևում: Բնական գիտություններ և բժշկություն ուսումնասիրելու հետ մեկտեղ նա իրեն նվիրել է հոգեբանությանը, որն ուսումնասիրել է Թեոդոր Ֆլերնոյի՝ իր հարազատ ազգակցի մոտ...

ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Ապրիլի 24-ը Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր
Ապրիլի 24-ը Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Էկոլոգիական տարեթվերի օրացույցում ապրիլի 24-ը նշվում է որպես Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, որը հաստատվել է կենդանիների վրա հիվանդագին փորձերի դեմ Միջազգային Ասոցիացիայի...

1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը
1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը

Այսօր գազավորված ջուրը հայտնի է ամբողջ աշխարհում։ 1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը: Այդ «հայտագործությամբ» աշխարհը պարտական է բրիտանացի քիմիկոս, աստվածաբան և փիլիսոփա Ժոզեֆ Պրիստլիի, ով...

Ապրիլի 23-ը Գրքերի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր
Ապրիլի 23-ը Գրքերի  և հեղինակային իրավունքի համաշխարհային օր

Գրքի շնորհիվ մենք առաջին հեևթին հնարավորություն ունենք ձեռք բերելու գիտելիքներ,  ստանալու գաղափարներ
Ապրիլի 23-ը՝ համաշխարհային գրականության խորհրդանշական տարեթիվը, առիթ է դարձել Գրքի և հեղինակային իրավունքի...

Ապրիլի 23-ը Հոգեբանի համաուկրաինական օր
Ապրիլի 23-ը Հոգեբանի համաուկրաինական օր

Ճանաչիր քեզ՝ եղիր երջանիկ...

Նախորդ հարյուրամյակի ականավոր հոգեբաններից Ժան Պիաժեն (Jean Piaget)  կանխատեսել է, որ XXI հարյուրամյակում հոգեբանությունը կդառնա առաջավոր գիտություններից մեկը: Ըստ էության նրա կանխատեսումը...

Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է
Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է

Այսօր մեր մեծ տան տոնն է,  այսօր ո՛չ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում...

1884 թ. ապրիլի 22-ին ծնվել է ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկը
1884 թ. ապրիլի 22-ին ծնվել է ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկը

Ռանկը փորձել է ստեղծել այլընտրանքային գիտական մոտեցում՝ հիմք ընդունելով մարդուն՝ մտքի գիտակից մեկնաբանին և գործողության նախաձեռնության ըմբռնողին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ